«Մի կաթիլ մեղր», «Իրական պատմություններ» ծրագրերից, «Իմ տունը քո տունը չէ» սերիալից, «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորցված եւ գտնված Հայաստանում», «Հրաձիգ 4» ֆիլմերից հայտնի դերասան Վարուժան Մանուկյանը վերջին շրջանում էկրաններին չի երեւում: Երկրպագուները անհանգստացած են եւ հետաքրքրվում են` ուր է «կորել» նա եւ ինչով է այժմ զբաղված:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դերասանը հույս հայտնեց, որ առաջիկայում իր լսարանին ուրախացնելու առիթ կունենա:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունից առաջարկ է ստացել նկարահանվելու նոր հեռուստածրագրում, որի շրջանակում կներկայացվեն ընտանեկան հարաբերություններին եւ սոցիալական խնդիրներին առնչվող սքեչեր. «Հաղորդումը, ամենայն հավանականությամբ, եթերում կլինի սեպտեմբերից: Եթե հեռուստադիտողը հիշում է, ես տարիներ առաջ նմանատիպ ծրագրերում հանդես եկել եմ»,-ասաց Վարուժանը:
Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանից հետաքրքրվեցինք` միայն թատրոնի աշխատավարձով ինչպես է կարողանում գոյատեւել եւ ընտանիք պահել. «Ես ինձ ավելի շատ համարում եմ թատրոնի դերասան, արդեն 15 տարի է` այնտեղ եմ աշխատում: Ամռանը մեզ մոտ երկու պրեմիերա եղավ, հիմա արձակուրդի շրջանում ենք, սեպտեմբերից կրկին կլինենք բեմում: Բայց պետք է նշեմ, որ միայն թատրոնում չէ, որ աշխատում եմ. ես նաեւ Հանրային հեռուստաընկերությունում ֆիլմերի ու մուլտֆիլմերի կրկնօրինակումներով եմ զբաղվում, անպես որ, պարապ չեմ մնում»,-ծիծաղելով պատասխանեց Վարուժանը:
«Արտավազդ» մրցանակի արժանացած դերասանը նաեւ հավելեց, որ եթե սերիալներից հարմար, հետաքրքիր առաջարկ ստանա, անպայման կընդունի այն:
Աննա Բաբաջանյան