ՀՈՏԱԾ Է ԳԼԽԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստորեն, Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունում, ի թիվս այլ թերությունների, տառապում են նաեւ անտեղյակության համախտանիշով: Մինչ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ փորձում էր վարչապետ Տիգրան Սարգսյանին տեղեկացնել, թե նա ինչ փաստաթուղթ է ստորագրել` այդ նպատակով վարչապետին ուղարկելով իր իսկ ստորագրությամբ հուշագիրը (հիշեցնենք` Տ. Սարգսյանը նախօրեին հայտարարել էր, թե ծանոթ չէ փաստաթղթին), երեկ կառավարության մեկ այլ անդամ է ի ցույց դրել իր անտեղյակությունը ոլորտում կատարվող կարեւոր իրադարձությունների շուրջ: Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը երեկ, պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչով է պայմանավորված Վերակառուցման եւ զարգացման  եվրոպական բանկի կողմից մեր երկրի տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումների կտրուկ իջեցումը մինչեւ 2,5 տոկոս,  զարմացած տեսքով ասել է. «2,5 տոկոս է իջեցրե՞լ, էդ ե՞րբ»: Փաստորեն, երկրի էկոնոմիկայի պատասխանատուն տեղյակ չէ  Հայաստանի երեք ամենախոշոր վարկային աղբյուրներից մեկի` ՎԶԵԲ-ի, օրեր առաջ անգամ  մամուլում հրապարակված «Տարածաշրջանային  տնտեսական հեռանկարներ» զեկույցին, որում  նշված է, որ  այս տարին Հայաստանը կփակի ընդամենը 2,5 տոկոս աճով, այն դեպքում երբ ՎԶԵԲ-ի հունվար-մայիս ամիսների նույնանուն զեկույցում  նախատեսվում էր, որ մեր երկիրը տարին կամփոփի 5 տոկոս աճով: Ընդ որում,  ՎԶԵԲ-ի վարկային փաթեթը Հայաստանում կազմում է շուրջ 700 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ  վերջերս էլ Հայաստանի հոսանքազրկման մասին իրականությունից հեռու հայտարարություն էր արել էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը, որը, սակայն, երկու օր անց հերքվել էր հայտարարության հասցեատիրոջ` Իրանի էներգետիկայի նախարարության կողմից: Տիգրան Սարգսյանի ղեկավարած «փառապանծ» կառավարության մյուս անդամների  պրոֆեսիոնալիզմի փայլատակումներին, թերեւս, չարժե անդրադառնալ` տեղի սահմանափակության պատճառով: Առավել եւս, որ այս կառավարության «թիմային պրոֆեսիոնալիզմի»  հավաքական  արտահայտությունը 2014թ. բյուջեի խղճուկ նախագիծն է, որը էլ ավելի վատն է, քան անգամ նախորդ տարվանը: Էլ չասած` կանխավ խոստացված 7 տոկոսանոց տնտեսական աճի փոխարեն ընդամենը 4.2 տոկոս նկարված ցուցանիշը, ինչն էլ երեկ հպարտությամբ նշեց Ավանեսյանը: Այսպիսով` ստացվում է, որ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունում հավաքված են անկարող եւ անտեղյակ մարդիկ, որոնք անգամ սեփական հայտարարություններին ու սեփական ստորագրությանը լուրջ չեն վերաբերվում:  Ու դա ամենեւին էլ զարմանալի չէ. եթե երկրի նախագահը խոստանում է, որ  7 տոկոս աճ չապահովելու դեպքում  այս կառավարությունը հրաժարական կտա, եւ նրա խոսքերն ունենում են ընդամենը քամի տատանելու էֆեկտ, ապա նման երկրի կառավարության անդամներն էլ, բնականաբար, պետք է աշխատեն այնպես, ինչպես որ աշխատում են:




Լրահոս