Բրազիլիայում ընթացող Օլիմպիական խաղերում կայացել են վոլեյբոլի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչները:
Բրազիլիայի ու Ռուսաստանի միջև խաղում մրցաշարի կազմակերպիչները 3:0 հաշվով (25:21, 25:20, 25:17) վստահ հաղթանակ են տարել: Այս թիմերը հանդիպել էին նաև Լոնդոն-2012-ի եզրափակչում, որում Ռուսաստանը 3:2 հաշվով առավելության էր հասել մրցակցի նկատմամբ և ոսկե մեդալներ նվաճել:
Մյուս կիսաեզրափակչում Իտալիայի ընտրանին ծանր հաղթանակ տոնեց ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ: Երրորդ մրցափուլում 9:25 հաշվով զիջելուց հետո, երբ ընդհանուր հաշիվը դարձավ 1:2, թվում էր, թե եվրոպացիները մոտ են հանձնվելուն, սակայն հաջորդ 2 մրցափուլերում նրանք կարողացան առավելության հասնել և հաղթանակ տոնել: Գրանցվել է 3:2 (30:28, 26:28, 9:25, 25:22, 15:9) հաշիվը:
Այսպիսով, վաղը կայանալիք եզրափակչում կմրցեն Բրազիլիան ու Իտալիան, որոնք ընթացիկ մրցաշարի խմբային փուլում արդեն մրցել են միմյանց հետ: Այդ խաղում «Սկուադրա աձուրան» հաղթել է 3:1 հաշվով: