«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը եւ Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտը 10-հոգանոց արշավախմբով պեղումներ են կատարել Մեծամորում ու Զորաց քարերում, ինչի արդյունքում նոր տեղեկություններ են հայտնի դարձել: Այս մասին լրագրողներին նոյեմբերի 12-ին կայացած մամլո ասուլիսում հայտնեց ծառայության տնօրենի գիտական գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը: Ընդ որում, լեհական կողմն ակտիվ մասնակցել է հնագիտական պեղումներին, միջոցներ, որոշակի սարքավորումներ է տրամադրել, գոհ է կատարված աշխատանքներից եւ եկող տարի Հայաստան կժամանի ավելի մեծ կազմով:
Նշենք, որ 2006-ից հետո Մեծամորում պեղումներ չէին արվել, իսկ 2011-2012թթ. ՊՈԱԿ-ի ներկայացրած ծրագիրն ստացել է պետական աջակցություն, եւ սկսվել են պեղումները, որոնք իրականացվել են դամբարանադաշտում, միջնաբերդում ու քաղաքային թաղամասում: Պեղումների արդյունքներով պարզվել է, որ միջնաբերդի տարածքը գոյատեւել է մ.թ.ա. երրորդ հազարամյակից մինչեւ ուշ միջնադար: Դամբարանադաշտի դեռ չուսումնասիրված հատվածում գտել են նոր կառույցներ, որոնք կուսումնասիրվեն մյուս տարի: Իսկ քաղաքային թաղամասում չորս քառակուսիներում փոսորակներ են տեղադրվել, եւ 30-40 սմ խորության վրա արդեն հնագիտական շերտ է առկա եղել: Մոտ մ.թ.ա. 6-5-րդ դդ. հնագիտական շերտը հարթեցվել է, միջին եւ մանր քարերով հարթակ է ստեղծվել:
«Քառակուսիներից երկուսում հարթեցված քարերի հարթակից հետո բացվեցին մ.թ.ա. 1-ին հազարամյակի բնակարանների եւ կացարանների հետքեր: Դրանցից մեկի տանիքը հենց կառույցի ներսի հատվածում էր փլվել: Պեղումների ընթացքում հին կարասներ բացվեցին, որոնցից յուրաքանչյուրը մոտ 20-25 սմ ունեցող փոքր քարից պատրաստված բարձիկների վրա է տեղադրված, նաեւ զոհասեղանի մասեր են հայտնաբերվել, որոնք կամբողջացվեն։ Մինչեւ վերջերս պատկերացումն այնպիսին էր, որ էլիտան բնակվել է միջնաբերդում, բայց պեղումները ցույց տվեցին, որ քաղաքային թաղամասում կան ոչ ցածր կարգավիճակ ունեցող մարդկանց կացարաններ: Այսպիսով` մ.թ.ա. 2-1-րդ հազարամյակներում այս հատվածում արդեն ունեցել ենք քաղաքագոյացման գործընթաց»,-ասաց Ա. Փիլիպոսյանը:
Անդրադառնալով Զորաց քարերին՝ մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ հուշարձանը եզակի է, ուսումնասիրություններն այս տարի են սկսվել եւ շարունակվելու են հաջորդ տարի. «Ունենք կոնկրետ փաստ, որ այս հուշարձանը մոտ 3-2-րդ հազարամյակների ընթացքում է ձեւավորվել: Կենտրոնական կառույցը եւս դամբարան է, ունի սահմանազատված տարածք, որի կենտրոնում առնվազն երեք դամբարանագծեր են եղել: Դամբարանախցում մ.թ.ա. 16-15-րդ դարերին բնորոշ կառույցներ են. ուշ բրոնզե ժամանակաշրջանի հետ գործ ունենք»:
ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ԵՎ ՔԱՐԱՀՈՒՆՋՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ