Քրեակատարողական հիմնարկներում աղմկահարույց իրադարձությունները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկներում աղմկահարույց իրադարձությունները շարունակվում են:

Հիշեցնենք, որ դեռեւս 2015 թվականին ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել էր, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Սպարտակ Դանիելյանը շուրջ 40 քաղաքացիներից տարբեր եղանակներով հափշտակություն է իրականացրել: Ասել է թե՝ դատապարտյալը կալանավայրում գտնվելով՝ արտոնյալ կարգավիճակ է ունեցել. բազմաթիվ քաղաքացիների «քցել» է:
Բայց նա միակ դեպքը չէ, որ, լինելով անազատության մեջ, կարողանում է դրսում գտնվող ծանոթների միջոցով բազմաթիվ մարդկանց թալանել: Նմանօրինակ դրսեւորումները շարունակվում են ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող այլ քրեակատարողական հիմնարկներում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Գուրգեն Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՔԿՀ-ի մեկ այլ դատապարտյալ Դավիթ Բաբայանի հետ մարդկանց է «քցել»:

Պարզվում է` երկու դատապարտյալներ՝ տեղեկանալով, որ իրենց դատապարտյալ ընկերներից մեկի` Ալեն Գասպարյանի հարազատները համացանցում տեսախցիկի վաճառքի մասին հայտարարություն են տարածել, որ մեկ օրվա դիմաց 15 հազար դրամ վճարելով՝ քաղաքացիները կարող են ձեռք բերել տեսախցիկ, որոշել են շահել:
Գուրգեն Մկրտչյանը եւ Դավիթ Բաբայանը նախ իրենց ընկերոջն ասել են, թե իրենց հարազատներից մեկին` Հարություն Հարությունյանին, օրավարձով տեսախցիկ է պետք: Այսպես՝ 15 հազար դրամով տեսախցիկ վարձակալելու պատրվակով դատապարտյալ Դավիթ Բաբայանի ազգական Հարություն Հարությունյանի միջոցով վերցրել են տեսախցիկը եւ յուրացրել: Տեղեկացնենք, որ հափշտակված տեսախցիկը արժեր մոտ 840 հազար դրամ:

Պարզեցինք, որ Գուրգեն Մկրտչյանը նաեւ 2015թ. հունվարի 13-ից մինչեւ փետրվարի 27-ն ընկած ժամանակահատվածում խաբեությամբ, խմբի կազմում նախնական համաձայնությամբ, կատարել է ուրիշի գույքի 4 դրվագ հափշտակություններ: Ահա այսպես, դատապարտյալները կալանավայրում ոչ միայն չեն ուղղվում, այլեւ նոր հանցանքներ են գործում: Իսկ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ու ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանը փոխանակ կոնկրետ գործով ապացուցելու իրենց աշխատանքի արդյունավետությունը, գեղեցիկ խոսքերի շարանով տպավորություն են գործում ընդամենը:
Արդյունքում` հանցագործների թակարդն են հայտնվում շարքային քաղաքացիները:

Քնար Մանուկյան




Լրահոս