Քաղաքական կուսակցություններն այսօր հիմնականում իրենց նեղ կուսակցական շահերն են հետապնդում, իրենց յուրայիններին են տաքուկ պաշտոնների տեղավորում, իսկ օրեցօր դատարկվող ու աղքատացող երկրի մտավորականությունն էլ, պարգեւներ ստանալով կամ ստանալու ակնկալիքով, հիմնականում լռում է։ Ո՞րն է երկրի հետզհետե ավելի ծանրացող վիճակից դուրս գալու ելքը, ի՞նչ պետք է անի մտավորականությունը։
Այս հարցն ուղղեցինք գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանին։
-Որ հասարակական ակտիվություն է նկատվում, շատ լավ է, մանավանդ լավ է, որ երիտասարդությունն է այնտեղ դեր խաղում։ Գրողներից պահանջները մի քիչ շատ են։ Եթե ուսումնասիրություն կատարեք, դժվար թե որեւէ նորմալ երկրում գրողներին ժողովուրդը նման պահանջներ ներկայացնի, ինչպես որ ներկայացվում է մեզ մոտ։ Օրինակ՝ Սելինջերին, Հեմինգուեյին կամ որեւէ այլ հայտնի գրողի ժողովուրդը չի ասել՝ ինչու ձայն չեք հանում։ Այդ եւ այլ հայտնի գրողներ իրենց գործով են զբաղվել, իրենց գործով են ասելիքը ներկայացրել։ Բայց մեզ մոտ ժողովուրդը պարզապես այլ ճար չունի, ուստի ստիպված դիմում է մտավորականությանը, մեղադրում նրան, որ ակտիվ չէ։ Եվ մեզ մոտ մտավորականը, գրողը պետք է իրենց խոսքն ասեն։ Մեր դեպքում դա պետք է, բայց այլ երկրներում դա շռայլություն է, այդպիսի բան չկա աշխարհում։ Դա, իհարկե, մինուս է մեզ, երկրի համար ընդհանրապես, որովհետեւ ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի։ Ես պետք է վեպ գրեմ ու կարող եմ նաեւ մասնակցել, օրինակ, Մաշտոցի պուրակի համար պայքարին, բայց դա պարտադիր չպետք է լինի. կարող եմ մասնակցել, կարող եմ չմասնակցել։ Դա, կրկնում եմ, նորմալ երկրի դեպքում, բայց մեզ մոտ դա, դժբախտաբար, հնարավոր չէ, եւ գրողներն էլ պիտի մասնակցեն նման միջոցառումներին, իրենց ձայնը հնչեցնեն։
-Վերջերս ստեղծագործական միությունների համագումարներ եղան, Դուք ի՞նչ տպավորություն ստացաք դրանցից, մասնավորապես ՀԳՄ համագումարում գրողի, մտավորականի մտահոգ խոսք լսեցի՞ք։
-Այդ համագումարներին չեմ մասնակցել, սակայն դատելով մամուլի հրապարակումներից` ՀԳՄ համագումարում գրողական հարցեր առաջ չքաշվեցին, որովհետեւ օրակարգում միայն Հայաստանի գրողների միության նախագահի ընտրությունն էր, եւ երկար-բարակ խոսելու կարիք չկար։ Պարզապես ես ինձ վատ եմ զգում, որ, ինչքան գիտեմ, համագումարը կիրթ մթնոլորտում չի անցել, եւ այդ ոչ կիրթ մթնոլորտը, ցավոք, ծանոթ է ինձ նախորդ համագումարներից։ Կարծես թե կոմպոզիտորների միության համագումարն ավելի հանգիստ է անցել։
-Վարդան Պետրոսյանի վթարի, նրա ձերբակալության մասին այսօր գրեթե բոլորն են խոսում։ Ո՞րն է Ձեր վերաբերմունքն այս հարցի շուրջ:
-Երկուսն էլ, երկու կողմն էլ մեղք են, շատ-շատ մեղք են։ Ե՛վ Վարդանն է մեղք, ե՛ւ նրանք՝ զոհերն ու նրանց հարազատները… Եվ այս դեպքում զգացմունքայինն ավելի շատ է, քան գիտակցականը, ու դժվար է խոսելը։
-Այս տարի նշվեց Ձեր 75-ամյակը։ Արդեն յոթանասունհի՞նգ, թե՞ դեռ յոթանասունհինգ։ Ի՞նչ անելիքներ կան։
-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ ես պիես եմ գրել, որը Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կներկայացվի երեւի մինչեւ եկող տարվա առաջին կիսամյակը։ Այն կոչվում է «Փարիզյան դատավճիռ», բեմադրիչը Արմեն Խանդիկյանն է։ Արդեն դերաբաշխումն արված է, ձեւավորումը պատրաստ է, ու շուտով կսկսվեն փորձերը։ Դա «ԱՍԱԼԱ»-ի դատավարությունն է Փարիզում, այնտեղ մի հետաքրքիր դրվագ կա։ Դատի արձանագրությունը պահպանված է, եւ դատավորը մասնավորապես ասում է. «Ինչպես նկատեցիք, ես խուսափեցի նրանց ահաբեկիչներ կոչել եւ ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս նրանց այդպես կոչել»։ Դա շատ կարեւոր բան է, շատ։ Այդ պիեսն է։ Ինչ վերաբերում է տարիքին, ապա ասեմ, որ 75 տարին մի քիչ վախեցնող է, եւ ես չեմ ուզում այդ մասին շատ խոսել։ Ասում են` մարդն այնքան տարեկան է, որքան ինքն է զգում իրեն, բայց դա սուտ բան է, ընդամենը մխիթարություն է, ինքնախաբեություն. 75-ը 75 է, ու պիտի ապրես այդ տարիքի թելադրած օրենքներով։ Այդքան բան։
ԱՄԵՆ ՄԱՐԴ ՊԵՏՔ Է ԻՐ ԳՈՐԾՈՎ ԶԲԱՂՎԻ… ՆՈՐՄԱԼ ԵՐԿՐՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ