Երեկ «Դատապարտյալների հիվանդանոցում» վիրահատվեց ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանը:
ArmLur.am-ի հետ զրույցում Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտնեց, որ իր տեղեկություններով` Պավել Մանուկյանը վիրահատությունից հետո նորմալ է իրեն զգացել:
«Անձամբ ես բժիշկների հետ չեմ զրուցել, քանի որ տեսակցություններն արգելված են: Միայն կարող եմ ասել, որ ոտքը պլաստիկ վիրահատության է ենթարկվել»,- ասաց փաստաբանը:
Ինչ վերաբերում է Պավել Մանուկյանի ոտքը կարճացնելուն, Ինեսսա Պետրոսյանը հայտնեց, որ դա հետագայում պարզ կլինի :«Միգուցե վիրահատությունների շնորհիվ հասնեն նրան, որ կարճացում չլինի կամ էլ քիչ լինի»,- հավելեց նա:
ArmLur.am-ը զրուցեց նաև ազտամարտիկի դստեր` Ասպրամ Մանուկյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց. «Քանի որ ոտքի վնասվածքը բեկորային է եղել, բեկորները մաքրել են ոտքը կարճացել է: Հստակ չեմ կարող ասել, բայց որքանով ես եմ տեղյակ` 1-2 սմ-ով ոտքը կարճացվել է»:
Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանն ու իր որդին հուլիսի 27-ին ոտքի հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գնդի տարածքում։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել)։
Լիդա Եղիազարյան