Երևանում ընթացող ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկությունն ավարտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվեց ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի մրցաշարը: Այն օգոստոսի 16-21-ն անցկացվեց Հայաստանում:
Օգոստոսի 20-ին` խաղարկության նախնական փուլի 3-րդ խաղային օրը, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում տեղի ունեցան «Ֆուտզալ Մանիակս»-«Գենտոֆտե» և «Ապոել»-ՀՊՏՀ հանդիպումները:
Շվեյցարական «Ֆուտզալ Մանիակս»-ի և դանիական «Գենտոֆտե»-ի միջև տեղի ունեցած խաղն ավարտվեց 8:2 հաշվով` «Գենտոֆտեի» հաղթանակով:
Կիպրոսի «Ապոել»-ՀՊՏՀ հանդիպումն ավարտվեց 7:7 հաշվով: Ընթացավ դիտարժան ու գոլառատ խաղ:

Խաղի սկզբում «ՀՊՏՀ»-ն 2:0 հաշվով պարտվում էր, այնուհետև հաջողվեց հաշիվը հավասարեցնել, հաշվի մեջ առաջ անցնել: Սակայն հետո կիպրոսցիները հավասարեցրին հաշիվը, խաղի վերջում այն դարձավ 6:6, հետո 7:6` հօգուտ «ՀՊՏՀ»-ի: Բայց, ի վերջո, կիպրոսցիներին հաջողվեց հաշիվը հավասարեցնել` 7:7 և այն պահել մինչև խաղի վերջ:
Խաղարկության նախնական փուլի բոլոր խաղերի արդյունքներով` «Ապոել»-ն ունի 7, «Գենտոֆտե»-ն 6 և «ՀՊՏՀ»-ն 4 միավոր:
ՀՊՏՀ ֆուտզալի թիմի մարզիչ Կարեն Միքայելյանը գոհ է նորաստեղծ ՀՊՏՀ թիմի խաղացողներից: Ըստ նրա` խաղարկության ընթացքում թիմին պակասում էր փորձը և բախտը: Մարզիչը նշեց. «Սա մեզ համար փորձություն էր հետագայում ավելի վստահ հանդես գալու համար: Ուղղակի առաջին և վերջին խաղերի ընթացքում բախստներս չբերեց»:
Կարեն Միքայելյանի համոզմամբ` ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի մրցաշարի անցկացումը Երևանում կբարձրացնի ֆուտզալի նկատմամբ հայ երիտասարդների ու պատանիների հետաքրքրությունը, մանավանդ, որ խաղերի ընթացքում դահլիճում ներկա էին մեծաթիվ երիտասարդներ:

Գնահատելով մրցաշարը` «ՀՊՏՀ»-ի մարզիչը հայտնեց, որ մասնակցում էին ուժեղ թիմեր. «Ապոել»-ն ավելի փորձառու թիմ էր, իսկ «ՀՊՏՀ»-ի թիմը` դեռ նորաստեղծ:
Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի բոլոր խաղերի արդյունքներով` ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության հաջորդ փուլի միակ ուղեգիրը նվաճեց «Ապոելը»:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս