Նախօրեին Սերժ Սարգսյանն անսպասելիորեն որոշեց լուծարել «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը:
«Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը եւ 18-րդ հոդվածը. 1. Լուծարել «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը»,-նշված էր պաշտոնական հաղորդագրության մեջ:
Թե ինչու որոշվեց 2008 թվականից ձեւավորված կառույցն այժմ լուծարել, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանից եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանից:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյան
-Պարո՛ն Սահակյան, նախօրեին Սերժ Սարգսյանը որոշում կայացրեց լուծարել «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը: Այս փուլում նման որոշում կայացնելու անհրաժեշտությունը ինչո՞վ էր պայմանավորված:
-Ազգային անվտանգության խորհուրդը վերաձեւակերպվում է, դառնում է քարտուղարություն, նախագահի որոշման մեջ էլ նշված է, որ կառուցվածքային առումով կվերաձեւավորվի, որպեսզի կարողանան իրականացվել ազգային անվտանգության հետ կապված թե՛ արտաքին, թե՛ ներքին բոլոր խնդիրները, գործառույթները: Ամենակարեւորը անվտանգության խորհուրդը նոր Սահմանադրությամբ ունի նոր լիազորություններ, դա նաեւ որոշումներ կայացնելու լիազորությունն է, որպեսզի այս ընթացքում, մինչեւ 2017-2018 թվականի խորհրդարանական ընտրությունները, մինչեւ Սահմանադրության լիարժեք ուժի մեջ մտնելը կարողանա այդ ընթացքում ապահովել իր վրա դրված բոլոր խնդիրները: Կարծում եմ՝ սա պետք է նաեւ դիտարկել այն բարեփոխումների շարքում, ինչի մասին բազմիցս խոսել ենք՝ երկրի նախագահը, մենք: Պետք է նոր Սահմանադրությամբ բոլոր ասպարեզներում իրականացնել ավելի համակարգային փոփոխություններ :
-Իսկ այդ դեպքում ինչո՞ւ ավելի վաղ նման որոշում չէր կայացվում: Արդյո՞ք այդ կառույցը 2008 թվականին քաղաքական իրավիճակից ելնելով էր ձեւավորվել:
-Մենք հիմա տեսնում ենք, որ նոր Սահմանադրությամբ ազգային անվտանգության խորհրդին վերապահված են մի շարք այլ լիազորություններ, օրինակ՝ նոր Սահմանադրությամբ ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը երկրի վարչապետն է, եւ նոր Սահմանադրությամբ ամրագրված է, որ ազգային անվտանգության խորհրդի բոլոր մնացած գործառույթները կանոնակարգվելու եւ ձեւակերպվելու են օրենքով: Հիմա այս փուլում, որպեսզի նոր մարտահրավերները երկրի համար պետության համար թե՛ ներքին, թե՛ արտաքին լինեն, ավելի կանխատեսելի, ավելի շատ կարողանանք դիմակայել, հաղթահարել, դրա համար անհրաժեշտ է որոշակի քայլեր կատարել, փոփոխություններ իրականացնել, ինչը եւ անում ենք:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյան
-Պարո՛ն Պողոսյան, ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի կողմից «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի լուծարման որոշումը: Արդյո՞ք դրա անհրաժեշտությունը կար:
-Ցավոք սրտի, Հայաստանում կան շատ ու շատ խորհրդակցական մարմիններ, որոնք որեւէ ձեւով չեն նպաստում պետական կառավարման համակարգի բարեփոխումներին կամ բարելավմանը: Ազգային անվտանգության խորհուրդը նմանատիպ երեւույթի էր վերածվել, արհեստական ձեւավորում ուներ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, հիմա մեր մոտ այդ մշակույթը ձեւավորվեց, որը շատ բացասական է: Ինչ կլինի, ապագան ցույց կտա, բայց այսօրվա դրությամբ շատ ճիշտ որոշում էր, ցավոք սրտի, ուշացած:
-Եթե իսկապես ազգային անվտանգության ծառայությունը արհեստական կառույց էր, ինչո՞ւ այսքան տարիների ընթացքում որոշում չկայացվեց լուծարել այն:
-Դրա տակ երկու խնդիրներ են՝ մեկը սահմանադրական բարեփոխումներն են, մյուսը գիտակցումն է, որ որեւէ նման մարմին իր նպատակին չի ծառայում, անիմաստ է:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՁԱՅՆԸ ՈՉ ՄԻ ԿՈՊԵԿ ՉԱՐԺԻ
Օգոստոսի 1-ից ԱԺ մի շարք պատգամավորներ նախաձեռնել էին ստորագրահավաք, որի նպատակն էր փոխել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կալանքը` որպես խափանման միջոց:
Ովքեր են պատրաստակամություն հայտնել ստորագրահավաքին մասնակցելու, եւ հնարավոր է՝ առաջիկայում այն իր ազդեցությունն ունենա. «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանից:
-Պարո՛ն Խաչատրյան, ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից նախաձեռնած ստորագրահավաքին, ի վերջո, քանի՞ հոգի մասնակցեց:
-15 հոգի ստորագրել են, եւ բազմաթիվ պատգամավորներ պարզապես չհասցրեցին, որովհետեւ շատ արագ էր պետք հավաքել ստորագրությունները, օրինակ՝ Ավետիսյան Արմենը, Կարապետյան Վահանը, Խաչատրյան Հայկը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը ու այդպես մի շարք պատգամավորներ: Նրանք մոտիկ չէին, հանրապետությունից հեռու էին, չհասցրեցին ստորագրել: Բավական մարդիկ եւս ցանկություն են հայտնել Արմենի համար ստորագրելու, պարզապես ֆիզիկապես կամ տեխնիկապես հնարավոր չէր:
Արմեն Մարտիրոսյանը իր խցում է, անչափահաս երեխեքը իրենց տանն են, իրենց հորը չեն տեսնում, իսկ դատավորի ընտանիքի անդամները իրենց դահիճ հորը տեսնում են: Նույն վիճակն է. ո՛չ քննություն կա, ո՛չ բան կա: Տեսանկարահանմամբ ամեն ինչ երեւում է, ամեն ինչ պարզ է, այդ մարդը ո՛չ ասելու բան ունի, ո՛չ անելու, ո՛չ էլ վատ բան է արել: Այսօր նորից փորձեցինք, գնացինք ես, Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը, համարյա մեկ ժամ նստեցինք բանտապետի կաբինետում, բանտապետը, դե, իրավունք չունի որոշում կայացնելու, որոշում կայացնող չգտանք, չկարողացանք նորից տեսակցել, հետ եկանք: Այս վիճակն է:
-Իսկ ստորագրահավաքի թուղթը ո՞ւմ եք ներկայացրել, ի՞նչ արձագանք է եղել:
-Ստորագրահավաքի թուղթը պաշտպանը ներկայացրել է քննիչին, դա է ձեւը: Բացարձակ արձագանք չի եղել: Արձագանքը, ինչպես միշտ, նույնն է, Հայաստանի Հանրապետությունում պատգամավորի ո՛չ ստորագրությունը, ո՛չ ձայնը բացարձակ ոչ մի կոպեկ չարժի:
-Պարո՛ն Խաչատրյան, Ձեր կարծիքով՝ այս ստորագրահավաքը եւ շարունակվող բողոքի ակցիաներն ինչ-որ արդյունք, ի վերջո, կտա՞ն:
-Արդյունք կլինի, ինչ-որ բան կփոփոխվի այն ժամանակ, երբ օրենքը գործի: Իսկ այսօր չինովնիկները, ղեկավարությունը կտրել են մարդկանց իրենց անչափահաս երեխաներից, որ գնան, հանգստանան իրենց ընտանիքի հետ, իրենց թալանած փողերը հանգիստ ծախսեն: Ու որպեսզի իրենց հանգիստը չխանգարեն, այդ մարդկանց լցրել են բերդերը: Կարծում եմ՝ կհանգստանան, կգան, շատերին բաց կթողնեն: Լցրել են խցերը առանց որեւէ իրավական հիմքի:
Հիշեցնենք, որ ստորագրահավաքին միացել են Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Լյովա Խաչատրյանը, Ռուբեն Հակոբյանը, Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մանուկյանը, Տիգրան Ուրիխանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վահագն Մախսուդյանը, Լեւոն Զուրաբյանը, Վարդան Օսկանյանը, Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանը, Զարուհի Փոստանջյանը:
Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ
ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
Ինչպես հայտնի է՝ այս տարվա հուլիսի 11-ին Ախալքալաքի Վաչիան գյուղում սպանվել էին հայ ընտանիքի 4 անդամներ: Սպանվածները Քաչոտյանների ընտանիքի անդամներն էին՝ ընտանիքի 37-ամյա մայրը, 16 եւ 18-ամյա դուստրերը ու 5-ամյա որդին: Սպանության հենց նույն օրը ձերբակալվել էր զոհերի 24-ամյա համագյուղացին՝ Նոդար Ակոպովը: Նա հայտնել էր, թե հանցագործության դրդապատճառը եղել է գումար գողանալը: Ավելին՝ վերջինս նաեւ ասել էր, թե ինքը մենակ է եղել: Ինչեւէ, այս սահմռկեցուցիչ սպանությունից անցել է մեկ ամիս, եւ մեր տեղեկություններով՝ Ախլքալաքի իրավապահները քննության արդյունքում հանգել են այն եզրակացության, որ Ակոպովը սպանությունը միայնակ չի իրագործել: Այժմ նրանք փորձում են պարզել մարդասպանի հանցակցին:
ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ «ՍՈՎՈՐԵԼ»
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակվելու իրավունք տվող վկայականի համար դասընթացների կազմակերպումը: ՏԸՀ անդամի իրավունք տվող վկայական ստանալ ցանկացող քաղաքացիների ցանկերը ԿԸՀ-ի սովորաբար ներկայացնում են կուսակցությունները: 2017 թվականի ԱԺ ընտրություններում ՏԸՀ անդամ նշանակվելու իրավունք կունենան միայն ԿԸՀ-ի այս դասընթացներին մասնակցած եւ դրանից հետո թեստ հանձնած ու վկայական ստացած անձինք: Իսկ մինչ այս տրված վկայականները ուժի մեջ կլինեն միայն մինչեւ այս տարվա վերջը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ի կողմից դասընթացների ուղարկված անձանց մի զգալի մասը տարբեր պատճառաբանություններով չի ցանկացել դասընթացներին մասնակցել եւ վկայական ստանալ, քանի որ այդ դեպքում նրանք հնարավորություն կունենային ապագա ընտրություններին կողքից հետեւել: Սակայն նրանց բոլորին հերթով զանգում եւ զգուշացնում են, որ անպայման ներկայանան դասընթացներին, հակառակ դեպքում իրենց համար վատ կլինի: Իսկ քանի որ նրանց մեծ մասը պետական ծառայողներ եւ մանկավարժներ են, բոլորն էլ, ի վերջո, չուզելով, խելոք ներկայանում են դասընթացներին:
ԻՐԵՆՑ ԿՈՏՈՐԵՑԻՆ, ԳՆՈՒՄ ԵՆ ՀԱՆԳՍՏԱՆԱՆ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 10-ին մի քանի մարզպետների արձակուրդ ուղարկելու մասին որոշումներ է ստորագրել: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ մասնավորապես երեկվանից մինչեւ օգոստոսի 24-ը արձակուրդում կլինի Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նրանից բացի՝ արձակուրդ են մեկնել նաեւ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը եւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Կարապետ Գուլոյանն արձակուրդ կմեկնի օգոստոսի 15-ից եւ կվերադառնա նույն ամսի 25-ին, իսկ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը արձակուրդում կլինի օգոստոսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը: