ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԿԱՐՏՈՖԻԼԸ ՎՆԱՍՈՒՄ Է ՏԵՂԱԿԱՆԻ ՍՊԱՌՄԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը դժգոհություններ է ստանում կարտոֆիլի մշակությամբ զբաղվող գյուղացիներից: Նրանց պատմելով՝ վերջին ամիսներին Ռուսաստանի Դաշնությունից մեծ քանակությամբ կարտոֆիլ է ներմուծվել Հայաստան, ինչի արդյունքում իրենք տուժում են: Այսինքն՝ ներքին շուկան լցվել է ռուսական կարտոֆիլով, ինչի հետեւանքով տեղական կարտոֆիլի գինն էժանացել է:

«Ժողովուրդ»-ին դիմած գյուղացիները պնդում են, որ այս ամենի արդյունքում իրենց մշակած կարտոֆիլը էժան գնով են վաճառում՝ 90-100 դրամով, ինչը չի փոխհատուցում անգամ իրենց կատարած ծախսերը:
«Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացավ, որ այս տարվա հունվարի 1-ից օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում տարբեր երկրներից Հայաստան է ներմուծվել ընդամենը 3 մլն 750 հազար 235 կգ կարտոֆիլ եւ 3 մլն 191 հազար 195 կգ սերմացու:
Մասնավորապես՝ Ռուսաստանից ներկրվել է 2 մլն 358 հազար 725 կգ կարտոֆիլ, ԱՄն-ից՝ 510 կգ, Նիդեռլանդներից՝ 45 հազար 270 կգ կարտոֆիլ: Վերոնշյալ ժամանակահատվածում Եգիպտոսից Հայաստան ներմուծվել է 889 հազար 325 կգ կարտոֆիլ, Թուրքիայից՝ 421 հազար կգ, Իսրայելից՝ 12 հազար 150 կգ, Իրանից՝ 22 հազար 600 կգ, Վրաստանից 655 կգ: Իսկ կարտոֆիլի սերմացու ներմուծվել է Ավստրիայից՝ 85 հազար կգ, Բելառուսից՝ 20 հազար կգ, Բելգիայից՝ 267 հազար 500 կգ, Իսպանիայից՝ 25 հազար կգ, Գերմանիայից՝ 293 հազար կգ, Դանիայից՝ 21 հազար 250 կգ, Շոտլանդիայից՝ 303 հազար 750 կգ:
ՍԱՊԾ-ից «Ժողովուրդ»-ին տրամադրած նախորդ տարվա տվյալների համաձայն՝ Հայաստան ներմուծվել է 188 հազար 410 կգ կարտոֆիլ, որից 43 հազար 100 կգ-ը Ռուսաստանից է ներկրվել, 50 կգ-ն՝ Ավստրալիայից, 145 հազար 260 կգ-ն՝ Իրանից: Նախորդ տարի Հայաստան ներկրվել է 5 մլն 464 հազար 348 կգ կարտոֆիլի սերմացու, որից 3 մլն 811 հազար 920 կգ-ն՝ Նիդեռլանդներից, 201 հազար 928 կգ-ն՝ Վրաստանից, 127.5 հազար կգ-ն՝ Ավստրիայից, 1 մլն 58 հազար կգ-ն՝ Գերմանիայից, 25 հազար կգ-ն՝ Դանիայից, 150 հազար կգ-ն՝ Լյուքսեմբուրգից, 90 հազար կգ-ն՝ Շոտլանդիայից:
«Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքերով՝ այս տարվա գարնան ամիսներին հիմնականում Ռուսաստանից է Հայաստան ներմուծվել կարտոֆիլ՝ մոտ 3000 տոննա: «Ներկրվել է որպես պարենային կարտոֆիլ, խոշորը տրվել է խանութներին՝ վաճառքի նպատակով, իսկ դրա մանրը շատ գյուղացիներ ձեռք են բերել որպես տնկանյութ, սերմացու: Ռուսաստանից ապրիլ ամսին կարտոֆիլ բերեցին ու լցրեցին տեղական շուկա, որի լուրջ քանակությունը սերմացուի տակ գյուղացուն է վաճառվել: Մինչդեռ պարենային կարտոֆիլը նախատեսված չի եղել սերմացուի համար: Բայց դա վատ որակի կարտոֆիլ է եղել»,- հայտարարեց Բերբերյանը:
Մասնագետը հավաստիացրեց, որ առաջիկա օրերին կարտոֆիլի գինը կբարձրանա, քանի որ Արարատյան դաշտավայրից հավաքվող կարտոֆիլի մեծ քանակությունը շուտով կսպառվի: Նա նույնպես հաստատեց այն տեղեկությունը, ըստ որի՝ մեծածախ շուկայում 1 կգ կարտոֆիլի գինն այս ժամանակաշրջանում տատանվում է 90-100 դրամի սահմաններում, մինչդեռ նախորդ տարի այն 20 դրամով ավելի թանկ է վաճառվել:
Կարտոֆիլի շուկայում ստեղծված իրավիճակի շուրջ մենք զրուցեցինք նաեւ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Աշոտ Հարությունյանի հետ: «Մեր հանրապետություն կարտոֆիլ ներկրվել է այն ժամանակահատվածում, երբ ներքին շուկայում առաջացավ բաց՝ կապված թարմ կարտոֆիլի հետ: Քանի որ գյուղատնտեսական տարին 20-25 օր հետ էր, եւ վաղահաս կարտոֆիլը, որը Արարատի, Արմավիրի մարզերից պետք է դուրս գար շուկա ու լրացներ այդ բացը, եղանակային պայմանների հետ կապված ուշացավ: Ու շուկայում առաջացավ մի թեթեւակի բաց: Շուկան ինքնակարգավորման մեխանիզմ ունի. ներկրվեց թարմ կարտոֆիլի որոշակի քանակություն, իսկ երբ տեղական կարտոֆիլը դուրս եկավ շուկա, ինքնըստինքյան ներկրումը դադարեցվեց»,- արդարացավ ԳՆ պաշտոնյան:
«Ժողովուրդ»-ը Աշոտ Հարությունյանին փոխանցեց գյուղացիների դժգոհությունը, որ իրենք ցածր գնի պատճառով չեն կարողանում իրացնել իրենց արտադրանքը: Այս հարցը լսելուց հետո Հարությունյանը զարմացավ. «Այս եղանակային պայմաններին՝ շոգին, ազգաբնակչության մեծ մասը արտերկրում հանգստանում է, ինչը կարող է նաեւ սպառման հետ կապված խնդիր առաջացնել: Մեր երկիրը այնքան զգայուն է այս տեսանկյունից, որ մի քանի հազար մարդու բացակայությունն էլ ազդում է շուկայի վրա»,- մեկնաբանեց պաշտոնյան: Զրույցի ավարտին նա վստահեցրեց, որ այսօր ներքին շուկայում ներկրված կարտոֆիլ չի վաճառվում. «Բացառում եմ, չկա»:
Այսպիսով՝ ԳՆ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերից պարզ է դառնում, որ մեր երկրում գնողունակությունն ու սպառման ծավալներն անքան են փոքրացել, որ անգամ մի քանի հազար մարդու բացակայությունը նկատելի է դառնում: Իսկ այդ ամենի թիվ մեկ պատճառը արտագաղթն է, որը հատկապես մեծ է ՀՀ գյուղական համայնքներից: Պետությունն աչքաթող է արել գյուղացուն, ոչ մի արտոնություն չի տալիս, մյուս կողմից ցրտահարությունն ու կարկուտն են ոչնչացնում այն, ինչ գյուղացիները փորձում են ստեղծել պարտքերով ու բանկերից վերցված վարկերով: Գյուղացիները դժգոհում են, որ իրենց ապրուստի հիմնական միջոցը վաստակում են արտագնա աշխատանքի միջոցով, իսկ ամենավատն այն է, որ գյուղից հեռանում են նաեւ ընտանիքներով՝ դատարկ թողնելով տները:
Գյուղում եկամուտ չկա, գյուղացիները չեն կարող մշակել հողը, չունեն այն անհրաժեշտ միջոցները, որ կարողանան վճարել գոնե տեխնիկայի, սերմացուի համար: Իսկ մշակելու դեպքում չեն կարողանում բերքը խելամիտ գնով իրացնել, քանի որ այդ ամենը վերահսկող, կարգավորող Հայաստանի գլխավոր գյուղատնտես Սերգո Կարապետյանը մատը մատին չի խփում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԿԱՐՄԻՐ ԽԱՉԸ ԶԲԱՂՎՈՒՄ Է
Օգոստոսի 9-ին Արարատի մարզի Այգեպատ համայնքի բնակիչ 50-ամյա Հենրիկ Աղեկյանը հատել է սահմանը եւ հայտնվել Ադրբեջանի տարածքում:
ArmLur.am-ի հետ զրույցում հայկական Կարմիր խաչի ընկերությունից նշեցին, որ կապի մեջ են Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների հետ, բանակցություններ են ընթանում հարցի շուրջ: Քաղաքացուն դեռեւս չեն հանդիպել:
Հիշեցնենք, որ Այգեպատ համայնքի ղեկավար Սերյոժա Պետրոսյանը ArmLur.am-ին հայտնել էր, որ տղամարդը հոգեպես անառողջ է, ապրում է եղբոր ընտանիքի հետ: Նա օգոստոսի 9-ին` ուշ երեկոյան, տանից դուրս գալով` անցել է հայ-ադրբեջանական սահմանը Նախիջեւանի կողմից դեպի Սադարակ գյուղ:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե Աղեկյանը ձերբակալվել է, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղեկացվել է կատարվածի մասին:

 

 

ՈՒԵՖԱ-Ի ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Օգոստոսի 16-ից 21-ը Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնը կհյուրնկալի ՈՒԵՖԱ-ի Ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլի A խմբի հանդիպումները: Առաջին անգամ Հայաստանում մրցաշարի գլխավոր փուլի միակ ուղեգրի համար կպայքարեն Հայաստանի կրկնակի չեմպիոն ՀՊՏՀ-ն, Կիպրոսի «Ապոել»-ը, դանիական «Գենտոֆտե»-ն, Շվեյցարիայի ներկայացուցիչ «Ֆուտզալ Մանիակս»:
Ստորեւ ներկայացնում ենք մրցաշարի խաղացանկը:
17.08 «Ապոել»-«Ֆուտզալ Մանիակս» 16:00
17.08 ՀՊՏՀ-«Գենտոֆտե» 19:00
18.08 «Գենտոֆտե»-«Ապոել» 16:00
18.08 ՀՊՏՀ-«Ֆուտզալ Մանիակս» 19:00
20.08 «Ֆուտզալ Մանիակս»-«Գենտոֆտե» 16:00
20.08 «Ապոել»-ՀՊՏՀ 19:00:




Լրահոս