Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղում վերջին տարներին նկատելիորեն նվազել է բնակիչների քանակը: Գյուղը 15 տարի առաջ ունեցել է մոտավորապես 800, իսկ այժմ 600 բնակիչ: 200 գյուղաբնակներ լքել են Ոսկեպարը:
Գյուղի հիմնական ու առաջնային խնդիրների մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց Ոսկեպար համայնքի ղեկավար Երվանդ Եգանյանի հետ:
-Պարո՛ն Եգանյան, ո՞րն է այսօր Ձեր գյուղի հիմնական ու առաջնային խնդիրը:
– Ճիշտ է, շատ ենք շեշտում աշխատատեղերը, բայց մարդիկ կարողանում են արտադրանք տալ, թե՛ մսի եւ թե՛ կաթի տեսքով: Այս ապահին գյուղում կա մսամթերքի եւ կաթնամթերքի իրացման խնդիր:
-Անձամբ Դուք ի՞նչ եք անում գյուղի հիմնական խնդրի լուծման համար:
-Մսամթերքի իրացման հարցով դիմել ենք գյուղնախարարություն, որպեսզի մսի եւ կաթի ընդունման եւ մշակման կետեր բացվեն, մինչեւ այսօր նույն վիճակն է:
-Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Ձեր համայնք վերջին անգամ ե՞րբ է եկել եւ ի՞նչ հարցով:
-Երեւի մոտ մեկ ամիս առաջ է եկել տարբեր հարցերով: Այստեղ նոր ջրագիծ ենք կառուցում, եկել էր, իր աչքով տեսնի եւ հետեւի կատարվող շինարարական աշխատանքներին:
-Ձեր համայնքի պատգամավոր Մարինե Մարաբյանը ե՞րբ է վերջին անգամ համայնք եկել եւ ի՞նչ հարցով: Նա՝ որպես պատգամավոր, իր ընտրողների հետ երբեւէ շփվո՞ւմ է:
– Չեմ հիշում՝ այս վերջին ամիսներին երբ է եկել համայնք, բայց իր աջակցող թիմը համայնքին շատ օգտակար է եղել: Գաղտնիք չէ, որ Վարդանյաններն են իրեն աջակցում, եւ այդ մարդիկ այս մարզի համար մեծ ավանդ ունեն: Չկա գյուղ, որ մտնեք 4-5 եւ ավել գործ արած չլինի: Օրինակ՝ օգնել է, գերեզմանների տարածքը ջուր ենք քաշել, մասնակցել է մանկապարտեզի ու նախակրթարանի վերանորոգման աշխատանքներին: Ինչպես նաեւ լուսավորության անցկացմանն է օգնել: Եվ այլ բազմաթիվ աջակցություններ է ցուցաբերել համայնքի համար:
-Կառավարությունից վարչապետ, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ո՞վ է երբեւէ գյուղ այցելել, ի՞նչ հարց է լուծել:
-Գյուղ վերջին ամիսներին տարածքային կառավարման եւ զարգացան նախարար Դավիթ Լոքյանն է այցելել խոշորացման հետ կապված:
-Գյուղում իշխանություններին ո՞նց են վերաբերվում մարդիկ: Առաջիկայում ընտրություններ են խորհրդարանական, ո՞ր ուժը կհաղթի գյուղում Ձեր կարծիքով եւ ինչո՞ւ:
-Այս պահին շուտ է ասելը, սա երեւի եզակի գյուղ է, որ իր առօրյան ինքն իր մեջ կարողանում է լուծել: Այստեղ մի քանի խնդիրներ կան, որոնց լուծման դեպքում ժողովուրդն էլ կախման մեջ չի լինի ո՛չ իշխանություններից եւ ո՛չ բարերարներից:
զրուցեց Լիդա Եղիազարյանը