ԲԱՆԿԸ ՉԻ ՎՃԱՐԵԼ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 11-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որը «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ն, որը «Միկա ցեմենտ» գործարանի կառավարիչն է, չի վճարել իր աշխատակցի 5 ամսվա աշխատավարձը, ինչի հետեւանքով 49-ամյա Արմենը մահացել է հենց գործարանի մուտքի մոտ: Հրապարակումից հետո բանկը սպառնալիքներով լի հայտարարություն է տարածել, սակայն իրականությունը, ինչպես միշտ, միանգամայն այլ է:
Ընդհանրապես վերջին շրջանում նորաձեւ է դարձել «Ժողովուրդ»-ի հրապարակումների մասով սպառնալիքներ տեղալն ու դատարանով վախեցնելը: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նույնն արեց, բայց դատարանից դեռ ոչ մի փաստաթուղթ չենք ստացել:
Իսկ ի՞նչն էր բարկացրել բանկին:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ հոկտեմբերի 31-ին «Միկա ցեմենտ»-ի աշխատակից Արմենը (ազգանունը Ռաֆայելյան) գնացել էր գործարան եւ պահանջել իր 5 ամսվա չստացած աշխատավարձը: Տնօրինությունը հրաժարվել էր այն վճարել՝ նշելով, թե չկա, ու չեն էլ կարող տալ: Պատասխանը զայրացրել էր Արմենին, եւ գործարանի մուտքի մոտ 49-ամյա տղամարդու ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր. նա սրտի կաթվածից տեղում մահացել էր: Եվ միայն մահից հետո էր «Միկա ցեմենտ»-ի տնօրինությունը փոխանցել նրա աշխատավարձը:
Իհարկե, սա միակ ուշագրավ դեպքը չէ, որ արձանագրվել է «ՎՏԲ» բանկի շուրջ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը, պահպանելով լրագրողական էթիկայի նորմերը, զանգահարել էր «ՎՏԲ Հայաստան» բանկին՝ պահանջելով պարզաբանում տալ չվճարված աշխատավարձերի մասին, որի արդյունքում մարդկային կորուստ էր եղել: Երկու օր սպասելուց հետո բանկի լրատվական բաժնի աշխատակից Նորան բանավոր ասել էր, թե իրենք մեկնաբանելու բան չունեն ու վերջ:
Բայց երբ նյութը հրապարակվեց, «ՎՏԲ Հայաստան» բանկը հիշեց, որ, այնուամենայնիվ, պարզաբանման անհրաժեշտություն կա, ու փոխանակ դա աներ ի սկզբանե, սկսվեցին հաթաթաներ, թե «հրապարակված նյութի ոչ հավաստի բնույթի հետ կապված՝ բանկը կայացրել է որոշում հայց ներկայացնել ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի՝ բանկի գործարար համբավն արատավորող տեղեկություն տարածելու համար»:
«Ժողովուրդ» օրաթերթն էլ փորձեց բանկի հրապարակած տեղեկության ճշմարտացիությունը պարզելու նպատակով զրուցել տուժող Արմենի կնոջ` Սաթենիկի հետ: Նրա խոսքով՝ գործարանն իսկապես չի վճարել իր ամուսնու 3-4 ամսվա աշխատավարձը. «Տնօրինության ասածը չի համապատասխանում իրականությանը: Ես հստակ չգիտեմ՝ Արմենը դեպքի օրը գործարան է գնացել աշխատավարձի պահանջով, թե այլ նպատակով, բայց որ գործարանը պարտք ունի, փաստ է»: Ավելին, ըստ տիկին Սաթենիկի՝ իր ամուսնու մահվան դեպքից երկու ժամ հետո գործարանի տնօրինությունը շատ արագ փոխանցել է ամուսնու չվճարված աշխատավարձի որոշ մասը. «Հստակ չգիտեմ՝ ինչքան են փոխանցել, քանի որ մենք վարկ ունենք, ու գումարը ամուսնուս քարտից միանգամից գանձել են: Այդ վարկերը նրան անունով են»:
Տիկին Սաթենիկը տեղեկացրեց նաեւ, որ ինքը նույնպես աշխատում է «Միկա ցեմենտ»-ում, ու այս օրերին գործարանն իրենց եւս աշխատավարձի պարտք ունի, իսկ թե քանի ամսվա, չկարողացավ հստակ ասել. «Գրեթե բոլոր աշխատողների հետ էլ պարտք ու պահանջ ունեն: Ի՞նչ ասեմ, թող դեպքից առաջ այդ գումարը տային, ոչ թե դեպքից հետո: Մենք դոմիկում ենք ապրում, փոքր երեխաներ ունենք, ու այս դեպքն էլ եղավ: Չգիտեմ, թե ինչ անեմ: Շվարած եմ»:   
Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթը եւս մեկ անգամ ապացուցեց, որ անհիմն որեւէ բան չի գրում: Մենք փաստերը գրում ենք միայն ստուգելուց հետո: Ակնհայտ է, որ «ՎՏԲ» բանկը, որը մշտապես ոչ հաճելի պատմությունների մեջ է հայտնվում, այս դեպքում եւս օրաթերթին մեղադրելիս ազնիվ չի եղել: Կոնկրետ դեպքում ՀՀ քաղաքացին մահացել է գործարանի մուտքի մոտ, ու պատասխանատուները, փոխանակ հետեւություն անեն, ներողություն խնդրեն, փորձում են «դիակների վրայով» անգամ հեղինակություն փրկել: Մենք սպասում ենք «ՎՏԲ» բանկի դատական հայցին: Մնացած փաստերը կներկայացնենք դատարանում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս