Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի առաջնության` երեկ կայացած վերջին տուրից առաջ արդեն հայտնի էր չեմպիոնը։ Այն բանից հետո, երբ նախորդ օրն Արեգ Վաթյանի գլխավորած «Արցախ»-ը 81:71 հաշվով առավելության հասավ «Գրանդ սպորտ»-ի նկատմամբ, դարձավ անհասանելի։ Առաջնությանը մասնակցում էին Երեւանի «Նաիրի»-ն, «Գրանդ սպորտ»-ը եւ «Ինժեներ»-ը, Արթիկի, Գյումրու եւ Արցախի համանուն թիմերը: Առաջնության մասին կարծիք հայտնեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ Դրաստամատ Մուրադյանը: -«Արցախ»-ը գերազանց խաղ ցուցադրեց եւ արժանիորեն դարձավ չեմպիոն։ -Թիմում արցախցիներ կա՞ն, թե՞ միայն անունն է։ -Խաղացողները ե՛ւ Արցախից են, ե՛ւ Երեւանից։ -Առաջնությանը լեգեոներներ մասնակցո՞ւմ էին։ -Վրաստանից լեգեոներ կա հենց «Արցախ»-ի կազմում։ Նաեւ սիրիահայեր են մասնակցում առաջնությանը։ -Մարզերի թիմերը խաղի մակարդակով շա՞տ են տարբերվում մայրաքաղաքային թիմերից։ -Այս տարվա առաջնության մակարդակն ընդհանրապես բավականին բարձր էր, եւ տարբերություն չկա՝ Երեւանի, թե մարզերի թիմ էր։ Նույն Արցախի թիմը զբաղեցրեց առաջին տեղը, Արթիկի թիմը պայքարում է երկրորդ տեղի համար, Գյումրու թիմը վատ հանդես չեկավ։ -Վերջերս ամերիկահայ բասկետբոլիստներով կազմավորվեց մեր ազգային հավաքականը։ Կա՞ն արժանի տեղացի բասկետբոլիստներ, որոնք կարող են համալրել հավաքականի կազմը։ -Երբ ամերիկահայերից կազմավորված հավաքականի անդամները եկել էին Հայաստան, թիմի հավաքներին տեղի մարզիկներից էլ էին հրավիրվել։ Կան խաղացողներ, ովքեր չեն զիջում ԱՄՆ-ից եկածներին, եւ ինձ թվում է՝ մարզիչը նրանց էլ կընդգրկի հավաքականի կազմում։ -Իսկ Սիրիայից, Լիբանանից, Վրաստանից, այլ երկրներից հայազգի բասկետբոլիստներ կընդգրկվե՞ն հավաքականի կազմում։ -Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ -Ի՞նչ ծրագիր ունի հավաքականը։ -Հավաքականի առաջիկա ծրագրերում Եվրոպայի 2014թ. C դիվիզիոնի առաջնությանը մասնակցելն է։ Ընդ որում, հնարավոր է, որ այն տեղի ունենա Հայաստանում։ Այդ ուղղությամբ էլ են աշխատանքներ տարվում։ -Իսկ «Արցախ»-ը կմասնակցի՞ Եվրալիգայի մրցաշարին։ -Հնարավորությունը կա, բայց հաղթող թիմը պետք է համալրվի թե՛ տեղի այլ ակումբների ուժեղ խաղացողներով, թե՛ լեգեոներներով, եւ այդ դեպքում մասնակցությունն իմաստ կունենա։ -Ավելի վաղ ավարտվել էր կանանց առաջնությունը, այն ինչպե՞ս ընթացավ։ -Կանանց առաջնությունում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Երեւանի «Էրեբունի» թիմը, երկրորդը՝ Հայ-սլավոնական համալսարանի հավաքականը, երրորդը՝ Գյումրու թիմը։ -Երբեւէ «Հատիս»-ի նման թիմ ունենալու հնարավորություն կստեղծվի՞։ -«Հատիս»-ում հիմնականում լեգեոներներ էին, մինչդեռ մեր առաջնությանը մասնակցում էին տեղի բասկետբոլիստուհիները, իսկ այդ խաղացողներով նման բարձր մակարդակի թիմ հնարավոր չէ ունենալ։