Թող չսպասեն, որ ինձ էլի սերիալում կտեսնեն. ինչո՞ւ մտափոխվեց Տիգրան Մակարյանը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեւական ժամանակ է` «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասան Տիգրան Մակարյանը էկրաններին չի երեւում: Սերիալի ավարտից ի վեր նրան` որպես դերասան, տեսել ենք միայն «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմում (2015թ.): Այդուհանդերձ, Տիգրանը հասցրել է ձեռք բերել երկրպագուներ, որոնք անհանգստացած են նրա կարիերայի ճակատագրով: «Ժողովուրդ»-ը պարզել է` որտեղ է այժմ դերասանը, ինչով է զբաղված, եւ արդյոք հույս կա, որ նրան կրկին կտեսնենք էկրաններին:

-Տիգրա՛ն, այս պահին որպես դերասան որեւէ զբաղվածություն ունե՞ք: Հնարավո՞ր է` Ձեզ առաջիկայում տեսնենք նոր նախագծի շրջանակում, նոր կերպարում:

14037516_1119391754808556_1823384899_o

-Ո՛չ, այժմ ոչ մի նման պլան չունեմ: Իհարկե, եղել են տարբեր առաջարկներ, սակայն ինչ-ինչ պատճառներով համագործակցություն տեղի չի ունեցել: Այս պահին չեմ կարող խոստանալ, որ ինչ-որ ժամանակ հետո կլինեմ էկրանին: Փոխարենը զբաղված եմ իմ երկրորդ մասնագիտությամբ. արդեն ութ տարի է` աշխատում եմ համակարգչային գրաֆիկայի ոլորտում:

14018148_1119391751475223_1343624892_n

-Ամեն դեպքում, Դուք ունեք երկրպագուներ, որոնք սպասում են Ձեր վերադարձին:

-Թող նրանք չսպասեն, որ ինձ էլի հեռուստասերիալում կտեսնեն. դա ինձ համար չէ: Սերիալային ոլորտը, համենայն դեպս, Հայաստանում, ինձ չի գոհացնում:

-Բայց դուք նկարահանվել եք սերիալում, հետո ի՞նչ պատահեց:

-Այո՛, բայց անցնում է ժամանակ, մտքափոխվում ես: Եթե մի անգամ նկարահանվել ես, դա չի նշանակում, որ ամբողջ կյանքում պետք է շարունակես այդ ուղին: Եթե առաջիկայում հանդես գամ որեւէ նախագծում, դա կլինի միայն գեղարվեստական ֆիլմ: Հարմար առաջարկ լինի, մեծ սիրով կընդունեմ այն:

-Դերասանական կարիերայից կտրվելը, ամեն դեպքում, դժվար չէ՞ր:

-Որոշ ժամանակ ցանկացած ասպարեզում աշխատելուց հետո այն լքելը, բնականաբար, դժվար է: Իմ պարագայում այնպես ստացվեց, որ դերասանական ասպարեզից կտրվելու ժամանակահատվածը համընկավ համակարգչային գրաֆիկայի ոլորտ մուտք գործելու շրջանի հետ: Այդ ժամանակ հեռուստասերիալը, որտեղ նկարահանվում էի, արդեն մոտենում էր իր ավարտին: Եվ, եթե լինեմ անկեղծ, իմ այս երկրորդ մասնագիտությունը ավելի «սիրել տվեց իրեն», քան առաջինը:

14088737_1119391758141889_835945829_n

-Սովորել եք Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Արմեն Էլբակյանի արվեստանոցում, խաղացել եք Երեւանի Է. Էլբակյանի անվան թատրոնի մանկապատանեկան ներկայացումներում: Թատրոն վերադառնալու ցանկություն էլ չունե՞ք:

-Թատրոնում աշխատել եմ ուսանողական տարիներին եւ այսօր էլ կարոտով եմ հիշում այդ օրերը: Բայց, ցավոք, ես այն տարիքում չեմ, որ ամեն բան դնեմ մի կողմ, զբաղվեմ բարձր արվեստով, թեկուզ եթե ստանամ 60 հազար դրամ աշխատավարձ: Ես ինձ նման բան չեմ կարող թույլ տալ: Եթե վարձատրության առումով թատրոնում իրավիճակ փոխվի, կանեմ ամեն ինչ, որ վերադառնամ:

13900501_1119391748141890_515533149_n

-Տիգրա՛ն, Դուք զբաղվել եք նաեւ «Muay Thai Boxing» մարզաձեւով, դա արել եք պրոֆեսիանա՞լ, թե՞ սիրողական մակարդակով:

-Չէ՛, պրոֆեսիոնալ մարզիկ չեմ եղել, եթե պրոֆեսիոնալ սպորտի ասպարեզը ընտրեի, հաստատ ուղիս կշարունակեի լողի գծով (Տիգրանը 8 տարի հաճախել է լողի-հեղ.):

-Աղջիկները չեն ների, եթե չհարցնեմ…

-Սիրտս ազատ է (ընդհատում է ու ծիծաղում):

-Այս տարիքում մտածո՞ւմ եք անձնական կյանքում կարգավիճակի փոփոխության մասին, թե՞, գուցե, ուզում եք ավելի ազատ կյանքով ապրել:

-Անձնականը չեն պլանավորում. դու կամ սիրում ես, կամ ոչ, միությունը կամ ստացվում է, կամ ոչ: Հիմա միայն կարող եմ ասել, որ աշխատանքային պլաններս թույլ չեն տալիս անձնական կյանքի մասին մտածել, ամեն դեպքում, ես, ինչպես նշեցի, ռեալ չեմ համարում որեւէ բան ծրագրել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս