Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2013 թվականի հոկտեմբերի 1-ին` ժամը 04:20-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ Ա. Ա.-ն ալկոհոլ օգտագործած վիճակում քարերով հարվածել է Երևան քաղաքի բնակիչ Վ. Զ.-ի բնակարանի պատուհանին, որի վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի տեսուչ Գ. Հ.-ն, ՊՊԾ գնդի ոստիկաններ Կ. Բ.-ն և Ա. Հ.-ն ժամանել են դեպքի վայր և փորձել են բերման ենթարկել, սակայն նա կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ, որից հետո բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին:
Նույն օրը Ա. Ա.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ (ձերբակալվածի պահման վայր), որտեղից հայտնել են, որ ձերբակալված քաղաքացու մարմնի վրա առկա են եղել մարմնական վնասվածքներ: Նախաքննությունը շարունակվում է: