Նոյեմբերի 18-ին` ժամը 20.35-ին, ՀՀ ԱԻՆ “911” ծառայությունից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 34-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից դանակահարված տղամարդու են տեղափոխել “Էրեբունի” բժշկական կենտրոն:
Ժամը 20.40-ին նշված բուժկենտրոնից նույն դեպքի հետ կապված հաղորդում է ստացվել, որ “կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքեր” ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մոտ 50 տարեկան տղամարդ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձը 1957 թ. ծնված Եղիա Ապանյանն է, որը նույն օրը “Էրեբունի” բժշկական կենտրոնում մահացել է:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները ժամը 23.00-ին, նշված սպանությունը կատարելու կասկածանքով, Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արմեն Մ.-ին: Նա խոստովանել է, որ ժամը 20.00-ի սահմաններում Նոր Արեշի 34-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում, ոգելից խմիչքի ազդեցության տակ, վիճաբանել է իր վաղեմի ծանոթ Ե. Ապանյանի հետ և իր մոտ եղած խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածելով նրա կրծքավանդակին` դիմել է փախուստի:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել, առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Արմեն Մ.- ձերբակալված է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: