ՉՔԱՂԱԾ ԴԱՍԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու օր հետո հայ հասարակությունը նորից կհիշի ու կվերապրի մեր երկրում գրանցված ամենաողբերգական իրադարձություններից մեկը` մարտի 1-ը: Այդ օրվա մեջ ինչքան տխրություն ու ցավ, այնքան էլ գնահատանքի արժանի երեւույթներ կան. 88-ի շարժումից հետո ժողովուրդը երբեք այդքան միահամուռ ու վճռական չէր եղել: Մարդիկ դուրս էին եկել փողոց` վերականգնելու արդարությունը, վռնդելու իրենց ամեն օր խաբող ու թալանող իշխանիկներին: Բայց չստացվեց ու չստացվեց հավանաբար երկու պատճառով. նախ իշխանական ռեպրեսիան էր աննկարագրելի ուժեղ, որը գուցե մարդկանց քանակի ավելացման դեպքում հաղթահարելի լիներ, բացի այդ` չկար ընդդիմության լիդերը: Եւ չկար բավականին օբյեկտիվ ու մի քիչ էլ սուբյեկտիվ պատճառներով: Եւ քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չկար (թեեւ կարող էր իր ժողովրդի ուղեկցությամբ հանգիստ դուրս գալ փողոց), մյուս առաջնորդներն էլ որեւէ կերպ չէին կողմնորոշվում` ինչ անել: Փոխարենը արագ կողմնորոշվեց Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգը` հանրահավաքի վայրից մի փոքր հեռու գտնվող լոկալ պայքարող երիտասարդներին գլխից գնդակահարելով եւ ռեժիմի սպասարկուների միջոցով թալան անելով: Նրանք սպանելով լռեցրին ՀՀ քաղաքացու դժգոհությունն ու ցասումը: Ապա հայտարարված արտակարգ դրությամբ էլ պոտենցիալ ընվզողներին «շարքից հանեցին»` մեկիկ-մեկիկ ահաբեկելով նրանց: Ու այդ ամենն արեցին սեփական գործողություններից մեծագույն գոհունակությամբ: Այսօր կրկին հայ հասարակությունը կանգնած է երկընտրանքի առջեւ, քանի որ հենց այս օրերին է ձեւավորվում ապագա խորհրդարանի կազմը: Թեեւ ընտրություններին դեռ մեկ տարի կա, այնուամենայնիվ, այսօրվանից արդեն ռեժիմի կամակատարները քայլեր են անում հարազատ գործելաոճով իրենց «ընդհանուր պապային» դարձյալ մեր գլխին նախագահ կարգելու համար: Այսինքն` այսօր, առավել քան երբեւէ, հայ հասարակությունը պետք է միասնական ու վճռական լինի: Օր օրի թանկացող սննդամթերքն ու դժվարացող կյանքի խնդիրները հարթելուն զուգահեռ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է իր առջեւ մի խնդիր դնի. մասնակցել կազմակերպվելիք հանրահավաքներին: Միայն հասարակության հավաքական ուժը այսօրվա վարչակազմին կստիպի նահանջել: Ի վերջո, ինչո՞վ ենք մենք պակաս արաբական երկրներում ապրող ժողովուրդներից, որոնց հետեւողական պայքարը տվեց ցանկալի արդյունք:ՀՀ քաղաքացիները պետք է հավաքվեն հրապարակում եւ պահանջեն Հայ ազգային կոնգրեսից կատարել իր կիսատ թողած գործը: Այսինքն` 2008-ի մարտի 1-ին նրանք մարդկանց տուն ուղարկեցին` կիսատ թողնելով այդքան սպասված հեղափոխական գործընթացը, թող 2011-ի մարտի 1-ից սկսեն շարունակությունը: Այնպես որ այս մարտի 1-ը յուրաքանչյուր քաղաքացու համար պիտի լինի նոր կենսակերպի սկիզբ, իսկ Կոնգրեսի համար` վճռական լինելու վերջին հնարավորություն:




Լրահոս