Ըստ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների` Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 3 տոկոսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի հունվար­հուլիսին 3 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս տարվա հուլիսին հունիսի համեմատ ցուցանիշն աճել է 2.5 տոկոսով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ­տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ­օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել շինարարության, առևտրի շրջանառության ոլորտներում: Սպառողական գների ինդեքսը նվազել է 1.5 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 2.4 տոկոսով: Շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել է 7.6 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում նվազումը 5.5 տոկոս է:

2015թ. հունվար­հուլիսի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 7.6 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 1.3 տոկոսով: Առեւտրի շրջանառությունը 2016­-ի հունվար­հուլիսին նվազել է 0.4 տոկոսով` 2015-­ի նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել 1 տրիլիոն 174 միլիարդ 006.8 միլիոն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 7.9 տոկոսով` կազմելով 777 միլիարդ 448.9 միլիոն դրամ:

Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2.3 տոկոսով (143 հազար 987 դրամ). ընդ որում պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը նվազել է 0.6 տոկոսով` կազմելով 159 հազար 957 դրամ: Արտաքին առևտրաշրջանառության ծավալները 2015թ. հունվար­հուլիսի համեմատ աճել են 2.3 տոկոսով (2 միլիարդ 658.8 միլիոն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն ավելացել է 16.5 տոկոսով (969 մլն դոլար), իսկ ներմուծումը նվազել է 4.6 տոկոսով (1 միլիարդ 689.8 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 482.81: Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:




Լրահոս