Երևանի քաղաքապետարանը «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Լենինդրադյան փողոց-Իսակովի պողոտա ճանապարհահատվածում ու նաև հատուկ այս մրցումների համար պատրաստված հարակից տարածքում կազմակերպել էր միանգամից մի քանի էքստրեմալ մարզաձևերի մրցույթ-փառատոն:
Ողջունելով ներկաներին, մարզիկներին ու հանդիսատեսին` քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետը նշել է, որ նախաձեռնությունն այս ծավալով կյանքի է կոչվում առաջին անգամ` հաշվի առնելով էքստրեմալ մարզաձևերի նկատմամբ վերջին տարիներին մեծացող հետաքրքրությունը: Յուրի Մամիկոնյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից վստահեցրել է, որ նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ կկրեն: Նախաձեռնության նպատակը քաղաքապետարանի կողմից անցկացվող «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի և ընդհանրապես մարզական միջոցառումների մարզական բաղադրիչը համալրելն է: Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանն էլ նշել է, որ փառատոնն, իրոք, հիանալի նվեր է էքստրեմալների համար ու նույնպես վստահություն հայտնել, որ այն կդառնա ավանդական`ավելի ընդլայնելով մասնակիցների աշխարհագրությունը:
Այնուհետ փառատոնը հայտարարվել է բացված: Մարզաերաժշտական շոուն մեկնարկել է մասնակիցների շքերթով, որից հետո ցուցադրական ելույթներ են կազմակերպվել լեռնահեծանվային սպորտ,կարտինգ, մոտոկրոս մարզաձևերից: Ներկաներին իրենց ունակություններն են դրսևորել նաև ավտոմոտոռալլիի տարբեր դասերի մեքենաների ու մոտոցիկլների մրցումների մասնակիցների մրցելույթները. ջիփեր, սեդաններ, բայքերներ: Մի քանի ժամ տևող ավտոմոտոշոուն ադրենալինի լիարժեք չափաբաժին է ապահովել մասնակիցներին ու այս ամենին հետևող մարզասերներին: Նրանց առանձնահատուկ ուշադրությունն է գրավել նաև առաջին անգամ կազմակերպվող ցեղական վարժեցված շների մրցույթը: Ի դեպ, մրցութային են եղել նաև առանձին մարզաձևերի ներկայացուցիչների ելույթները, որոնցից հետո աչքի ընկած լավագույն արշավորդները պարգևատրվել են գավաթներով ու մեդալներով:
Մրցույթ-փառատոնի ավարտին մասնակիցները ու հանդիսականները նշել են, որ օրն իսկապես լի է եղել սուր զգացողություններով: Միջոցառման ողջ ընթաքն ուղեկցվել է օրվան համահունչ երաժշտությամբ, իսկ մասնակիցներին հնարավոր բժշկական օգնություն ցուցաբերելու և անվտանգության ապահովման նկատառումով տարածքում մշտական հերթապահություն են սահմանել Երևանի քաղաքապետարանի «Շտապ օգնություն» ընկերության և հրշեջ ծառայության անձնակազմերը, որոնց կարիքը, բարեբախտաբար, չի զգացվել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն