ԱՌԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամփոփելով Ռուսաստանի 2010թ-ի քաղաքական տարվա արդյունքները, պետք է նշել,որ երկրի առաջին երկու դեմքերը վերջնականապես կիսեցին «ազդեցության ոլորտները»: Վ. Պուտինը կհենվի հասարակության  առավել պահպանողական եւ չկրթված մասի վրա, իսկ Դ. Մեդվեդեւը`  լիբերալ հատվածի, որը վերջնականապես չի կորցրել  հույսը իշխանություններից եւ սպասում է փոփոխությունների «վերեւից»: Ավելորդ  չէ նշել, որ նման սցենարի  անհրաժեշտություն առաջացավ հատկապես համաշխարհային  տնտեսական ճգնաժամի Ռուսաստանի վրա առավել քան ազդեցության պատճառով: Ճգնաժամ, որ կերավ  երկրի տարիներ շարունակ հավաքված  ռեզերվացված արտարժույթի շուրջ կեսը, ակտիվացրեց ազգայնականներին եւ հրահրեց  բախումներ էմիգրանտների հետ: Կարծիք կա, որ այդ բախումների հետեւում կանգնած է Կրեմլը, քանզի այդ միջոցով փորձում է շեղել  հասարակության ուշադրությունը  երկրում առկա  բազմաթիվ  խնդիրներից` տեխնոլոգիական հետամնացություն, հանցագործությունների ու կոռուպցիայի աճ եւ այլն: Սակայն կարծում ենք, որ այս պնդումը խիստ չափազանցված է, քանզի, չհերքելով  Ռուսաստանի իշխանության վերնախավի ցանկությունը` ամեն գնով պահպանել  իշխանությունը, այնուամենայնիվ, չեն կարող չգիտակցել, թե ինչպես կարող է շրջվել ազգայնականներին  հրահրելը իրենց   իշխանությունների դեմ: Այժմ արդեն բոլորը գիտեն,որ Ռուսական կայսրությունը քանդվեց ոչ այնքան դասային հողի վրա, որքան ազգամիջյան բախումների արդյունքում, որը սկսվեց «չեռնասոտենցիների եւ հրեաների միջեւ»: Վերադառնալով  Մեդվեդեւ-Պուտին տանդեմին` պետք է նշել, որ անցած աշնանը Նախագահի կողմից Լուժկովին պաշտոնից հեռացնելու շատ ուժեղ քայլին, որը  ավելացրեց  բոլոր նրանց հույսերը, թե Մեդվեդեւը դառնում է ինքնուրույն խաղացող, ինչպես նաեւ, առաջին անգամ սոցհարցումների արդյունքում նախագահի եւ վարչապետի վարկանիշները հավասարվեցին, հետեւեցին մի շարք քայլեր ու գործողություններ, որոնք անընդունելի  են  քաղաքական գործչի համար, որը հույս ունի ստանալ  լիբերալ  արժեհամակարգ ունեցող  համաքաղաքացիների ձայները: Խիմկինյան անտառի պատմության անփառունակ  ավարտը, Մանեժյան հրապարակում կատարված իրադարձությունների նկատմամբ համարժեք վերաբերմունքի բացակայությունը եւ, ի վերջո, Խոդորկովսկու երկրորդ դատապարտումը   վերջնականապես հաստատեցին տեսակետը, որ չնայած  «կրեմլյան պատերի մոգական ուժին»,  ամեն դեպքում, տանդեմի ղեկավարը այս պահին Պուտինն է: Մեդվեդեւի դիրքերը վարչապետի հետ համեմատած թույլ են  նաեւ այն պատճառով , որ  նա չունի սեփական կուսակցություն: Եւ որքան էլ վերջերս «Եդինայա Ռոսիյա» կուսակցության վարկանիշն անկում է ապրում, այնուամենայնիվ, դա հզոր  բյուրոկրատական թիմ է, որը, անշուշտ, իր նպաստը կբերի Պուտինին, եթե նա  որոշի վերադառնալ Կրեմլ: Հատկանշական է, որ չնայած Նախագահի ջանքերին, ռադիկալ ընդդիմությունը, այնուամենայնիվ, նրան չի տարանջատում վարչապետից: Արժանահավատ չէ նաեւ Մեդվեդեւի տարեվերջյան  ասուլիսներից մեկում հնչեցրած  տեսակետը, թե հնարավոր է  իշխանական թիմը մի որեւէ երրորդի  առաջադրի նախագահի պաշտոնում: Ընտրություններին մնացել է մեկ տարի, եւ իշխանական ճամբարում  չկա այն հրապարակային գործիչը (Սուրկովը, Սեչինը, Նառիշկինը  ունեն գորշ  կարդինալների համբավ եւ խիստ վարկաբեկված են), որը կկարողանա  ներկայանալ հասարակությանը: Չպետք  է  նաեւ մոռանալ,որ «փողոցային» (լավ իմաստով) ընդդիմությունը բավականին ուժեղացել եւ միավորվել է, ու անգամ իշխանություններին այլընտրանք չլինելով  հանդերձ, կարող է լուրջ խոչընդոտներ ստեղծել իշխանական սցենարի իրականացման համար:    Ինչեւէ, ՌԴ իշխանություններին սպասում են բավականին դժվար երկու համապետական ընտրություններ, որոնք  էականորեն կտարբերվեն 2004թ. եւ 2008թ.  ընտրություններից, որոնց ելքը նախօրոք կանխորոշված էր`  պայմանավորված լավ տնտեսական   կոնյուկտուրայով  եւ  ընդդիմության իսպառ բացակայությամբ: ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ




Լրահոս