ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑ ԻՐ ՀԱՍՑԵԻՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում ՀՀ պետական բյուջեի նախագծի կամ բյուջեի կատարողականի հաշվետվության ներկայացման օրերը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու նրա կառավարության համար վերածվում են մղձավանջի: Նրանք ստիպված են ժամեր շարունակ նստել ԱԺ դահլիճում ու լսել իրենց հասցեին ամենավերջին քննադատությունը: Ու քանի որ այս տարիների ընթացքում Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակը գնալով ոչ միայն չի բարելավվում, այլ, ընդհակառակը, ավելի ու ավելի է վատթարանում, երկրաչափական պրոգրեսիայով ավելանում է քննադատությունների չափաբաժինը, ու սրվում՝ տոնայնությունը: Ընդ որում, հատկանշական է, որ Տիգրան Սարգսյանի կառավարության դեմ դուրս են եկել խորհրդարանական 6 խմբակցություններից 4-ը:
ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում այդպես էլ կիսատ մնացին 2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները, եւ իշխող մեծամասնությունն աշխատանքային օրվա ավարտից հետո ստիպված էր ժամը 18:30-ին արտահերթ նիստ հրավիրել: Իսկ մինչ այդ երեկ ոչ կոալիցիոն խմբակցությունների պատգամավորներն իրենց ելույթներում իշխանությունների «բմբուլները քամուն տվեցին»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը 2014թ. պետական բյուջեն որակեց «համակարգված կոռուպցիայի, պետական թալանի բյուջե», ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը բյուջեն որակեց «կաղ, թոփալ», իսկ Նիկոլ Փաշինյանն այն անվանեց «հուսահատ եւ անողնաշար»: «Բյուջեի նախագծում կառավարությունն օգտագործել է հարվածային բառապաշարի մի հուժկու զինանոց` զարգացնել, խթանել, բարձրացնել, հզորացնել, աջակցել, նպաստել, ամրապնդել, կատարելագործել, ընդլայնել, խորացնել, արդիականացնել, ներգրավել, բարեփոխել, կարգավորել, զորացնել, օժանդակել, նույնիսկ հանրահռչակել: Ահա այն բառերը, որոնք դուք կարող եք գտնել բյուջեի ուղերձում, բայց այդ փաստաթղթերին ծանոթանալիս հարց է առաջանում՝ գործո՞ւմ է այս կառավարությունը, որովհետեւ ՀՀ-ի առաջ ծառացած ամենալուրջ մարտահրավերի, աղքատության մասին բյուջեի ուղերձում որեւէ բառ չկա»,-ասաց նա: Ստեփան Դեմիրճյանն էլ նշեց, թե այս կառավարության օրոք ավելորդ է խոսել աղքատության վերացման, տնտեսության զարգացման, բիզնես միջավայրի բարելավման մասին. «Իշխանությունը խրված է կոռուպցիայի մեջ, եւ ամենաշահութաբեր բիզնեսն իշխանությունն է»:
ԲՀԿ-ական Վահան Բաբայանը նկատեց, թե ինքը դեռ նախորդ տարի` 2013թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ, հարցեր է բարձրացրել` կապված որոշակի ոլորտներում «եթե ոչ զավեշտալի, ապա, մեղմ ասած, ոչ առաջնային կարեւորություն ունեցող հատկացումների վերաբերյալ»: Սակայն, ըստ նրա, բյուջեն ընդունվեց, բայց հիմա կառավարությունը չի կարող լուծել 2013թ. բյուջեով իր առաջ դրված խնդիրները, հատկապես սոցիալական պրոբլեմները, ուր մնաց` դրանք անի հաջորդ տարի: Եվ նա կառավարությանը հարցրեց, թե երբ են իրենք իրենց վարած քաղաքականության համար ստանձնելու պատասխանատվություն. «Ո՞վ եւ ե՞րբ է պատասխանատու լինելու Հայաստանի տնտեսությունն արագորեն անդունդը գլորելու համար»:
ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ այն կառավարությունները, որոնց ծրագրերը չեն իրականացվում, որոնց կանխատեսումները չեն կատարվում, հրաժարական են տալիս, այնինչ Հայաստանում այդպես չէ: Մինասյանը, մեջբերելով իշխանությունների արդարացումները, որ եթե իրենք բարձրաձայնում են այդ ամենի մասին, նշանակում է` ազնիվ են ու գործում են թափանցիկ, հակադարձեց. «Դա ոչ թե թափանցիկության, այլ աներեսության մասին է խոսում»:
Նախարարները սկզբում ձանձրույթից «թթված դեմքով» նստած էին, երբեմն իրար հետ զրուցում էին կամ ինչ-որ թղթեր կարդում: Սակայն ժամանակ առ ժամանակ ստիպված էին նաեւ դիմել հակադարձումների: Միայն թե իշխանությունների պատասխանները, ինչպես միշտ, անհաջող էին: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, որն ազդվել էր Նիկոլ Փաշինյանի ելույթից, երեսով տվեց ընդդիմության ներսում եղած պառակտումները. «5 հոգով 15 երգ եք երգում»: Սակայն նա եւս խոստովանեց, որ 2014թ. պետական բյուջեն իրենց «երազանքների բյուջեն չէ», բայց քանի որ Շարմազանովը ՀՀԿ-ական է, ստիպված էր պաշտպանել ներկայացված փաստաթուղթը. «Երկրի առաջ 3 մարտահրավեր կա. մարտահրավեր մեկ` անվտանգության համակարգի ամրապնդում, մարտահրավեր երկու` աղքատության նվազեցում, եւ համար երեք` ծնելիության ավելացում: Այս բյուջեի մեջ կան այս հարցերի պատասխանները: Բավարար է, թե ոչ, ձեր ցանկությունների բյուջեն է, թե ոչ՝ դա այլ խնդիր է»: Իսկ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն էլ շտապեց ընդդիմությանը մեղադրել ամեն ինչում միայն վատը տեսնելու մեջ ու կոչ արեց հանել սեւ ակնոցները: «Չեք գտնի կառավարություն, որը քննադատության տեղիք չտա, բայց այսօր այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր կյանքում, բացի բացասականից, նեգատիվից, որեւէ դրական, որեւէ հույս, ապագայի միտում գոյություն չունի: Այդպիսի մթնոլորտում որեւէ մեկը որեւէ ձեւով չի կարող հանգիստ եւ արդյունավետ աշխատել, ստեղծագործել»,-շատ բարի տոնով սկսեց հանդուրժողականություն քարոզել նա:
Ի դեպ, իր եզրափակիչ ելույթում վարչապետ Տիգրան Սարգսյանն ուշագրավ հայտարարություն արեց. նա ասաց որ ընդդիմության քննադատություններն ու բացահայտումներն օբյեկտիվ են, որ իրենք ընդունում են այդ ամենը, ավելին, արտագաղթի եւ աղքատության մասին նաեւ իրենք են բարձրաձայնում: Սակայն կոչ արեց քննադատել, բայց չվիրավորել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս