Վերջին մի քանի օրերի ընթացքում “Ժողովուրդ” օրաթերթը տարբեր թեմաներով հայտնվեց սովորականից ավելի մեծ ուշադրության կենտրոնում, քանի որ մեր լրագրողների հեղինակած շատ նյութեր լրջորեն անհանգստացրին հոդվածների “հերոսներին”:
ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է
Իհարկե, սովորաբար ընդունված է ասել, որ սենսացիան լրագրության անբաժանելի մասն է, լրագրողների “հացը”: Ու բնական է, որ ցանկացած լրագրող ջանում է այնպիսի նյութեր հրապարակել, որոնց շուրջ աղմուկ բարձրանա, քննարկումներ ծավալվեն, եւ, ի վերջո, բարձրացված խնդիրներին լուծում տրվի: Սակայն այսօր Հայաստանում աղմուկ են բարձրացնում այն բնույթի նյութերը, որոնք առավել մակերեսային են: Օրինակ՝ հայաստանյան հասարակական, քաղաքական ու նաեւ լրատվական դաշտն այդքան բուռն չարձագանքեց “Ժողովուրդ” օրաթերթի այն հրապարակումներին, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկ ամսվա ընթացքում չարտերային 2 թռիչքների համար պետբյուջեից 130 հազար ԱՄՆ դոլար գումար էր դուրս գրել, կամ որ “Շանհայ էքսպո 2010” ցուցահանդեսի համար շուրջ 2 մլն դոլար էր ծախսվել: Եւ օրինակ, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր որդուն պատկանող հյուրանոցային համալիրին ԱԺ բյուջեից մոտ 5 մլն դրամ գումար է հատկացրել պաշտոնական պատվիրակության անդամների գիշերակացի համար՝ վճարելով նաեւ հյուրերի չմնացած օրերի դիմաց:
ՎԱՐՉԱՊԵՏԻ “ՍՊԱՌՆԱԼԻՔԸ”
Փոխարենը ՀՀ վարչապետն անհարկի աշխուժություն ցուցաբերեց եւ կառավարության անդամների ներկայությամբ մեր լրագրողներին “սպառնաց” դատի տալ, քանզի վիրավորվել էր, որ գրել էինք, թե ԱԺ-ում իր թիմակիցները լոբբինգ են արել, որ բյուջեին չքննադատեն կամ որ իրեն է պատկանում “Աէրո տաքսի”-ն: Սակայն մինչ օրս “Ժողովուրդ” օրաթերթն ընդամենը 2 “անհերքելի” հերքման տեքստ է ստացել եւ վերջ: Թեեւ լավ կլիներ, որ ՀՀ կառավարությունը հրապարակավ բացատրեր, թե ինչու են նույնիսկ առաջին տպավորությամբ անարդյունավետ ծախսեր արվում պետբյուջեի հավին՝ հընթացս վարկանիշներ գնելով:
“ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ” ԲԱՆԿԻ “ՍՊԱՌՆԱԼԻՔԸ”
Օրեր անց “ՎՏԲ Հայաստան բանկ” ՓԲԸ-ն հրապարակավ սպառնաց դատի տալ “Ժողովուրդ” օրաթերթին՝ ոչ օբյեկտիվ տեղեկություն հրապարակելու համար: Բանկն էլ վիրավորվել էր, որ գրել էինք, թե իրենց կողմից չվճարված աշխատավարձը պատճառ է դարձել, որ բանկի կառավարմանն անցած “Միկա ցեմենտ” գործարանի մոտ ինֆարկտից մարդ մահանա: Այս դեպքում էլ “Ժողովուրդ” օրաթերթը գործել էր բարեխիղճ, քանի որ մեր լուրի հավաստիությունը հաստատեց նաեւ մահացած Արմեն Ռաֆայելյանի կինը, ում եւս “ՎՏԲ” բանկն աշխատավարձի պարտք ունի:
ԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ “ՌԱԶԲՈՐԿԱՆԵՐԸ”
Այնուհետեւ “Ժողովուրդ” օրաթերթը հայտնվեց օրենսդիրների ուշադրության կենտրոնում, քանի որ համարձակվեց ի ցույց դնել ԱԺ-ում գործունեություն ծավալող կանանց ներքին “ռազբորկաները”: Անշուշտ, մեղմ ասած, տգեղ էր իմանալ, որ “փափկասուն տիկնայք” ունակ են ճամփորդելու համար իրար նվաստացնել, վիրավորել: Սակայն այդ գիտակցման փոխարեն պատգամավորուհիները մեր լրագրողներից էին “պատիվ պահանջում”` կշտամբելով, թե ինչու են նման նյութ գրել, ամոթ է: Իհարկե ամոթ է: Սակայն դա պետք էր գիտակցել մինչեւ “մազ պոկելու” ժամանակահատվածը: Իսկ “Ժողովուրդ” օրաթերթն ընդամենն արտացոլել էր իրականությունը, ինչն արձանագրեց նաեւ tert .am-ը` գրելով. “Բոլորս ականատես եղանք, որ “Ժողովուրդ” օրաթերթի հրապարակումն ԱԺ տիկնանց կռիվների մասով ճիշտ էր”:
ԶՎԱՐՃԱԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Եվ, վերջապես, շաբաթն ամփոփվեց խորհրդարան մտնելու հավակնություն ունեցող մի մարդու “հայտնությամբ”, որը հասցրեց մի լավ զվարճացնել հայ հասարակության զգալի հատվածին: Խոսքը Հեղինե Բիշարյանի քրոջ փեսայի՝ Լեւոն Դոխոլյանի մասին է, որին իր հարեւանները ճանաչում են “Քույրիկ Լեւոն” մականունով: Այս լուրն այնքան էր նյարդայնացրել ՕԵԿ փոխնախագահ Հ. Բիշարյանին, որ նա առավոտյան խմբակցության երկու ժամանոց նիստ էր հրավիրել՝ ՕԵԿ պատգամավորներից բացատրություն պահանջելու, թե ինչպես է “Ժողովուրդ” օրաթերթն իմացել իր փեսայի մասին լուրը: Իսկ կեսօրին էլ ՕԵԿ-ի “էգ առյուծն” իր բարկությունը թափեց լրագրողների վրա՝ հարձակվելով “առանց զգուշացնելու”:
Իհարկե, տհաճ է, երբ որեւէ մեկին ածականով են ճանաչում, սակայն ՀՀ իշխանության բուրգի ամենավերեւում կանգնածներն ունեն իրենց մականունները, որոնք ժառանգել են փողոցից: Ո՞րն է լրագրողների մեղքը, որ, օրինակ, Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Ծառուկյանը, Գագիկ Բեգլարյանը, Սամվել Ալեքսանյանը, Առաքել Մովսիսյանը, Աշոտ Աղաբաբյանը ու էլի շատերը հայտնի մականուններ ունեն: Եվ այս ֆոնին “Քույրիկ Լեւոնը” ամենավատ մականունը չէ (): Սա՝ իմիջիայլոց:
ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՏՎԵՐ ՓՆՏՐԵԼԸ
Ինչո՞ւ եմ կարեւորում այս թեման: Բանն այն է, որ “Ժողովուրդ” օրաթերթի գործունեությունից տարբեր առիթներով նեղսրտած պաշտոնյաներն ու ձեռնարկությունները մեղքն իրենց մեջ փնտրելու փոխարեն փորձում են մրոտել մամուլը՝ բամբասելով, թե պատվերներ են թաքնված հրապարակումների հետեւում: Ու քանի որ իշխանական վերնախավում իրար մեղմ ասած, ատում են, նրանցից յուրաքաչյուրի հասցեին մամուլում հնչած քննադատությունը դիտվում է որպես պատվեր՝ “հակառակորդ” ճամբարից: Սրան գումարվում է նաեւ այն հանգամանքը, որ իշխանական “ժամանակակից” շատ գործիչներ ունեն իրենց անձնական օգտագործման լրատվամիջոցները (հիմնականում էլեկտրոնային կայքեր), որոնց միջոցով “ոչնչացնում են” միմյանց՝ իրենց արշինով չափելով նաեւ պրոֆեսիոնալ լրագրողներին:
Բացի այդ, “պատվերացավ” հրվանդությունն Հայաստանում “զարգացավ” մի քանի չկայացած խոսնակների շնորհիվ, որոնք իրենց ղեկավարների մոտ աշխատանքի ընդունվելիս “ոսկե սարեր” են խոստանում, թե “Ձեր մասին այլեւս ոչ ոք ոչինչ չի գրի”, ու երբ տգիտության իրենց բազայով բախվում են իրականությանը, ղեկավարներին սկսում ե համոզել, թե “Ձեր դեմ պատվերով են գրել”: Ահա այսպես “պատվեր տալ”, “պատվերով գրել” եւ այս տիպի այլ հիմար արտահայտությունները մեր երկրում դոմինանտ են դարձել: Այնպիսի մարդիկ են երբեմն անձնական մտասեւեռումներ ունենում՝ պատվերների թեմայով, որ, Սերժ Սարգսյանի խոսքերով ասած, մնում է “քահ-քահ ծիծաղել”:
Ես ցանկանում եմ մեկընդմիշտ բոլորին հիշեցնել (որոշներին էլ տեղեկացնել), որ “Ժողովուրդ” օրաթերթն աշխատում է բարեխիղճ եւ օբյեկտիվ: Մեր թիմին մի՛ փորձեք վախեցնել “ինչո՞ւ եք գրել, դուք գիտե՞ք, որ…” եւ այլ արտահայտություններով, դատարաններ դիմելու սպառնալիքներով, անձնական նամակներով, հեռախոսազանգերով կամ անսարք մեքենաների վարորդներին որպես ուղեկցորդ գործի դնելով: Ոչինչ չի ստացվի: Մենք լավ գիտենք մեր իրավունքներն ու պարտականությունները: “Ժողովուրդ” օրաթերթն աշխատելու է այնպես, ինչպես աշխատել է հիմնադրման օրվանից՝ հավատարիմ մնալով ընթերցողներին տված խոստումներին: Մենք գրել ենք, գրում ենք եւ գրելու ենք բոլորի եւ ամեն ինչի մասին: “Ժողովուրդ” օրաթերթում արտոնյալներ ու “տաբուներ” չկան ու չեն կարող լինել: Սխալը ձե՛ր մեջ փնտրեք եւ այնպե՛ս աշխատեք, որ չարժանանաք մամուլի քննադատությանը:
Հարգանքներով՝ “Ժողովուրդ” օրաթերթի գլխավոր խմբագիր
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ