ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆՀԵԹԵԹ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի բնակիչ, 1968 թվականին ծնված Գրիգոր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունիսի 8-ից մինչեւ 12-ն ընկած ժամանակահատվածում, հյուրընկալվելով Իջեւան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 2 հասցեում բնակվող Սուսաննա Հակոբյանի տանը, 2013թ. հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը, օգտվելով տանտերերի քնած լինելու հանգամանքից, բացահայտ կերպով Սուսաննա Հակոբյանի ներկայությամբ հափշտակել է վերջինիս որդուն՝ Հարություն Բազինյանին պատկանող սպորտային ճամպրուկը, որի մեջ եղել են օգտագործված վերնազգեստ, վարտիք, անդրավարտիք, բաճկոն՝ պատճառելով ընդհանուր 1550 դրամի նյութական վնաս: Ճամպրուկի մեջ եղել են նաեւ շրջանառությունից դուրս եկած ռուսական 60 ռուբլի եւ 200 կոպեկ:
Գ. Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով (գողությունը): Այս հոդվածը որպես պատիժ նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: Նախկինում չդատված Գ. Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրում նշանակված է նոյեմբերի 21-ին: Ամենայն հավանականությամբ, Գ. Հայրապետյանի նկատմամբ դատարանը կկիրառի ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի որոշումը, եւ նա կազատվի քրեական պատասխանատվությունից:

ԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԿԱՆ
Առաջիկա կիրակի՝ նոյեմբերի 17-ին, Իջեւանի շրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղում կկայանան ավագանու ընտրություններ: Շուրջ 3600 բնակիչ ունեցող համայնքի ավագանու 9 տեղի համար գրանցված է 11 թեկնածու: Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից (նստավայրը` Նոյեմբերյան քաղաք) տեղեկացանք, որ ըստ ներկայացված փաստաթղթերի` 11 թեկնածուից 8-ը չի աշխատում: Նրանցից 8-ն անկուսակցական է, 2-ը` ՀՀԿ, մեկը` ՀՅԴ անդամ:  Ի դեպ, թեկնածուներից 4-ը կանայք են:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս