ՀՀ կառավարության երեկվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկով պետական գույքի կառավարման վարչությունը առաջարկել է Ջրվեժի 13-րդ փողոց, թիվ 58 հասցեում գտնվող 219.1 քմ մակերեսով շինությունը եւ 970 քմ մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի ձեւով օտարել: Բանն այն է, որ նշված շինությունն ու հողամասը պատկանում են «Երկրագործության եւ բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին: Եւ հիմա այն ուղղակի վաճառքի ձեւով օտարվում է Նոր Նորք համայնքի ՀՀԿ-ական ավագանի, «Ջրվեժ-1» համատիրության նախագահ Վրեժ Դավթյանին:
Նշենք, որ ուղղակի վաճառքի ձեւով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը կազմում է 12 մլն 406 հազար 720 դրամ: Ի դեպ, դեռ նախօրեին պարզ չէր, թե կառավարությունը ում է նման նվեր մատուցում: Ինչպես եւ կանխատեսել էինք՝ նվեր ստացողը պատահական մարդ չէ, նա ՀՀԿ-ական է, Նոր Նորք համայնքի ավագանու անդամ եւ «Ջրվեժ-1» համատիրության նախագահ:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն՝ ուղղելով հետեւյալ հարցերը:
-Որքա՞ն են չարչարվել Ձեր գերատեսչության մասնագետները՝ նշված գույքը իր շուկայական արժեքից չորս անգամ էժան գնահատելու համար:
-Նշված գույքի գնահատումն իրականացվել է առանց որեւէ չարչարանքի, քանի որ այն համապատասխանում է ՀՀ-ի անշարժ գույքի շուկայում գործող արժեքներին եւ իրականացվել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի ու Հայաստանում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջներին համապատասխան:
-Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերը շուկայականից չորս անգամ էժան ուղղակի վաճառքի սկզբունքով գնելու պայմանները որո՞նք են, արդյո՞ք նման արտոնություն ունեն միայն ՀՀԿ-ականները:
-ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն է դիմել քաղաքացի Վ. Դավթյանը՝ /ի դեպ, դիմումում նշված չէ վերջինիս կուսակցական պատկանելությունը/ խնդրելով իրեն օտարել վերոնշյալ գույքը՝ գրությանը կից ներկայացնելով, որպես «Երկրագործության եւ բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի լիազոր մարմնի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության համաձայնությունը՝ վերը նշված գույքն իրեն օտարելու վերաբերյալ: Հետեւաբար, հիմք ընդունելով գործող ՀՀ օրենսդրության պահանջները՝ Վարչությունը սահմանված կարգով իրականացրել է պետական գույքի օտարման գործընթացը:
-Չե՞ք կարծում, որ նման գործելաոճը պետական գույքի վատնման դրսեւորում է:
-Նշված գույքը քաղաքացուն օտարվել է ուղղակի վաճառքի եղանակով՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, եւ օտարման գործընթացի բոլոր տարրերը համապատասխանում են ՀՀ գործող օրենսդրության պահանջներին: Իսկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը գործել է բացառապես իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:
-«Ժողովուրդ» օրաթերթը կարո՞ղ է Ձեր գերատեսչությունից ուղղակի վաճառքի սկզբունքով գնել համանման անշարժ գույք` կադաստրային նույն գոտում, նույնքան մակերեսով եւ նույն վիճակում գտնվող շինությամբ, կից նույնքան հողամասով եւ ընդամենը 12 մլն դրամով:
-16.12.2015թ.-ի դրությամբ կատարված ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ 13-րդ փողոց թիվ 58 հասցեում գտնվող 0.097 հա հողամասի եւ 219.1 քառ. մետր մակերեսով շենքի գնահատման համաձայն՝ միայն շինության գնահատված արժեքը կազմել է 12 մլն 406 հազար 720 դրամ, իսկ հողի կադաստրային արժեքը՝ 4 մլն 388 հազար 820 դրամ: Ինչ վերաբերում է Ձեր օրաթերթին ուղղակի վաճառքի սկզբունքով պետական գույքն օտարելուն, տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 13.06.2003թ. «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող եւ դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու եւ ՀՀ կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N882-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ պետական գույքը օտարվում է աճուրդով կամ մրցույթով, կամ ուղղակի վաճառքի եղանակով, ընդ որում, պետական գույքն օտարվում է ուղղակի եղանակով ներդրումային ծրագիր ներկայացրած նախօրոք հայտնի գնորդին՝ տվյալ դեպքում քաղաքացի Վ. Դավթյանին, որը որպես հայտատու հանդիսացել է նախօրոք հայտնի գնորդ եւ պարտավորվել է գույքն իրեն օտարելու դեպքում առաջիկա հինգ տարվա ընթացքում իրականացնել 5 մլն դրամի ներդրում, յուրաքանչյուր տարի հավասարաչափ:
Հ. Գ. Ներկայացված հարցուպատասխանից եզրակացությունները թողնում ենք մեր ընթերցողներին եւ կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար հայտարարած ՀՀ կառավարության ղեկավարին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԴԵՌ ՉԿԱՆ, ԲԱՅՑ ՇՏԱԲՆԵՐԸ ԲԱՑՎԱԾ ԵՆ
Սեպտեմբերի 18-ին համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի կունենան Տավուշի մարզի Իջեւանի, Բերդի, Նոյեմբերյանի տարածաշրջանների բազմաթիվ համայնքներում: Նոյեմբերյան համայնքը խոշորացված է, այն ներառում է Նոյեմբերյան քաղաքը եւ Ադրբեջանին սահմանակից Բերդավան, Դովեղ, Ջուջեւան, Բաղանիս, Ոսկեվան, Ոսկեպար, Կոթի եւ Բարեկամավան գյուղերը: Խոշորացված Նոյեմբերյան համայնքը նախկինի համեմատ մեծ բյուջե է ունենալու: Հետեւաբար, այդ համայնքի ղեկավարի պաշտոնն ավելի գայթակղիչ է դարձել: Պաշտոնապես համայնքի ղեկավարի թեկնածուների առաջադրումը կկատարվի օգոստոսի 14-19-ը: Սակայն Նոյեմբերյանի գործող քաղաքապետ, ՀՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության ղեկավար Վանուշ Ամիրաղյանը եւ անկուսակցական Կարեն Աբազյանը արդեն Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում նախընտրական շտաբներ են բացել: Սպասվում է, որ նրանցից բացի՝ Նոյեմբերյան համայնքի ղեկավարի թեկնածու կառաջադրվի եւս 3 թեկնածու: Նոյեմբերյանում տեղական ինքնակառավարման ընտրությունների նախընտրական պայքարը սուր է լինելու: Համայնքապետի թեկնածուներիի կողմից, ընտրվելու դեպքում, նրանց սատարելու համար, առաջադրվելու են նաեւ խոշորացված համայնքի ավագանու թեկնածուներ: Խոշորացված Նոյեմբերյանի ավագանու անդամ ընտրվելը եւս դժվար է լինելու:
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՏԱՎՈՒՇՈՒՄ ԾԵՐԵՐՆ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ
Օգոստոսի 8-ի երեկոյան Իջեւանի տարածաշրջանի Գանձաքար գյուղի Տլուտ սարամասից անհետացել է Գանձաքարի բնակչուհի, 1938թ. ծնված Սեդա Սերգոյի Զաքարյանը: Նա գյուղում բնակվում էր իր տղայի ընտանիքի հետ: Սեդա Զաքարյանը գյուղից 20 կմ հեռավորությամբ գտնվող Տլուտ սարամասում պահում էր ընտանիքի անասունները: Այս սարամասը հարակից է Ճամբարակի եւ Բերդի տարածաշրջանների սարերին, այն մոտ 10 կմ է հեռու Ադրբեջանի հետ պետական սահմանից: Գանձաքարի գյուղապետ Շահեն Շահինյանը հայտնեց, որ կորած կնոջը որոնում են փրկարարները, ոստիկանները, համագյուղացիները եւ հարազատները: Գյուղապետի վկայությամբ՝ գտնվել է ծեր կնոջ փեշը՝ լի ուրցով: Հավելենք, որ հուլիսի 24-ից էլ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղում որոնում են 1934թ. ծնված Խորեն Կարապետյանին, սակայն ապարդյուն:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ԿԱՐԾԵՍ ԹԵ ՍԱՌԸ ՋՈՒՐ Է ԼՑՆՈՒՄ ՏՂԱՆԵՐԻ ԳԼԽԻՆ
«Ա1+»-ի փոխանցմամբ՝ զենքերը վայր դնելու մասին հուլիսի 31-ին տեղի ունեցած բանակցություններում Վարուժան Ավետիսյանը Վիտալի Բալասանյանից հստակ երաշխիքներ է պահանջել:
Վարուժան Ավետիսյան-Դուք, խնդրում եմ, գեներալի խոսք տվեք, որ տղաներից 2 հոգի, կոնկրետ Արոն ու Թորոսը, հիմա դուրս են գալիս, գալիս են Ձեր մոտ, Դուք էդ հարցերը քննարկում եք, լուծում եք, եւ մինչեւ վերջին մարդը էստեղից չի գնում, Թորոսին ու Արոյին չեն տանելու, մնալու են էստեղ կանգնած: Ինչպե՞ս ընդունեցիք:
Վիտալի Բալասանյան-Որեւէ խնդիր չկա, կարող եմ երդում տամ, արխային, հարյուր տոկոս:
Մեկ այլ ձայնագրությունում Վարուժան Ավետիսյանը խոսում է Արեգ Կյուրեղյանի հետ, որն իր երիտասարդ զինակիցների հետ անձամբ Ժիրայր Սէֆիլյանից պետք է լսի զենքերը վայր դնելու հրահանգը: Ժիրայրի հետ ոստիկանության ստուգիչ կետում զրուցելու են Արայիկ Խանդոյանն ու Թորոս Թորոսյանը:
Վարուժան Ավետիսյան-Հը՞ն, Արե՛գ:
Արեգ Կյուրեղյան-Լսում եմ, Վարո՛ւժ:
Վարուժան Ավետիսյան-Արեգ ջա՛ն, ուրեմն պայմանավորվածությունն ըսենց ա՝ Արոն ու Թորոսն են խոսում Ժիրոյի հետ, ընդեղ, գրոմկիով գնում, խոսում են, միասին լսում են, հետո Արոն ձեզ ասում ա, կարան ռացիան պահեն, միասին լսեք, չգիտեմ:
Արեգ Կյուրեղյան-Վարուժա՛ն, Ժիրայրը մեզ ասի՞, կլինի՞ ըտենց:
Վարուժան-Չէ՛, ըտենց են պայմանավորվել, որ ոչ թե ձեր հետ խոսա, այլ հրամանատարներից մեկի հետ, որոշել են, Արոյի հետ խոսա: Մեզնից մեկի հետ էլ խոսա, կլինի:
Արեգ-Թող պահեն, որ լսենք: Ասածս էն ա, որ հստակ Ժիրայր Սէֆիլյանն ասի, ընենց չլինի, որ ասենք… Էտ ա:
Արեգ Կյուրեղյանը տագնապում է, որ Միայնակ Գայլին կարող են խաբել եւ ինչ-որ կերպ համոզել, որ Ժիրայրի անունից համոզի վայր դնել զենքերը: Վարուժանն այս հարցը փորձում է լուծել:
Վարուժան -Արո ջա՛ն, Վիտոն որ կզանգի, գրոմկիով խոսա:
Արայիկ Խանդոյան-Հա՛, հա՛, ախպեր:
Բանակցությունները մոտենում են ավարտին: Հավանաբար Ժիրայր Սէֆիլյանի հետ զրույցը կայացել է: Վարուժան Ավետիսյանը պահանջում է, որ զենքերը վայր դնելու գործընթացին ներկա լինեն լրատվամիջոցները, որոնք պետք է լինեն չեզոք տարածքում դրված հովանոցի մոտ:
Վարուժան -Զոնտիկի մոտ չեղան, դուրս չենք գալիս:
Ըստ պայմանավորվածության՝ Ժիրայր Սէֆիլյանի մոտ պետք է մարդ մեկնի, որն էլ հեռախոսով նրան կապելու է տղաների հետ: Այս մասին Վիտալի Բալասանյանը կցկտուր է ասում տղաներին, որոնք գիտեն, թե ինչի մասին է խոսքը:
Վիտալի-Խանդոյա՛ն, լսու՞մ ես, Խանդոյա՛ն:
Արայիկ-Լսում եմ, ուշադիր լսում եմ, ախպեր ջա՛ն:
Վիտալի-Հիմա պայմանավորվել եմ, մարդ եմ ուղարկում ընդե՝ Վարդաշեն: Լսու՞մ ես:
Արայիկ-Հա՛, հա՛:
Վիտալի-Բայց պայմաններն ասելու եմ: Հիմա Վարուժանին ասա՝ երկու-երեք լրատվամիջոց լինեն, հերիք ա, չէ՞: Կարծեմ, ինքը երկուսն ա ուզել:
Վարուժան-Բայց ոչ թե երկու, այլ «Ազատություն», 1in.am:
Վիտալի-Բարի:
Վարուժան-Զոնտիկի մոտ, չէ՞, պարո՛ն գեներալ:
Վիտալի-Տեղը ես եմ որոշելու, Վարուժա՛ն, չասի՞, որ բերեմ, տեղը ես եմ որոշելու:
Վարուժան-Որ ոչ թե զոնտիկի մոտ, այլ ճանապարհի մյուս եզրին, պարո՛ն գեներալ, պայմանավորվել ենք արդեն, հիշեցնում եմ:
Վիտալի-Վարուժա՛ն, բերելու եմ, տեղը ես եմ որոշելու, մի՛ ջղայնացրու ինձ իզուր տեղը:
Վարուժան-Խոստանո՞ւմ եք, որ հետ չեն քաշի ոստիկանները:
Վիտալի-Հետ չեն քաշելու, բայց հարցազրույց չեք տալու:
Ի դեպ, նույն կամ նախորդ օրվա առավոտյան բանակցություններն այնքան էլ հարթ չէին ընթանում: Վիտալի Բալասանյանը կարծես թե սառը ջուր է լցնում Ժիրայր Սէֆիլյանի որոշումները լսելու ցանկություն ունեցող տղաների գլխին:
Արայիկ-Հե՛, Վիտո՛:
Վիտալի-Լսում եմ:
Արայիկ-Բրա՛տ, մեկ էլ մի քանի հոգի տղերքից, ասում են՝ թող հեռախոսով կապվեն Ժիրոյի հետ, Ժիրոն ասի՝ որ ստի ա, ստի ա, բրատ:
Վիտալի-Արո՛, ես կարիլ չեմ էդ հարցը լուծեմ, որովհետեւ Ժիրոն ընդհանրապես ձեռք ա քաշալ ձեզանա: