ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՍՏԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս կիրակի Հայաստանի երեք հարյուր համայնքներում կսկսվի սեպտեմբերի 18-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեկնածուների առաջադրումը, որը կավարտվի օգոստոսի 19-ին, ժամը 18.00-ին:

Այս ընտրությունների օրինակով, թերեւս, պարզ կդառնա, թե վերջին տարիներին որքանով է փոխվել Հայաստանի քաղաքական դաշտը: Վերջին տասնհինգ տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական դաշտի դեգրադացման եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի կազմալուծման հետ զուգահեռ ՏԻՄ ընտրությունները դարձան միայն իշխանությունների «մենաշնորհը»: 2002 թվականից հետո Հայաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին մասնակցել են միմիայն իշխանական կամ մերձ իշխանական քաղաքական ուժերը ներկայացնող թեկնածուները: Այս երույթն այն աստիճան աղճատեց քաղաքական դաշտը, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող թեկնածուները ՏԻՄ ընտրություններում նախընտրում էին մասնակցել հիմնականում որպես անկուսակցականներ: Այսինքն՝ ամենաքաղաքական գործընթացը` ընտրությունները, աստիճանաբար վերածվեցին ապաքաղաքական գործընթացի, որտեղ փոքր համայնքներում հաղթողները որոշվում էին գերդաստանների պայքարի, իսկ մի փոքր ավելի մեծ գյուղերում կամ քաղաքներում` իշխանական թայֆաների բախման արդյունքում:
Սակայն Հայաստանի քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում վերջին երկու տարիներին ընթացող փոփոխությունների արդյունքում ընդդիմադիրները սկսեցին կրկին խոսել ՏԻՄ ընտրությունների եւ դրանց կարեւորության մասին: Այսինքն՝ ընդդիմությունը սկսեց չժխտել իրեն շրջապատող իրողությունը` ընդունելով, որ քաղաքական ուժը չի կարող ԱԺ ընտրություններում լուրջ հաջողության ակնկալիք ունենալ, եթե ի վիճակի չէ ՏԻՄ ընտրություններին մասնակցել: Ի դեպ, մասնակցելը դեռ չի ենթադրում պարտադիր հաղթել: Տվյալ դեպքում առավել կարեւոր է, որ լուրջ հավակնություններ ունեցող ընդդիմադիր քաղաքական ուժը գործնականում ապացուցի, որ գյուղերում եւ քաղաքներում ունի անդամներ, որոնք տեղերում որոշակի հեղինակություն ունեն: Եթե անգամ նրանց հեղինակությունը բավարար չէ գյուղապետ կամ քաղաքապետ դառնալու համար, ապա այն լիարժեք կբավարարի, որպեսզի իրենց կուսակցության համար խորհրդարանական ընտրություններում կաթիլ-կաթիլ լուրջ հաջողություն ապահովեն: Այսինքն՝ վերջին տարվա ընթացքում ընդդիմադիր քաղաքական ուժերի համար գնալով ավելի ընդունելի դարձավ այն մոտեցումը, որ միայն Երեւանում գրասենյակ ունենալով՝ իրենք, որքան էլ խարիզմատիկ առաջնորդ ունենան, միեւնույն է՝ չեն կարող լուրջ հաջողության հասնել: Մի խոսքով, սեպտեմբերի 18-ի եւ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունների մասնակցության մակարդակը ցույց կտա, թե Հայաստանում քաղաքական դաշտը որքանով է առողջացել:
Սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան Հայաստանի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի Սյունիքի եւ Տավուշի մարզերում: Նշված մարզերի 22 համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի, 80 համայնքներում` ավագանու անդամների ընտրություններ: Իսկ 215 համայնքներում էլ միաժամանակ պետք է անցկացվեն համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրություններ: Մարզերից ամենաշատը համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի մարզում` 80 համայնքներում: Արարատում եւ Արմավիրում համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի կունենան համապատասխանաբար 64 եւ 57 համայնքներում, Տավուշում էլ համայնքի ղեկավար կընտրեն ընդամենը 31 համայնքներ: Իսկ Սյունիքում համայնքի ղեկավարի ընտրություններ պետք է տեղի ունենան ընդամենը 5 համայնքներում: Այս դեպքում թվի փոքր լինելը պայմանավորված է այն փաստով, որ համայնքների խոշորացման վերջին ծրագիրը հենց այս մարզում է նախատեսված: Արդյունքում, Գորիսի քաղաքապետի ընտրությունները փաստացի տեղի կունենան այդ քաղաքը շրջապատող մոտ մեկ տասնյակ գյուղերում եւս, որոնք այլեւս ընդգրկված են նշված համայնքի վարչական տարածքի մեջ: Նույն վիճակն է նաեւ Մեղրի քաղաքի պարագայում, այս համայնքը եւս իր մեջ է կլանել իր հարեւանությամբ գտնվող բոլոր գյուղերը, այդ թվում նաեւ Ագարակ քաղաքը: Նշենք նաեւ, որ սեպտեմբերի 18-ին Հայաստանի քաղաքային համայնքներից քաղաքապետի ընտրություններ տեղի կունենան 17-ում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԼՂՀ ՀԱՐՑԸ
Երեկ ՀՅԴ բյուրոյի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ տարածքային կառույցների մասնակցությամբ քննարկում, որին մասնակցել են նաեւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամները, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ՀՅԴ պատգամավորները: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի զարգացմանը եւ ԼՂՀ խնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր։ «Ժողովուրդ»-ն ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից փորձեց քննարկումից մանրամասնություններ ճշտել: «Արցախի հարցի շուրջ է եղել քննարկումը, ինչպես նաեւ քննարկում է եղել սահմանադրական հնարավոր փոփոխությունների վերաբերյալ»,- մեր հարցմանն ի պատասխան՝ ասաց Վարդանյանը` հրաժարվելով մանրամասներ ներկայացնել:

 

 

ԹԵԿՆԱԾՈՒ ԿԱՌԱՋԱԴՐԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ Սյունիքի մարզի Կապան մարզկենտրոնում տեղի է ունեցել ԲՀԿ տարածքային կառույցի նիստ՝ քաղխորհրդի մի քանի անդամների մասնակցությամբ: Քննարկման ընթացքում որոշվել է առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իրենց թեկնածուն առաջադրել: Ըստ նույն տեղեկության՝ ԲՀԿ-ում որոշել են հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Կապանի քաղաքապետի թեկնածու առաջադրել ԲՀԿ Կապանի տարածքային կառույցի ղեկավար, ազատամարտիկ Արթուր Մարտիրոսյանի թեկնածությունը: Ի դեպ, Սյունիքի մարզի համայնքների մի մասում ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 18-ին: Մասնավորապես, վերջերս խոշորացված Գորիս եւ Մեղրի համայնքների քաղաքապետի ընտրությունները նախատեսված են հենց սեպտեմբերի 18-ին:

 

 

ԿՐԿԻՆ ՎԻՐԱՀԱՏԵԼ ԵՆ
Ինչպես հայտնի է՝ այս տարվա հունիսի կեսին հեծանիվով վթարի էր ենթարկվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Դատավորի մոտ հայտնաբերվել է ողնաշարի կոտրվածք: Հայաստանում նա մի քանի վիրահատության է ենթարկվել: Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նրան այդպես էլ չի հաջողվել ապաքինվել եւ ստիպված է եղել կրկնակի վիրահատման համար մեկնել արտերկիր: Մեր տեղեկություններով՝ օրերս նա արտերկրում վիրահատության է ենթարկվել եւ այժմ ապաքինվում է: Ռուբեն Վարդազարյանի ընտանիքի անդամներից մեկը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց դատարանի նախագահի՝ արտերկրում բուժվելու հանգամանքը:

 

 
ՍԱՏԱՐԵԼՈՒ Է ՄԵԿՆԵԼ
Սերժ Սարգսյանն օգոստոսի 10-ին աշխատանքային այցով մեկնել է Բրազիլիա՝ սատարելու Ռիո դե Ժանեյրոյում 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի օլիմպիականներին: Այցի շրջանակներում նա ներկա կգտնվի Բրազիլիայում Հայաստանի դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը, նաեւ պաշտոնական հանդիպումներ կունենա Բրազիլիայի ղեկավարության հետ:

 

 

5-ՐԴ ՏԵՂՈՒՄ
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի 5-րդ օրը Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Նազիկ Ավդալյանը պոկում վարժության ժամանակ նախ հանել է 103 կգ, այնուհետեւ չի բարձրացրել 107 կգ, սակայն երրորդ մոտեցման ժամանակ գլխավերեւում է պահել է 107 կգ։ Հրում վարժությունը Ավդալյանը սկսել է 130 կգ ծանրաձողը բարձրացնելով, ապա բարձրացրել է 133 կգ եւ 135 կգ։ Երկամարտի 242 կգ արդյունքով` Նազիկ Ավդալյանը զբաղեցրել է 5-րդ տեղը։ «Դեռեւս մեկ տարի առաջ ավելի մեծ ակնկալիքներ ունեի ինքս ինձնից: Կարծում էի, որ կհասնեմ իմ հին կիլոգրամներին, սակայն չնախատեսված վնասվածքներ եղան, որոնք խանգարեցին իմ մարզումներին: Չեմ ափսոսում ոչնչի համար, արեցի այն, ինչ կարող էի», – ասել է Ավդալյանը:

 

 

ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը, վարչության ղեկավարությունը երեկ արգելել են Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին, խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին ու ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանին օգտվել պատգամավորական իրենց իրավունքից եւ տեսակցել «Ժառանգություն» կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանին եւ Դավիթ Սանասարյանին։ «Կրկին ուզում ենք արձանագրել, որ պատգամավորների՝ կալանավորված անձանց տեսակցելու իրավունքի արգելումը օրենքի կոպտագույն խախտում է», – ասված է ԲՀԿ մամուլի ծառայության հաղորդագրությունում:

 

ՄԵՐԺԵՑԻՆ
ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանի եւ Ստեփան Մարգարյանի կողմից ներկայացված «Բռնադատվածների մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որն արժանացել է Կառավարության բացասական եզրակացությանը: Ասատրյանը նշել է, որ օրենսդրական փաթեթում առկա են դրույթներ, որոնք նախկինում լրացվել են, իսկ հետո ուժը կորցրած են ճանաչվել։ Ըստ Ասատրյանի՝ առկա է նաեւ վերլուծությունների պակաս:

 

 

400 ԿՐԱԿՈՑ
ԼՂՀ ՊՆ տեղեկացմամբ՝ օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 25 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 400 կրակոց:




Լրահոս