ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ժամանակավոր եւ մշտական կացության կարգավիճակ, ինչպես նաեւ մուտքի վիզա ստանալու համար գործո՞ւմ են պետական տուրքից ազատվելու որոշակի արտոնություններ:

Ալբերտ Մանուկյան (42 տարեկան, մարզիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ժամանակավոր եւ մշտական կացության կարգավիճակ, մուտքի վիզա ստանալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են.
ա) ՀՀ նախագահի, ԱԺ-ի եւ կառավարության կողմից աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետներն ու նրանց ընտանիքի անդամները,
բ) ՀՀ-ին մարդասիրական եւ տեխնիկական օգնություն ցույց տալու նպատակով ՀՀ ժամանող անձինք: ՀՀ օրենսդրությամբ ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ մարդասիրական օգնության եւ բարեգործական ու տեխնիկական բնույթի իրականացնում է ՀՀ կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմինը,
գ) ՀՀ քաղաքացու մերձավոր ազգականները (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր),
դ) ՀՀ-ում հանրակրթական եւ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող, աշխատող օտարերկրյա անձինք,
ե) մինչեւ 18 տարեկան անձինք,
զ) դիվանագիտական անձնագրերով ՀՀ մուտք գործող անձինք, ինչպես նաեւ ՀՀ-ում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները,
է) ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, ՍԴ նախագահի, վարչապետի կամ ԱԳ նախարարի, մարդու իրավունքների պաշտպանի հրավերով ՀՀ այցելող պաշտոնական անձինք եւ պատվիրակությունների անդամները,
ը) փախստականի կարգավիճակ ստացած անձի՝ ՀՀ ժամանող մերձավոր ազգականները,
թ) ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում (Լիբանանի Հանրապետություն, Սիրիայի Արաբական Հանրապետություն) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ
վիզաների վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում ներկայացված է գործող պետտուրքից ազատվելու իրավունք ունեցող անձանց ցանկը: Մնում է` այն գործի առանց բացառությունների:




Լրահոս