Անդամակցելով Մաքսային միությանը՝ Հայաստանը ստիպված կլինի զիջել իր ինքնիշխանության մի մասը: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում:
Այսպիսով՝ կարելի է ասել, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը փրկեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի դեմքը: Հիշո՞ւմ եք՝ այս տարվա օգոստոսին, երբ Հայաստանը գոնե հրապարակավ քայլեր էր անում՝ գնալու դեպի Եվրամիություն, Շ. Քոչարյանը, «տեմպի տակ ընկած», հայտարարեց, որ «Մաքսային միության կազմի մեջ մտնելու դեպքում Հայաստանը կորցնելու է իր սուվերենությունը…»: Ու երբ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է անդամակցել Մաքսային միությանը, ցայտնոտի մեջ հայտնված Քոչարյանը փորձում էր հերքել ինքն իրեն, անհասկանալի բացատրություններ տալ՝ տհաճ իրավիճակից դուրս գալու համար: Եվ ահա որտեղից որտեղ նրան օգնության հասավ իր պասիվությամբ աչքի ընկնող դիվանագետներից մեկը՝ Իվան Վոլինկինը: Նա, դիվանագիտական լեզուն մի կողմ դնելով, բացատրեց, որ Ռուսաստանի Դաշնությունը եւս ինքնիշխանության որոշակի մասը պետք է զիջի: «Իսկ մի՞թե Եվրամիության անդամ երկրները չզոհաբերեցին իրենց ինքնիշխանության մի մասը, երբ միավորվում էին: Այդ երկրների մի մասն անգամ զոհաբերեց իրենց արդյունաբերության, գյուղատնտեսության որոշակի հատվածը: Ի դեպ, Մաքսային միությունը նման զոհողություններ չի պահանջում: Դեռ ավելին՝ Հայաստանի արդյունաբերությունը եւ գյուղատնտեսությունը լրացուցիչ խթան կստանան զարգացման ու եվրասիական շուկայի յուրացման համար»,-նշել է դեսպանը:
Իհարկե, նրա խոսքերի մեջ իրատեսական էլեմենտներ կան, բայց այստեղ առաջ է գալիս մեր երկրի շահի կարեւորությունը, որն ամեն պահի շեշտվում է Սարգսյանների իշխանության ամենատարբեր օղակների կողմից: ՄՄ մտնելիս ի՞նչ է շահում Հայաստանը եւ ի՞նչ անվտանգության խնդիր է լուծում այդ քայլով: Չէ՞ որ անկախ երկրի գլխավոր արժանիքը՝ ինքնիշխանությունը, որոշակի մասով կորցնելու հեռանկարն արդեն բացեիբաց քննարկման առարկա է դարձել: Եվ ուրեմն ի՞նչ անվտանգության հարց կարող էր բարձրացվել Սերժ Սարգսյանի առաջ Մոսկվայում, որի մասին ասվեց գրեթե պաշտոնական խողովակներով: Կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանի իշխանության անվտանգության հարցն է դրվել սեղանին, դրա համար էլ նա անմիջապես համաձայնեց հանձնել երկրի ինքնիշխանությունը: Ու այսքանից հետո խոսել պետական շահի մասին, առնվազն լուրջ չէ, քանի որ ավելի մեծ արժանիք, քան անկախ Հայաստանի ինքնիշխանությունն է, պարզապես գոյություն չունի:
ԶԻՋՈՒՄ ԵՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ