Ինչպես հայտնի է` չորսօրյա պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը հատուկ հաշվեհամար էր բացել: Այս քայլի նպատակն էր՝ հնարավորություն տալ բոլոր ցանկացողներին ուղիղ դրամական օժանդակություն ցուցաբերել Արցախին: Ապրիլի 4-ից մինչ օրս հատուկ հաշվեհամարում կուտակվել է 4 միլիարդ 661 միլիոն դրամ, որից հուլիսի 1-ի դրությամբ ծախսվել է 2 միլիարդ 101 միլիոն դրամը:
ԼՂՀ կառավարությունը օգոստոսի սկզբին հանդես եկավ նախաձեռնությամբ՝ մի խումբ հասարակական-քաղաքական գործիչների Արցախ հրավիրելու և ներկայացնելու, թե ինչի վրա են ծախսվել գումարները և ինչպես: Այդ խմբի կազմում ընդգրկված էին ԱԺ պատգամավորներ Թևան Պողոսյանը, Հովհաննես Սահակյանը, Նիկոլ Փաշինյանը տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, razm.info կայքի գլխավոր խմբագիր Կարեն Վրթանեսյանը, իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանը, ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը, «ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհուրդ» հ/կ նախագահ Մասիս Մայիլյանը:
Արցախում տիրող իրավիճակի և այցի շուրջ մանրամասներ իմանալու նպատակով ArmLur.am-ը զրուցել է պատգամավոր Թևան Պողոսյանի հետ, ով, ինչպես նշեցինք, Արցախ այցելողների թվում է եղել:
– Պարո´ն Պողոսյան, ի՞նչ տպավորություն ստացաք առաջնագիծ կատարած այցից: Հավաքված գումարները ծառայե՞լ են իրենց նպատակին:
-Ես Արցախում եմ հուլիսի 30-ից և մինչև այդ էլ առիթներ ունեցել էի առաջնագծեր այցելել` վերևից ներքև, և նույնիսկ կարող եմ համեմատել մի քանի օր առաջ տեսածն ու ներկայիս վիճակը: Տպավորությունս այն է, որ գումարները, որ միտված են եղել առաջնագծի ամրապնդման, ճիշտ են օգտագործվել: Այլ խնդիր է, որ շատ գործողություններ իրականում անհնար է ներկայացնել, քանի որ ռազմական գաղտնիք է: Բայց, իսկապես, կարող եմ համեմատել 2013, 2014 թվականների հետ և կարող եմ ասել, որ ահռելի աշխատանք է կատարվել` ինչպես ինժեներական, այնպես էլ տեխնիկական հագեցվածության: Այսօրվա այդ աշխատանքը կարող ենք գնահատել այն իմաստով, որ առաջնագիծն ամրապնդվում է, և միանգամից ասեմ, որ Արցախում որևէ մեկը չի պատրաստվում որևէ թիզ հող զիջել, հակառակը, ամեն ինչ արվում է, որ հնարավորինս ամեն ինչ վերականգնվի:
– Պարո´ն Պողոսյան, նշեցիք, որ հաճախ եք առաջնագիծ այցելում: Ձեր տպավորությամբ` ո՞ր հարցում է թերացել հայկական կողմը:
– Ամենակարևորը պետք է ասեմ, որ մենք ունեցել ենք բացթողումներ, որոնք ավելի շատ կապված են մարդկային քայլերի հետ: Հագեցվածությունն առաջնագծի ապրիլյան օրերին եղել է գրեթե նույնը: Բայց եղել են տեղեր, որտեղ հայկական կողմն ունեցել է հաջողություններ, տեղեր են եղել, որտեղ համապատասխան հակահարվածներով կարողացել են վերականգնել: Նույնիսկ շատ տեղերում հնարավոր է եղել խափանել հարձակումները, բայց եղել են տեղեր, որտեղ բացթողումներ են եղել, և ինչքան հասկանում ենք` դա եղել է մարդկային գործոն` տեղի հրամանատարության խնդիր:
– Ո՞ր տարածքները նկատի ունեք:
– Թալիշը և Մատաղիսը, որտեղ ամենամեծ կորուստներն են եղել. դա տեղի հրամանատարության բացթողումն է եղել: Իսկ այն լուրերը, թե կրակելու հրաման չեն տվել, իրականությանը չեն համապատասխանում: Օրինակ, Մարտակերտում կային զիջված տարածքներ, և հրամատարությունն այն ետ բերելու հրաման է տվել, որն էլ արվել է:
Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը