ՀԴՄ-ՆԵՐԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՀԵՏԵՎԱՆՔ ԿՈՒՆԵՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա դեկտեմբերի 1-ից նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառումը պարտադիր է դառնալու այն հարկատուների համար, որոնց կողմից ՀՀ ներմուծված ապրանքների մաքսային արժեքը հանրագումարով կկազմի  է 10 մլն դրամ եւ ավելի: Սակայն ուշագրավ է, որ նոր սերնդի ՀԴՄ-ները ՓՄՁ-ները կարող են ձեռք բերել միայն մեկ կազմակերպությունից՝ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ից, ինչն էլ մտահոգության առիթ է տվել Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատին (ՀԱԱՊ):
ՊԵԿ Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակի սահմանված արժեքով ՓՄՁ-ների կողմից նոր սերնդի ՀԴՄ-ի ձեռքբերումը լրացուցիչ չնախատեսված ծախս է, որը կարող է կործանարար լինել տնտեսվարողի համար: Ավելին, սահմանված պարտադիր ժամկետները խախտելու դեպքում կազմակերպությունների նկատմամբ կկիրառվեն մի շարք տուգանքներ մինչեւ 300.000 ՀՀ դրամի չափով, ինչը, բնականաբար, մեծ խնդիրներ կստեղծի  ՓՄՁ-ների համար:
Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատը նախօրեին հայտարարություն էր տարածել` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ նոր սերնդի ՀԴՄ-ները կարող են ձեռք բերվել միայն մեկ կազմակերպությունից՝ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ից: ՀԱԱՊ-ի տարածած հայտարարության համաձայն՝ անընդունելի է նաեւ նոր սերնդի ՀԴՄ-ների վաճառքը նույն արժեքով թե՛ խոշոր, թե՛ փոքր եւ միջին ձեռնարկությունների համար՝ հաշվի առնելով վերջինների գնողունակությունը:
Այս կապակցությամբ, սակայն, ՊԵԿ-ի հասարակայնության հետ կապերի եւ լրատվական բաժնից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման գները խոշոր եւ մանր բիզնեսի համար հստակ տարբերակված են: Այս տարվա հոկտեմբերի 31-ին ՀՀ կառավարությունը ՊԵԿ Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակին թույլատրել է 2012թ. արդյունքներով 58.35 միլիոն դրամից մինչեւ 500 միլիոն դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին ՀԴՄ-ների իրացման գին սահմանել առավելագույնը մինչեւ 280 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), 2012թ. արդյունքներով 58.35 միլիոն դրամից պակաս իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին ՀԴՄ-ների իրացման գին սահմանել առավելագույնը մինչեւ 150 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Այսպիսով՝ 58.35 միլիոն դրամից մինչեւ 500 միլիոն դրամ շրջանառություն ունեցող եւ մինչեւ 58.35 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ԱԱՀ վճարող համարվողների համար սահմանվում են ՀԴՄ-ների ձեռքբերման ավելի ցածր գներ:
Ի դեպ, գործարարներին մեկ ամիս ժամանակ էր տրվել, որպեսզի նրանք հասցնեն ՀԴՄ-ներ ձեռք բերել նոր գներով: Այսինքն՝ նոր սերնդի ՀԴՄ-ները պետք է կիրառվեին նոյեմբերի 1-ից, ինչը, սակայն, տեղի չունեցավ: Այս կապակցությամբ եւս ՀԱԱՊ-ը հայտնել է իր մտահոգությունը` նշելով, որ ՀԴՄ-ների կիրառման պարտադիր ժամկետները սահմանող կառավարության որոշումը հրապարակվել է 2013-ի սեպտեմբերի 5-ին՝ այդպիսով կազմակերպություններին երկու ամսից քիչ ժամանակ տրամադրելով նոր սերնդի ՀԴՄ-ների գնումը եւ կիրառումը կազմակերպելու համար: Ուստի ՀԱԱՊ-ը պահանջում է հարկ վճարողներին տրամադրել առնվազն ութ ամիս ժամանակ նոր սերնդի ՀԴՄ-ները ներմուծող միակ կազմակերպությունից դրանք գնելու կամ ավելի մատչելի տարբերակներ որոնելու համար:
Խնդրի վերաբերյալ մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ-ից ներկայացրին հետեւյալ պարզաբանումը. «Գրությամբ ներկայացված դեպքում այն հարկ վճարողների համար (անկախ ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու հանգամանքից), որոնց կողմից 2012-ի ընթացքում կամ 2013-ի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ՀՀ ներմուծված ապրանքների մաքսային արժեքը հանրագումարով կազմել է 10.0 մլն դրամ եւ ավելի, նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառումը պարտադիր է 2013-ի դեկտեմբերի 1-ից: Ընդ որում, բացի նշված հարկ վճարողներից եւ ԱԱՀ վճարողներից՝ մնացած դեպքերում նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառումը պարտադիր է 2014-ի հուլիսի 1-ից»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս