Պուտինի կողմից արված հայտարարությունը տարօրինակ էր. վրաց քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ շաբաթ Մոսկվայում տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը քաղաքական եւ հասարակական շրջանակների վրա առանձնահատուկ տպավորություն չի գործել. շատերը կարծիք են արտահայտում, թե հանդիպման ընթացքում հնչել են վաղուց ի վեր հայտնի եւ ծեծված խոսքեր: Վրացի քաղաքագետ Գելա Վասաձեի համար տարօրինակը միայն Վլադիմիր Պուտինի կողմից հնչած մեկ արտահայտություն է եղել: Վասաձեի խոսքով՝ Ղարաբաղյան կոնֆլիկտի առաջացման օրվանից ի վեր Վրաստանի դիրքորոշումը եղել եւ մնում է այն, որ կոնֆլիկտը պետք է լուծել միջազգային իրավունքի շրջանակներում եւ երկու կողմերի շահերի համատեքստում:

«Ժողովուրդ»-ը Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացների, Ռուսաստանի դերակատարման եւ Վրաստանի դիրքորոշման շուրջ զրուցել է վրաց քաղաքագետ Գելա Վասաձեի հետ:

-Պարո՛ն Վասաձե, Դուք ի՞նչ տպավորություն ստացաք նախորդ շաբաթ տեղի ունեցած Սարգսյան-Պուտին հանդիպումից: Արդյո՞ք նման հանդիպումները կարող են որոշիչ նշանակություն ունենալ ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման հարցում:

-Անկեղծ ասած, ՌԴ եւ ՀՀ նախագահների հանդիպումն ինձ վրա որեւէ էական տպավորություն չգործեց, միայն պահեստային խոսքեր էին եւ հայտարարություններ: Ինձ համար տարօրինակ էր Պուտինի կողմից արված այն հայտարարությունը, որ ղարաբաղյան կոնֆլիկտը պետք է լուծել այնպես, որպեսզի բոլոր կողմերն իրենց զգան հաղթողներ, եւ ոչ ոք պարտված չլինի:

Ցավոք, մամուլի ասուլիսի ժամանակ ներկա լրագրողներից չգտնվեց գոնե մեկը, ով Պուտինին կհարցներ, թե դա ինչպես է հնարավոր: Իսկ մեզ մնում է գուշակել, թե ինչ նկատի ուներ ՌԴ նախագահը: Եվ, առհասարակ, մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինի կողմից արված գլխավոր հայտարարությունը վերաբերում էր Ուկրաինային:

-Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հետագայում էլ պատրաստ է շարունակել կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները: Ըստ Ձեզ՝ ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը:

-Այստեղ ամեն ինչ գրեթե հստակ է: Ամենայն հավանականությամբ, խոսքը գնում է այն մասին, որ չնայած երկրում տեղի ունեցած վերջին իրադարձություններին եւ հասարակական տրամադրվածությանը, Հայաստանը շարունակում է Ռուսաստանի համար հուսալի գործընկեր մնալ ինչպես ՀԱՊԿ-ում, այնպես էլ Մաքսային միությունում եւ ԵՏՄ-ում:

-Իսկ Ձեր կարծիքով, Պուտինի հանդիպումները Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հետ արդյո՞ք փոխկապակցված են իրար հետ:

-Իհարկե, կապված են: Փոփոխված հանգամանքներից, Թուրքիայում ձախողված հեղափոխությունից հետո Պուտինը փորձում է ձեւավորել Ռուսաստանի նոր քաղաքականություն ինչպես Կովկասում, այնպես էլ Մերձավոր Արեւելքում: Դրա համար էլ նախաձեռնվել էր այդ դիվանագիտական մրցավազքը:

Ի դեպ, այդ մրցավազքը դեռեւս շարունակվում է, եւ այդ հանդիպումներից մի քանի օր հետո ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց էր ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Զարիֆի հետ, որն այդ պահին աշխատանքային այցով գտնվում էր Իրանում: Այս մրցավազքի նպատակը Ռուսաստանի դիրքերի ամրապնդումն է, որը տնտեսական առումով հնարավոր է, քանի որ Ռուսաստանը տրանսպորտային միջանցքի ստեղծման շուրջ համաձայնության է հասել Ադրբեջանի եւ Իրանի հետ:

Ինչ վերաբերում է քաղաքական ասպեկտին, ապա այս դեպքում Պուտինի համար գլխավորը հանդիսանում է խաղաղապահ զորքերի տեղակայումը Ղարաբաղում: Սակայն այս ծրագրի հետ համաձայն չէ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ առավել եւս Հայաստանը: Ցավոք, այս ամենը բարձրացնում է նոր էսկալացիայի հնարավորությունը: Երեւանի վրա ճնշումները միայն կավելանան, քանի որ ստեղծված իրավիճակում Պուտինի համար կարեւոր է ցույց տալ, որ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման բանալին գտնվում է հենց իր գրպանում:

-Թուրքական կողմից հայտարարություններ եղան, որ իրենք ցանկանում են ավելի ակտիվ մասնակցություն ունենալ Ղարաբաղի շուրջ ծավալվող գործընթացներին: Դուք այդպիսի հնարավորություն տեսնո՞ւմ եք, դա ի՞նչ կարող է փոխել:

-Համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Թուրքիան ստացել է կապի ալիք՝ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ֆորմատի տեսքով: Իհարկե, այս ֆորմատը չի կարող մրցակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի հետ, բայց այն մաքսիմումն էր, որին կարող էր այս փուլում հասնել Անկարան:

Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակում Երեւանի համար անիմաստ կլինի միանալ այդպիսի ֆորմատի, սակայն անկասկած է, որ այդ ֆորմատի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները ռուսական կողմի միջոցով կտեղեկացվեն հայկականին:

-Իսկ ինչպե՞ս են Վրաստանում վերաբերում այս գործընթացներին եւ ինչպես են տեսնում ղարաբաղյան կոնֆլիկտի հանգուցալուծումը:

-Հասկանալի է, որ այս գործընթացներում շատ քիչ բան է կախված Վրաստանից: Սակայն նույնքան հասկանալի է, որ բոլոր ընթացող գործընթացները չեն կարող չանհանգստացնել Վրաստանին, չէ որ տարածաշրջանում կատարվող բոլոր գործընթացներն ազդում են երկրի անվտանգության եւ ներդրումային իրավիճակի վրա:

Ինչ վերաբերում է Վրաստանի դիրքորոշմանը, ապա կոնֆլիկտի առաջացման սկզբից այն չի փոփոխվել եւ կայանում է նրանում, որ կոնֆլիկտն անհրաժեշտ է լուծել միջազգային իրավունքի շրջանակներում եւ երկու կողմերի շահերի համատեքստում: Իհարկե, հստակ լուծումների առաջարկներ Վրաստանի իշխանությունները չունեն:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս