ԱՅՍ ԱՆԳԱՄ «ՆՈՐՎԻ՞Կ»-Ը ՉԷՐ
Օրերս «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր դիմել «Նորվիկ» ունիվերսալ վարկային կազմակերպության (ՈՒՎԿ) գործունեությունից բողոքող քաղաքացի Վարդան Հովսեփյանը՝ նշելով, որ կազմակերպությունը փաստաթղթերի կեղծման միջոցով իրենից հավելյալ 400.000 դրամ է ցանկանում գանձել: Երեկ մեզ հետ կապ հաստատեցին «Նորվիկ» ՈՒՎԿ-ից եւ նշեցին, որ իրենց մոտ նշյալ անվամբ վարկառու չկա գրանցված, եւ Վարդան ներկայացած քաղաքացին փորձում է իրենց զրպարտել: Փորձեցինք կապ հաստատել նշյալ քաղաքացու հետ, սակայն վերջինիս հեռախոսը շարունակ անջատված էր: Ու սա առիթ է տալիս կասկածելու, որ այս պարագայում կարծես թե քաղաքացին չափազանցնում էր:
ՎԱՐԴԵՆԻՍՑԻՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ
Վարդենիս քաղաքի Երեւանյան 1 հասցեում կառուցվող դեղատունն առաջացրել էր քաղաքացիների վրդովմունքը: Բանն այն է, որ, ըստ վարդենիսցիների, դեղատունը բացում էր իրենց քաղաքում շատ հայտնի Համլետ Մելքոնյանը: Նամակագիրները լուրջ կասկածներ ունեին, որ դեղատանը վաճառվելու էին քաղաքի պոլիկլինիկայի դեղերը: «Վարդենիսում ոչ ոք չի կասկածում, որ, բացի օրինական ստացված դեղերից, նաեւ պետական միջոցներով բնակչությանն անվճար հասանելիք դեղերը պոլիկլինիկայից կվաճառվեն Մելքոնյանի դեղատանը, քանի որ նրա երկու աղջիկները՝ Քրիստինեն եւ Լուսինեն, աշխատում են Վարդենիսի պոլիկլինիկայում»,-թերթերին ուղղված նամակում գրել էին մի շարք վարդենիսցիներ:
Եվ ահա ՀՀ առողջապահության նախարարությունը որոշեց այս անգամ ականջալուր լինել բնակիչների խոսքին, ու երեկ մեզ պաշտոնապես տեղեկացրին, որ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման գործակալության կողմից Վարդենիս քաղաքի Երեւանյան 1 հասցեում դեղատնային գործունեության լիցենզիա չի տրամադրվել: Այսպիսով՝ վարդենիսցիները հաղթեցին: