
Թուրքիայում կատարված հեղաշրջման փորձից հետո լուրջ փոփոխություններ են կատարվում թուրքական բանակում: ArmLur.am-ը հեղաշրջման փորձի և դրա հետևանքների շուրջ զրուցեց թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ հեղաշրջման փորձից հետո ամենամեծ հարվածը ստացավ թուրքական բանակը, որովհետև ընկավ բանակի հեղինակությունը, վստահության աստիճանը հասարարկության մոտ:
«Գեներալների մի զգալի հատված արդեն հեռացված է կամ կալանավորված: Սա, անշուշտ, իր հետևանքը կունենա թուրքական բանակի մարտունակության վրա, որովհետև այն պրոցեսները կամ գործընթացները, որոնք ներկայումս Թուրքիայում կատարվում են, անշուշտ, իրենց ազդեցությունն ունեն: Եվ արդեն իսկ տարբեր բաներ են բացահայտվում, որոնք ցույց են տալիս վերջին շրջանում թուրքական բանակում եղած հակասությունները, լրջագույն խնդիրները, որոնք անդրադառնում են Թուրքիայի մարտական պատրաստության վրա»,- նշեց նա:
Թուրքագետի կարծիքով՝ պրոբլեմային և ամենադիպուկ ցուցիչը հենց ռազմաօդային ուժերն են, որը Թուրքիայի ամենաթույլ կողմերից մեկն է:
«Երկրի ներսում կատարվող իրավիճակը՝ իրական պատերազմ, ահաբեկչություններ. այս բոլոր գործընթացները բացասաբար են ազդում Թուրքիայի անվտանգության ընդհանուր համակարգի վրա»,- եզրափակեց Լևոն Հովսեփյանը:
Լիդա Եղիազարյան