ՀԱՐՑ. Եթե անձը ժամանակին պարտադիր զինվորական ծառայությունից խուսափել է եւ այժմ գտնվում է ՀՀ-ից դուրս, բայց ցանկանում է պետական բյուջե համապատասխան վճարները մուծել, կարո՞ղ է վճարումներ կատարել միջնորդավորված եղանակով՝ առանց նախապես Հայաստան վերադառնալու:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացին կարող է ցանկացած անձի նոտարական կարգով լիազորել իր անունից հանդես գալ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, ներկայացնել դիմումներ, ինչպես նաեւ կատարել վճարներ: Ավելին, նա կարող է լիազորել նույն անձին՝ ստանալ իր զինվորական գրքույկը: Խուսափած քաղաքացու անունից կարող է հանդես գալ նաեւ նրա ծնողը, որդեգրողը կամ խնամակալը՝ առանց որեւէ լիազորագրի (ամեն դեպքում, լիազորագրի առկայությունը պարտադիր է լինելու զինվորական գրքույկը ստանալու ժամանակ):
Ստացվում է, որ խուսափած քաղաքացու համար նախապես Հայաստան վերադառնալը պարտադիր չէ. նա կարող է վերադառնալ քրեական հետապնդումը դադարեցվելուց, զինվորական հաշվառման վերցվելուց եւ զինվորական գրքույկը միջնորդավորված ստանալուց հետո:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնի է, որ գործում է նման օրենք, որը թույլ է տալիս պարտադիր զինծառայությունից խուսափած երիտասարդներին կատարել համապատասխան վճարները եւ ստանալ զինգրքույկ: Բայց բոլոր դեպքերում ցանկալի չէ, որ նման կարգով զինգրքույկ ստացածները մեծ թիվ կազմեն: