Օր օրի դատարկվող Արծվաբերդ գյուղը լուրջ խնդիրների առաջ է կանգնած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ գյուղն այսօր կանգնած է լուրջ խնդիրների առաջ: Մասնավորապես, համայնքը նախկինում ունեցել է մոտավորապես 3700, իսկ այսօր 3111 բնակիչ: «Ժողովուրդ» օրաթերթը համայնքի առաջնային խնդիրների եւ այլ հարցերի շուրջ զրուցեց Արծվաբերդ համայնքի ղեկավար Վոլոդյա Ուզունյանի հետ:

-Պարո՛ն Ուզունյան, ո՞րն է այսօր Ձեր գյուղի հիմնական ու առաջնային խնդիրը:

-Դե, հիմնականում խմելու ջրագիծն է, բայց ներկա պահին աշխատում է: Մանկապարտեզն էլ նոր է կառուցվում:

-Այսինքն՝ գյուղում այլեւս խնդիրներ չկան, ամեն ինչ կարգի՞ն է:

-Երկու դպրոց էլ ունենք, որ քանդված վիճակում են, բայց մեզ կառավարությունից ասեցին, որ դպրոցների վերանորոգումը 2016-2017թթ. նոր կընդգրկվի պլանի մեջ:

-Անձամբ Դուք ի՞նչ եք անում գյուղի հիմնական խնդրի լուծման համար:

-Դպրոցների համար հիմնականում կառավարությանն ենք դիմել: Պատգամավորի միջոցով էլ ենք դիմել: Դե՛, տարբեր կազմակերպությունների դիմում ենք, էլի:

-Եվ ի՞նչ արդյունքներ կան. կարո՞ղ եք թվարկել, թե կոնկրետ ինչ հարցեր են լուծվել:

-Օրինակ՝ «Վիվասել» ընկերությունը ջրագիծն ու պոմպակայնն են կառուցել:

-Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Ձեր համայնք վերջին անգամ ե՞րբ է եկել եւ ի՞նչ հարցով:

-Մարզպետը վերջին անգամ մեկ ամիս առաջ է եկել: Ընդհանուր գյուղի խնդիրների մասին ենք խոսել:

-Իսկ ի՞նչ արդյունք է տվել մարզային իշխանության ներկայացուցչի այցը. կոնկրետ:

-Մարզպետը Չորաթան, Արծվաբերդ եւ Վերին Կարմիր համայնքների համար նախատեսված 35 կմ ջրագծի կառուցման համար դիմել է վարչապետին, նրանք էլ ասել են, որ այս տարի պետք է նախագիծ անեն, իսկ մյուս տարի էլ կսկսեն շինարարական աշխատանքները:

-Ձեր համայնքի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը ե՞րբ է վերջին անգամ համայնք եկել եւ ի՞նչ հարցով:

-Համայնքի պատգամավորը երեւի մի 20 օր առաջ է եղել համայնքում:

-Եւ ի՞նչ արդյունք է տվել այդ հանդիպումը:

-Դե՛, էդ մի անգամ գալով չի արել, բայց, դե, ընթացքում գյուղի ժողովրդին է օգնել, ուսանողների վարձերն է օգնել վճարել: Դե՛, ինչ-որ հարցով դիմել ենք, օգնել է, էլի:

-Կառավարությունից վարչապետ, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ո՞վ է երբեւէ գյուղ այցելել, ի՞նչ հարց է լուծել:

-Վարչապետն անցած տարի է եկել: Ներկայացրել ենք մանկապարտեզի ու խմելու ջրագծի հարցը: Ներկա պահին երկուսի շինարարությունն էլ սկսվել է:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ




Լրահոս