Պատժամիջոցների տակ գտնվող ընկերությանը վստահելու հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ալյոտիգ» ընկերությունը, որը պետք է զբաղվեր Հայաստանում 3՝ Ողջիի, Փխրուտի եւ Արծվանիկի պոչամբարների վերամշակմամբ, ձախողել է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին դիմել է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջել «Ալյոտիգ» ընկերությանը սնանկ ճանաչել: Բանն այն է, որ ընկերությունը չի կատարել հարկային պարտավորությունները:

Այս ընկերությունը հաշվառված է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում: Հիշեցնենք, որ նախորդ տարի ՀՀ Ազգային ժողովում բուռն քննարկվեց Հայաստանի երեք խնդրահարույց պոչամբարներում` Ողջիում, Փխրուտում եւ Արծվանիկում կուտակվող թափոնների մշակման վերաբերյալ օրենքի նախագիծը: Ինչի ընթացքում ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորներ կասկածի տակ դրեցին ծրագրով հետաքրքրված ընկերության՝ «Ալյոտիգ»-ի գործունեության արդյունավետությունը:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը ցանկանում է վերամշակել Ողջիի, Փխրուտի եւ Արծվանիկի պոչամբարներում կուտակվող, ինչպես նաեւ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության հետեւանքով առաջացած արտադրական լցակույտերը:

Ըստ նախագծի` առաջին փուլում նախատեսվում էր 330 միլիոն դոլարի ներդրում անել: Այդ ընթացքում ծրագրով հետաքրքրված է եղել ՀՀ-ում գրանցված միայն մեկ կազմակերպություն, որն էլ համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կարող է արտադրական լցակույտերից արտադրանք ստանալ: Իսկ ծրագրին ֆինանսական աջակցություն էր տրամադրելու մետալուրգիայով զբաղվող միջազգային VSEI ձեռնարկությունների խումբը:

Նկատենք, որ օրենքով պոչամբարների վերամշակումը պետք է իրականացներ «Ալյոտիգ» ՍՊԸ-ն: Ավելին՝ «Ալյոտիգ» ընկերությունը խոստանում էր, որ պոչամբարների վերամշակման արդյունքում դրանց ռիսկայնությունը կնվազի, իսկ կոմպոզիտային թելերից կարտադրվեն գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցեր: Բացի այս՝ նրանք խոստանում էին, որ այս ամենի արդյունքում Սյունիքի մարզում շուրջ 1500 աշխատատեղ կբացվի: Եւ ամիսներ անց պարզվում է, որ դրանք միայն սին խոստումներ էին:

Ավելին՝ նախորդ տարվա հունիսին, երբ Ազգային Ժողովում բուռն քննարկվում էր «Ալյոտիգ»-ի՝ ՀՀ-ում 3 պոչամբարների վերամշակման մասին հարցը, ամիսներ անց՝ դեկտեմբերին, ֆինանսների նախարարությունը ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմում:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հայցի պատճառը եղել է ընկերության՝ պետական բյուջեի նկատմամբ ունեցած հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունները, որոնք դեռեւս նախորդ տարվա նոյեմբերի 25-ի դրությամբ կազմել են 13 մլն 436 հազար դրամ: Ի դեպ, նշենք, որ «Ալյոտիգ»-ը սահմանված ժամկետում գրավոր չի վիճարկել իր սնանկությունը: Արդյունքում դատարանի այս տարվա հունվարի 8-ի վճռով ընկերությունը ճանաչվել է սնանկ:

«Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել «Ալյոտիգ» ընկերության գլխավոր տնօրեն Մանվել Ոսկանյանի հետ, սակայն վերջինս չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Ալյոտիգ»-ի սնանկության գործով կառավարիչ Սարգիս Միրաքյանի հետ: Սակայն վերջինս լսելով ընկերության սնանկանալու մասին հարցը՝ անմիջապես հայտարարեց, որ ընկերությունը կարճ ժամանակահատվածում առողջացել է. «Այս պահին առողջացած է ընկերությունը: Գումարների չվճարման հետ կապված խնդիր կար, բայց նրանք այն արդեն վճարել են: Ֆինանսների նախարարությանը պարտքեր ունեին եւ դրանք մարեցին: Իրենք նույնիսկ տեղյակ չէին եղել, որ նախարարությունը դատարան է դիմել»:

Հարկ ենք համարում հիշեցնել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ԱԺ-ում այս նախագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթը. «Արդյոք կառավարությունը տեղյակ է, թե տվյալ ընկերությունն ինչ տեխնոլոգիաներով պետք է իրականացնի պոչամբարների վերամշակումը, եթե դրա փորձը չունի: «Ալյոտիգ» ՍՊԸ-ի անունը ոչինչ չի ասում, այն ունի՞ արտադրական թափոններ եւ պոչամբարներ մշակելու փորձ, թե՞ ոչ:

Իսկ մյուս կազմակերպությունը, որը հանդիսանում է գումար տրամադրողը՝ VSEI ձեռնարկությունների խումբը, որպես կողմ` անուն, ազգանուն նշված է Եվգենի Գիներ: Այս կազմակերպության գործունեության ուղղություններն են անշարժ գույքի առքուվաճառքը, հյուրանոցային բիզնեսը, տարբեր ոլորտներ, որոնք ընդհանրապես կապ չունեն գիտության եւ հանքարդյունաբերության հետ: Ու՞մ ենք մենք տրամադրում այսպիսի մոնոպոլիա: Այդ ընկերությունը, որը պետք է ներդրում կատարի, ռուսական է եւ այն պատժամիջոցների տակ է գտնվում: Իհարկե, գաղափարը ողջունելի է, բայց ես առաջարկում եմ, որ գործադիրը հետ վերցնի նախագիծը, քանի որ լսումների եւ լուրջ ուսումնասիրությունների կարիք կա»:

Ստացվում է, որ պատգամավորը չէր սխալվում: Եւ այս ամենի արդյունքում հայրենի կառավարությունը պատրաստվում է 3 խնդրահարույց պոչամբարների վերամշակումը վստահել նման ընկերության:

Արդյո՞ք պոչամբարների վերամշակման ծրագրում ներդրումներ եղել են, եւ ընկերությունն ի՞նչ գործունեություն է ծավալել կատարված ներդրումներով: Այս հարցերը, ցավոք, դեռ պատասխաններ չունեն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս