«Սասնա ծռեր» խմբավորման անդամների հանձնվելուց հետո Ազատության հրապարակում ամենօրյա հավաքները, կարծես թե, վերսկսվում են: Երեկ Ազատության հրապարակում ելույթներով հանդես եկան վերջերս կալանքից ազատված Ալեք Ենիգոմշյանը, Արմեն Մարտիրոսյանը և այլք:
Նշենք, որ երեկ հանրահավաքի մասնակիցները սակավաթիվ էին, այնուամենայնիվ, հավաքը տեղի ունեցավ:
ArmLur.am-ը ծավալվող իրադարձությունների և հետագա գործողությունների շուրջ զրուցեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ բազմահազար քաղաքացիրներ ներկա չէին հավաքին, բայց դա չի կարելի համարել ձախողված հավաք:
«Մի բան հստակ է` ժողովուրդը ուզում է հստակ գործողությունների մասին խոսք և առաջարկներ լսել: Մեր ժողովուրդը մեծ ցանկություն ունի էական փոփոխություններ տեսնել մեր երկրում: Մարդիկ պատրաստ են նաև մասնակցել այդ փոփոխությունների համար խաղաղ քաղաքացիական պայքարին: Ուղղակի ժողովուրդը գիտի, որ միայն հանրահավաքներով այդ խնդիրը չի լուծվի:
Մեր զրուցակցի խոսքով ՝ հանրահավաքները պարզապես ելույթներ լսելու և տուն գնալու համար չեն: Այնտեղ գործընթացներ են գնում քաղաքացիների մասնակցությամբ:
«Ժողովուրդը դեռևս բավարար չափով տեղյակ չէ դրան, այսինքն` մի մասը մտածում է, որ դրանք սովորական հանրահավաքներ են, որոնք իրենց չեն բավարարում, քանի որ նրանք գործողությունների, քայլերի են սպասում, բայց երբ իմանան, որ այնտեղ հստակ պրոցես է գնում, պատկերն այսպիսին չի լինի»,- ասաց նա:
Ալեք Ենիգոմշյանը հավելեց, որ նման հանրահավաքներ առաջիկայում դարձյալ սպասվում են և ընդգծեց, որ հանրահավաքների «արանքում» սպասվում են կոնկրետ գործողություններ:
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա օգոստոսի 26-ին: Լրացուցիչ տեղեկություններ նույնպես կտրամադրվեն քաղաքացիներին հանրահավաքի և կատարվող գործողությունների մասին:
Լիդա Եղիազարյան