Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը սեպտեմբերին պլանավորում է այցելել Հայաստան և Ադրբեջան: Այս մասին օրեր առաջ հայտնել էին ղազախական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի արտաքին գործերի նախարար Էռլան Իդրիսովի հայտարարությանը:
Expertonline.kz պարբերականի տեղեկություններով՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ բանակցությունների ժամանակ Նազարբաևը կանդրադառնա ԼՂ հարցին:
«Նազարբաևի՝ Թուրքիա կատարած այցից հետո ԶԼՄ-ները գրեցին Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Ղազախստանի նախագահի դերի մասին: Սոչիում հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը նշեց Նազարբաևի դերը՝ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Այժմ միջազգային դիտորդներն ու փորձագետները ակնկալում են Կովկասում Նազարբաևի խաղաղապահ առաքելության շարունակմանը»,-նշում է պարբերականը:
«ԵվրԱզԷս» Ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի կարծիքով՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցերը կնպաստեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Նրա կարծիքով՝ Աստանան մասնակիորեն իր վրա է վերցրել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների անցկացման միջնորդական առաքելությունը:
«Ներկայիս իրավիճակում, երբ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր դժգոհ են Ռուսաստանից՝ Ադրբեջանին զենքի վաճառքի հետ կապված, Հայաստանի և Ադրբեջանի միջև որպես միջնորդ Ղազախստանի դերի ակտիվացումը արդարացված է և տրամաբանական»,-ընդգծում է փորձագետը: