ՌԻՈ 2016-Ը ՍՊԱՌՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ԱՄԵՆԱՎԱՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռիոյում անցկացվող 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանն իր անկախության 25 տարիների ընթացքում կարող է ամենավատ արդյունքն արձանագրել: Երեկվա դրությամբ Հայաստանի հավաքականի անդամներից եւ ոչ մեկը դեռեւս մեդալ չէր նվաճել: Նշենք, որ Հայաստանի պատմության մեջ մեկ անգամ` 2004-ին արդեն եղել է դեպք, երբ Աթենքում անցկացվող ամառային օլիմպիադայից մեր հավաքականը դատարկաձեռն վերադարձավ: Սակայն այն ժամանակ մեր հավաքականի կազմում ընդգրկված էին ընդամենը 18 մարզիկներ: Իսկ այս անգամ Հայաստանից Ռիո է մեկնել 8 մարզաձեւ ներկայացնող 33 մարզիկ: Հիշեցնենք, որ առաջին եւ միակ ոսկե մեդալը Հայաստանի հավաքականը նվաճել է հունահռոմեական ոճում` ըմբշամարտիկ Արմեն Նազարյանի կողմից` 1996 թվականին Ատլատայում անցկացված ամառային օլիմպիական խաղերի ժամանակ:
Հայտնի ճշմարտություն է, որ այն պետությունները, որտեղ իշխանությունները ուղնուծուծով կոռումպացված են, ձախողում են ամեն ինչ, այդ թվում նաեւ՝ սպորտը:
Շուրջ երկու տասնամյակ է, Հայաստանի իշխանությունները փորձում են հանրությանը համոզել, որ կարելի է պետության փողերը գողանալ, հարկերը չվճարել եւ այդպիսով ձեռք բերած կարողության մի մասը ծախսել սպորտի վրա. այս ճանապարհով մի կողմից հնարավոր է դառնում բարերարի համբավ ձեռք բերել, մյուս կողմից էլ՝ սպորտային հաջողութուններ արձանագրել: Բայց ողջ խնդիրն այն է, որ նման համակարգում սպորտի համար անբաժանելի մաս կազմող մրցակցությունն աստիճանաբար տեղը զիջում է ծանոթ-բարեկամական կապերին, եւ հավաքականի կազմում սկսում են տեղ զբաղեցնել անարժանները, որոնց ամենեւին էլ չի հետաքրքրում այն փաստը, որ իրենք մի ամբողջ պետություն են վարկաբեկում:

 

 

 
Վերջին երկու ամիսներին Հայաստանի պաշտոնյաները ամեն առիթով խոսում են ԼՂՀ խնդրի կարգավորման փոխզիջումների մասին: Թե ինչի մասին է խոսքը, որեւէ մեկը չի ասում: Միայն հայտնի է, որ ներկայումս ԼՂ խնդրի շուրջ բանակցությունների սեղանին դրված է «Կազանի համաձայնագիր» պայմանական անունը ստացած փաստաթուղթը, որն արդեն իսկ գաղտնազերծված է: Այնտեղ սեւով սպիտակի վրա գրված է. ԼՂՀ խնդրի կարգավորման հենց առաջին փուլում նախատեսվել է. «Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Վերադարձի մանրամասները կողմերը համաձայնեցնում են Խաղաղության համաձայնագրով: Առաջին փուլում վերադարձվում են Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի եւ Ղուբաթլուի շրջանները»: Այսինքն՝ ներկա փուլում ամեն անգամ, երբ Հայաստանի որեւէ պաշտոնյա փոխզիջում բառն է արտաբերում, ակամա նա հայտարարում է, որ վերը նշված տարածքները թշնամուն հանձնելուն ինքը կողմ է: Ընդ որում, հանձնել ոչնչի դիմաց:

 

 

 
Այս տարի Հայաստանում վաղահաս կարտոֆիլ աճեցրած գյուղացիները փաստի առաջ են հայտնվել` չկարողանալով իրենց բերքն իրացնել: Բանն այն է, որ ընթացիկ տարվա միայն առաջին կեսին Հայաստան է ներկրվել որպես սննդամթերք սպառման համար նախատեսված 3 հազար 750 տոննա կարտոֆիլ, գրեթե նույնքան էլ սերմացու կարտոֆիլ է ներկրվել: Արդյունքում, տեղական կարտոֆիլ արտադրող գյուղացիները ստիպված են եղել իրենց ապրանքը վաճառել կիլոգրամը առավելագույնը 100 դրամով: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կարտոֆիլ ներկրվել է հիմնականում Ռուսաստանից` 2 հազար 358 տոննա: Ըստ ծավալի՝ հաջորդ երկիրը Եգիպտոսն է, որտեղից Հայաստան է ներկրվել 889 տոննա կատոֆիլ: Ստեղծված իրավիճակը եւս մեկ անգամ ապացուցում է ՀՀ ներկա իշխանությունների անողնաշար լինելու բնույթը: Ի վերջո, հասկանալի է, չէ, որ խոշոր ծավալներով կարտոֆիլի ներմուծումից Հայաստանի գյուղացիները սնանկանալու են: Պետական կառույցների դերը նման պայմաններում այն է, որ պաշտպանեն սեփական արտադրողին, այլ ոչ թե մի քանիսի բիզնես շահերը:

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ շուրջ մեկ ամիս է՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ է իրականացնում ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանին պատկանող «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ում (ապրանքանիշը՝ «Կիլիկիա»): Այս փաստն ինքնին ուշագրավ է, քանի որ նախորդ համանման ստուգումների արդյունքում ՊԵԿ-ը Հակոբյանի ընկերության նկատմամբ 500 մլն դրամ տուգանքի ակտ էր կազմել: Հետագայում ընկերության փաստաբանները ակտը բողոքարկեցին, եւ մոտ մեկ տարի տեւած դատական քաշքշուկներից հետո «Երեւան գարեջուրը» հաղթեց ու ընդամենը 15 միլիոն դրամի տույժ վճարեց: Հաշվի առնելով պետական եկամուտների կոմիտեի կողմից անցկացված նախորդ ստուգումների դառը փորձը՝ «Ժողովուրդ»-ը փորձեց Հակոբ Հակոբյանից պարզել, թե արդյոք այս ստուգումների հետ կապված մտավախություն չունի: Ի պատասխան՝ ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ ներկա ստուգումները սովորական պլանային գործընթաց են, եւ դրանք դեռեւս շարունակվում են: Այնուամենայնիվ, հետաքրքիր է` ինչո՞ւ հենց «Կիլիկիայում» եւ ինչու այդքան երկար:

 

 

 
ՓՈԹՈՐԿԻՑ ԱՌԱՋ
Օգոստոսի 10-ին Մոսկվայում կայացած Պուտին-Սարգսյան հանդիպումն իր մեջ ուներ առնվազն մեկ շատ կարեւոր բացասական նյուանս, որը, սակայն, կարծես թե ուշադրությունից դուրս մնաց: Բանն այն է, որ դեռեւս մինչ «Սասնա ծռերի» հայտնի գրոհը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարել էր, որ քննարկվում է օգոստոսին Վլադիմիր Պուտինի հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում կազմակերպելու հարցը, եւ այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում: Օգոստոսին, սակայն, նման հանդիպում չկայացավ: Փոխարենը Պուտինը նախ Բաքվում հանդիպեց Ալիեւի հետ, ապա 2 օր անց Մոսկվայում ընդունեց Ս. Սարգսյանին: Եւ 2 դեպում էլ Պուտինն առաջ քաշեց նոր բանաձեւ, այն է՝ հաղթող եւ պարտվող կողմեր չպետք է լինեն:
Նկատենք, որ այդ բանաձեւը գոնե մինչեւ ապրիլը հաղթող կողմ հանդիսացող ՀՀ-ի նախագահը անմիջապես երկրորդեց Պուտինի հետ համատեղ ասուլիսում՝ այդպիսով, ըստ էության, եւս մեկ անգամ հաստատելով զիջումների գնալու իր պատրաստակամությունը: Ուշագրավ է, սակայն, որ ո՛չ Պուտին-Սարգսյան համատեղ ասուլիսի, ո՛չ էլ դրան հաջորդող օրերի ընթացում այդպես էլ չհնչեց Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների նոր հանդիպման մասին որեւէ հայտարարություն, մի բան, որն առնվազն ապրիլից հետո թե՛ Վիեննայում, թե՛ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ընթացքում անմիջապես նախանշվում էր: Հետեւաբար կարելի է եզրակացնել, որ ի հակառակ հրապարակային հավաստիացնումների՝ կողմերի միջեւ ձեռք չի բերվել ըմբռնում՝ բավարար նոր հանդիպում կազմակերպելու համար: Իսկ դա արդեն հղի է նոր պատերազմի հավանականությամբ: Հատկապես այս օրերին տարբեր խողովակներից հասնող տեղեկատվության ֆոնին, որ միջնորդ երկրները, առավելապես Ռուսաստանը, այս փուլում որոշել են խնդրի լուծումը թողնել կողմերի վրա՝ ասելով, եթե մեր առաջարկած որեւէ տարբերակի հավանություն չի տրվում, եթե դիվանագիտական ջանքերը ամեն կերպ հայտնվում են փակուղում, ապա այդ դեպքում իրավիճակի միակ լուծումը մնում է ուժային տարբերակը՝ պատերազմի միջոցով:
Ու, թերեւս, պատահական չպետք է համարել այս օրերին հրապարակային քննարկումներում հնչեցվող հայտարարությունները, թե պատերազմն ամեն դեպքում անխուսափելի է, ուստի ավելի լավ է պատերազմել այսօր՝ կռվելով ոչ միայն ԼՂԻՄ-ի, այլեւ ԼՂՀ ողջ տարածքի, այդ թվում եւ ազատագրված շրջանների համար, քան թեկուզ մեկ մետր հանձնելով՝ մի կարճ փուլ ապրել խաղաղության պատրանքի մեջ, ապա կանգնել գոյութենական վտանգի առաջ՝ պատերազմելով այլեւս ոչ միայն բուն Արցախի, այլեւ Հայաստանի լինելության համար: Եւ ուրեմն հարկ է, որ հրապարակային դիսկուրսն այլեւս ընթանա ոչ թե հանձնել-չհանձնելու, դավաճանների-հայրենասերների հակադրության, այլ մեզ սպառնացող արհավիրքին դիմակայելու ռեսուրսների մեկտեղման շուրջ:




Լրահոս