Այս տարվա ապրիլի 25-ին Սերժ Սարգսյանը ամերիկյան «Բլումբերգին» տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ «Բանակցությունների այս փուլը մենք սկսել ենք 9 տարի առաջ՝ 2007 թվականին, եւ այդ ինը տարիներից առնվազն չորսը եղել են շատ ինտենսիվ տարիներ բանակցությունների համար:
Այդ ժամանակ ակտիվ ներգրավվածություն է ունեցել նաեւ Ռուսաստանի նախագահը՝ այսօրվա վարչապետը՝ Դմիտրի Մեդվեդեւը, եւ բազմաթիվ անգամ շատերին թվում էր, թե մենք մոտ ենք արդեն փաստաթուղթ ստորագրելուն, իսկ 2011 թվականին Կազանի հանդիպումից առաջ գրեթե բոլորը համոզված էին, որ հիմա փաստաթուղթ է ստորագրվելու: Այն աստիճանի, որ Միացյալ Նահանգների նախագահը, Ֆրանսիայի նախագահը հորդորեցին ե՛ւ ինձ, ե՛ւ Ալիեւին, իսկ Ռուսաստանի նախագահի անմիջական մասնակցությամբ էր կայանալու այդ հանդիպումը, լինել վճռական եւ ստորագրել այդ փաստաթուղթը: Իմ մասնագիտությունը գուշակություններ անելը չէ, բայց այդ հանդիպումից առաջ ես արդեն Լավրովին ասել էի, որ այսպիսի մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ, եւ ադրբեջանցիները չեն ստորագրելու այս փաստաթուղթը եւս:
Ինչո՞ւ, որովհետեւ արդեն մի քանի անգամ հենց նույն Լավրովի, այլ միջնորդների կարծիքով՝ փաստաթուղթը գրեթե պատրաստ էր, բայց Ադրբեջանն ամեն անգամ հրաժարվում էր»:
Իսկ ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը: «Ես որ ասում էի` հիմք կար, ինչը նկատի ունեի. իրոք, Մադրիդյան սկզբունքները ենթադրում էին հետեւյալ պատկերը… իսկ Կազանի փաստաթուղթը մադրիդյան սկզբունքների վրա արված փաստաթուղթ էր` արդեն շատ ավելի ծավալուն»,- տեղեկացրեց Սերժ Սարգսյանը:
Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնը հրապարակել է ղարաբաղյան կարգավորման 2011թ. Կազանի փաստաթուղթը, որը Հայաստանը համաձայնել էր ստորագրել, սակայն Ալիեւը մերժել էր, դրա համար էլ տապալվեց:
Աշխատանքային փաստաթուղթը թարգմանաբար ներկայացված է ստորեւ.
Տարածքներ
Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Վերադարձի մանրամասները կողմերը համաձայնեցնում են Խաղաղության համաձայնագրով: Առաջին փուլում վերադարձվում են Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի եւ Ղուբաթլուի շրջանները: Հետագայում վերադարձվում են Քելբաջարի շրջանն ու Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատվածները: Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Նախքան շրջանի վերադարձը Ադրբեջանի վերահսկողության տակ, այնտեղ թույլատրվում է հայկական սահմանափակ զորամիավորում՝ մինչեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումը: Հայկական սահմանափակ զորամիավորման տեղակայվելու վայրը որոշելու է Միջազգային անցումային հանձնաժողովը: Քելբաջարի շրջանը, նախքան Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձը, ԵԱՀԿ հանձնաժողովի միջոցով գտնվելու է Միջազգային անցումային հանձնաժողովի դիտարկման տակ:
Հանձնաժողովում ներառվելու են հայ եւ ադրբեջանցի ներկայացուցիչներ: Միջանկյալ ժամանակահատվածում խրախուսվելու է, որ Քելբաջարի շրջանի հայ բնակչությունը հեռանա այնտեղից: Ադրբեջանի ներքին տեղահանված անձանց թույլ է տրվում վերադառնալ Քելբաջարի շրջան Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց:
Լաչինի շրջանի այն հատվածները, որոնք դուրս են Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքից, Ադրբեջանի վերահսկողության տակ են վերադարձվում Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո:
Անվտանգության երաշխիքներ
Հայկական ուժերի կողմից վերահսկվող ադրբեջանական շրջաններից դուրս բերվելուց հետո այնտեղ տեղակայվում են խաղաղապահ ուժեր՝ ապառազմականացումն ու անվտանգությունը դիտարկելու նպատակով: Խաղաղապահ ուժերը ձեւավորում են պետությունները՝ կամավոր հիմունքներով: Խաղաղապահների ընտրությունը իրականացվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Յուրաքանչյուր կողմը ունի վետոյի իրավունք մյուս կողմի ընտրության վրա: Կողմերը պարտավորվում են միմյանց դեմ ուժ չկիրառել Լեռնային Ղարաբաղում եւ նրան հարակից շրջաններում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, խորհրդակցելով Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, մշակում են երկկողմ եւ համատեղ անվտանգության երաշխիքներ եւ հավաստիացումներ՝ համաձայնության կատարմանը եւ Հարավային Կովկասում ընդհանուր անվտանգությանը սատարելու վերաբերյալ: Ադրբեջանը պարտավորվում է չուղարկել ռազմական անձնակազմ եւ սպառազինություններ ներկայիս շփման գծից այն կողմ, բացառությամբ ոստիկանական ստորաբաժանումների եւ ադրբեջանա-իրանական սահմանի երկայնքով գտնվող սահմանապահ զորքերի:
Լեռնային Ղարաբաղի միջանկյալ
կարգավիճակ
Մինչեւ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշումը, Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ, որը նրա բնակիչներին տալիս է որոշակի իրավունքներ եւ արտոնություններ: Դրանք շարադրվելու են Խաղաղության համաձայնագրում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի բնակիչները ունենում են ժողովրդավարական հասարակության մեջ սոցիալական ու տնտեսական կենսագործունեությունն ու անվտանգությունը պաշտպանելու եւ վերահսկելու իրավունք: Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգվում են: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը՝ միջանկյալ շրջանում Լեռնային Ղարաբաղը կառավարելու նպատակով, իրավունք է ստանում ընտրել իշխանության մարմիններ, որոնք իրականացնում են օրենսդիր եւ գործադիր իշխանություն Լեռնային Ղարաբաղի ներքին հարցերում: Արդարադատություն իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղը իրավունք ունի հիմնել դատարաններ: Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաները արտաքին շփումներ իրականացնելու լիազորություններ կունենան այն ոլորտներում, որոնք սահմանվում են Խաղաղության համաձայնագրով: Լեռնային Ղարաբաղի միջանկյալ իշխանությունները կարող են ունենալ դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿ այն նստաշրջաններում, որոնցում քննարկվում են անմիջականորեն Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր: Նրանք կարող են անդամակցել միջազգային այն կազմակերպություններին, որոնցում միջազգայնորեն ճանաչված լինելու կարգավիճակը նախապայման չէ: Լեռնային Ղարաբաղն իրավունք է ունենում ստանալ արտասահմանյան երկրների եւ միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակություն՝ պայմանով, որ այդ օժանդակությունը նախատեսված լինի մարդու իրավունքների, խաղաղ տնտեսական եւ ժողովրդավարական զարգացման, մշակութային եւ առեւտրային կապերի համար կամ հիմնական մարդասիրական պահանջների բավարարմանը:
Ազատ կամարտահայտություն
Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակը որոշվում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտության միջոցով: Քվեարկության ժամկետներն ու մանրամասները կողմերը համաձայնեցնում են ապագա բանակցություններում: Լեռնային Ղարաբաղի բնակչություն ասելով հասկացվում է 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչեւ հակամարտության սկիզբը: Քվեարկության ժամանակ ապագա կարգավիճակի հարցի կամ հարցերի ձեւակերպման սահմանափակում չի լինելու եւ կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն:
Լաչինի միջանցք
Համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է Լեռնային Ղարաբաղը կապի Հայաստանի հետ: Մինչեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, այդ միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր իշխանությունների վերահսկողության տակ: Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումից հետո միջանցքի օգտագործման գործընթացը կկարգավորվի` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը:
Փախստականներ
Բոլոր ներքին տեղահանված անձինք եւ փախստականները ունեն կամավոր վերադարձի իրավունք այն պահից, երբ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը կհայտարարի, որ նախկին բնակավայրի անվտանգությունն ապահովված է: Իրենց բնակավայրեր վերադարձած անձինք օգտվում են մարդու իրավունքներից եւ հիմնարար ազատություններից առանց որեւէ խտրականության:
Ապաշրջափակումներ
Կողմերի միջեւ բաց եւ անարգել տրանսպորտային եւ հաղորդակցային կապերը խրախուսվում են ողջ տարածաշրջանում՝ ներառյալ Ադրբեջանի ուղիղ եւ անարգել ցամաքային կապը Նախիջեւանի հետ, բոլոր սահմանների բացումը եւ հաղորդակցային ուղիների վերագործարկումը:
Դոնորների խորհրդաժողով
Միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից հրավիրված միջազգային դոնորների խորհրդաժողովը, համագործակցելով համանախագահող երկրների հետ, ստեղծում են հիմնադրամ ռազմական գործողություններից տուժած շրջաններում եւ Լեռնային Ղարաբաղի ներսում ականազերծման եւ ենթակառուցվածքների վերականգնման համար:
Հանձնաժողովներ
Կողմերը, համագործակցելով համանախագահող երկրների հետ, ձեւավորում են առանձին հանձնաժողովներ: Այդ հանձնաժողովները գործում են կոնսենսուսի հիմունքներով եւ զբաղվում են Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հանրաքվեի մանրամասների ու ժամկետների հստակեցմամբ, Լաչինի միջանցքին վերաբերող տեխնիկական մանրամասների եւ Քելբաջարի շրջանը ԵԱՀԿ հանձնաժողովի միջազգային մշտադիտարկումից Ադրբեջանի վարչական վերահսկողության ներքո փոխանցելու մանրամասների մշակումով:
ՄԱՐԶՊԵՏԻ ՄՏԵՐԻՄՆԵՐԻ ՎՃԻՌԸ
2015 թվականին Սյունիքի մարզի Սդղլի գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հասավ իր հանգուցալուծմանը:
Հիշեցնենք, որ 2015 մայիսի 2-ին մարզպետի մտերիմները ծեծի էին ենթարկել Գորիս քաղաքի բնակիչներ Մուշեղ եւ Հարություն Զաքարյաններին: Ի սկզբանե Զաքարյանների հարազատները կատարվածում մեղադրում էին մարզպետի որդուն, ինչի հետեւանքով Տիգրան Խաչատրյանը ազատազրկվեց, սակայն ավելի ուշ նրան ազատ արձակեցին, քրեական հետապնդումն էլ դադարեցրին: 2015 թվականին նշյալ ծեծի գործով նախաքննությունը ավարտվեց եւ նոյեմբերի 11-ին ուղարկվեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանի առաջ կանգնեցին Սուրիկ Խաչատրյանի մտերիմները` Յուրի Մանուչարյանը, Դերենիկ Հակոբյանը, Շահում Դավթյանը, վերջինիս եղբայր Սեյրան Խաչատրյանը, նրա որդին՝ Էյներ Խաչատրյանը, Մայիս Խաչատրյանը:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ գործով մեղադրող դատախազը պահանջել է, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը ամբաստանյալներ Շահում Դավթյանին, մարզպետի եղբորը՝ Սեյրան Խաչատրյանին` Աղլարին, նրա որդուն` Էյներ Խաչատրյանին ազատազրկման դատապարտեն 1,5 տարով, Մայիս Խաչատրյանին եւ Դերենիկ Հակոբյանին՝ 2,5 տարով, իսկ, ահա, Յուրի Մանուչարյանին` 5,5 տարով:
Տեղեկացնենք, որ այս գործով դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 29-ին: Դատելով ստեղծված իրավիճակից՝ մեկուկես տարի առաջ տեղի ունեցած աղմկահարույց գործի կուժն ու կուլան կոտրվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիմակից Յուրի Մանուչարյանի գլխին, քանի որ, ինչպես նկատում ենք, մեղադրող դատախազը մարզպետի ազգականների համար բավականին մեղմ պատիժ է ուզում, իսկ Մանուչարյանի համար` առավելագույն:
Նշենք, որ այս գործով դատական նիստերն արդեն 9 ամիս է, ինչ ընթանում են, սակայն գործով տուժող Մուշեղ Զաքարյանն այդպես էլ չի ներկայացել դատական նիստերին: Գրել էինք, որ դատարանը ծանուցագիր էր ուղարկել Զաքարյանների տուն, սակայն նրանք հայտնել էին, որ Մուշեղը երկրում չէ եւ չի կարող ներկայանալ դատական նիստերին: Իսկ, ահա, Հարություն Զաքարյանը, որը միջադեպի արդյունքում վնասել էր աչքը, չնայած բազմաթիվ վիրահատություններին, այդպես էլ չկարողացավ վերականգնել աչքի տեսողությունը: Եւ հիմա ում ինչ պատիժ էլ տան, անհամարժեք է լինելու տուժողի ստացած վնասվածքին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ