Ո՞Վ Է ՕԵԿ-Ի ԷԳ ԱՌՅՈՒԾՆ ՈՒ ԼԱՉԱՌ ՏՂԱՄԱՐԴԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ ՕԵԿ խմբակցությունում իսկական խառնաշփոթ էր: Օգտվելով կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի բացակայությունից (նա երեկ մեկնեց Շվեյցարիա)՝ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հրատապ նիստ էր հրավիրել: Պատճառը, ինչպես պարզվեց, «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումն էր:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ պատգամավորական մանդատից հրաժարված Խաչիկ Հարությունյանին խորհրդարանում փոխարինելու է ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան՝ Լեւոն Դոխոլյանը, որին իր հարեւաններն առավել շատ ճանաչում են «Քույրիկ Լեւոն» ածականով: Այս լուրը վրդովվեցրել էր ոչ միայն Բիշարյանին, այլեւ ապագա պատգամավորին: Բիշարյանն անմիջապես խմբակցության «արտահերթ նիստ» էր հրավիրել խորհրդարանում եւ շուրջ 2 ժամ փորձում էր ՕԵԿ պատգամավորներից պարզել, թե ով է տեղեկություն տրամադրել «Ժողովուրդ» օրաթերթին: Անգամ ԱԺ էր «բերվել» մանդատազուրկ Խաչիկ Հարությունյանը, որպեսզի բացատրություններ տա Բիշարյանին: Վերջինս այնքան էր բարկացել, որ տղամարդ պատգամավորները խմբակցության նիստից դուրս գալուց հետո մեկիկ-մեկիկ մոտենում էին «Ժողովուրդ»-ի լրագրողին եւ բարձրաձայն խնդրում. «Կարո՞ղ ա ես եմ ասել էդ լուրը, ասե՛ք, թող մարդիկ իմանան»: Ու դա անում էին Բիշարյանի ներկայությամբ: Ահա թե ինչ «թունավոր» մթնոլորտում են պատգամավորներն օրինաց երկիր կառուցում:
Գրեթե նույն ժամանակ Բիշարյանի փեսա Լեւոնը համացանցում իր՝ հրապարակավ կասկածի առարկա դարձած տղամարդկությունն էր փորձում ի ցույց դնել. «Ընդհանրապես տղամարդու տղամարդկության վրա կասկածելը վտանգավոր «իրադարձություն» է ու կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ: Մեր երկիրը փոքր է ու կլոր, ավելին մի չոփով ծածկված չէ, հետեւաբար Աստված մի արասցե մի օր «Ժողովուրդ»-ի լրագրողուհին հանդիպի ինձ՝ նա անվարան կճաշակի իմ՝ տղամարդ լինելու անհերքելի փաստը՝ բոլոր հաճելի հետեւանքներով: Վերջինն իմիջիայլոց…»: Ահա թե ով է մտադիր զբաղվել օրենսդրական աշխատանքով: Բայց ուշագրավն այն է, որ այս խոսքերն անասելի դուր են եկել Հեղինե Բիշարյանին: Երբ լրագրողները երեկ փորձել են ՕԵԿ փոխնախագահից պարզաբանումներ պահանջել իր փեսայի վարքագծի մասին, նյարդայնացած Բիշարյանը «վրա է տվել» եւ խլել news.am-ի լրագրողի ձայնագրիչը, շրխկացնելով փակել նրա «նեթբուքը», ապա բղավել. «Այն դեպքում, երբ լրագրողը թույլ է տալիս անձնական վիրավորանք ինչ-որ մեկի հասցեին, ապա նա, հնարավոր է, որ ստանա համապատասխան պատասխան»: Ի դեպ, նա նաեւ նշել է, թե անգիր գիտի իր փեսայի ֆեյսբուքյան գրառման տեքստը` այդպիսով ի ցույց դնելով, թե ում ականջներն են թաքնված «Քույրիկ Լեւոնի» խոսքերի հետեւում:
Այնուամենայնիվ, մենք թերահավատ ենք, որ ապագա մանդատավորը մեր լրագրողուհուն հանդիպելուց հետո մինչեւ վերջ իրեն կկարողանա տղամարդավարի պահել: «Ժողովուրդ» օրաթերթը պատրաստվում է Լեւոնի նամակն ուղարկել հոգեբանական փորձաքննության, որի արդյունքները կհրապարակենք: Թող ՀՀ քաղաքացիները տեղյակ լինեն, թե ովքեր են հավակնում մտնել խորհրդարան: Իսկ մինչ այդ լավ կլինի՝ ՕԵԿ-ականները «տղամարդկային փորձարկումներն» անեն իրենց քաղաքական կառույցի ներսում՝ հասկանալու համար, որ ի տարբերություն վայրի բնության օրենքների՝ ՕԵԿ-ում դոմինանտ է էգ առյուծը: Սա իմիջիայլոց:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս