Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանը հրաժարվել է կուսակցության ղեկավարի պաշտոնից: Երեկ Ռ. Թովմասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը ոչ մեկից նեղացած չէ ու առողջական որեւէ խնդիր չունի, ընդամենը որոշել է կուսակցության «էստաֆետը հանձնել» երիտասարդներին: -Պարո՛ն Թովմասյան, ի՞նչ է կատարվում ՀԿԿ-ում, ինչո՞ւ եք որոշել հրաժարվել կուսակցության ղեկավարի պաշտոնից: -Մեր կուսակցությունում ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, սովորական աշխատանքային կյանք է: Ես հրաժարվել եմ հօգուտ երիտասարդության ու ցանկանում եմ, որ կուսակցության ղեկավարումն անցնի երիտասարդներին, որպեսզի կուսակցությունն ավելի լավ պատրաստվի առաջիկա տարիների համար: Հիմնականում իմ հրաժարականի պատճառը եղել է իմ տարիքը եւ կուսակցության երիտասարդացումը: -Բայց կա՞ այն մեկը, որն արժանի փոխարինող է Ձեզ: -Դա կորոշի կուսակցության կենտրոնական կոմիտեի՝ նոյեմբերի 23-ին կայանալիք պլենումը: -Տեղեկություններ կան, որ ՀԿԿ-ում լուրջ տարաձայնություններ են առկա, ինչի պատճառով էլ Դուք ստիպված եք եղել հրաժարականի դիմում ներկայացնել: -Ի՞նչ տարաձայնություններ, այդպիսի տարաձայնություններ իմ ղեկավարման տարիներին չեն եղել ու չկան, ես մի անգամ էլ եմ իմ հրաժարականը ներկայացրել, բայց կենտրոնական բյուրոն չընդունեց եւ խնդրեց շարունակել աշխատանքը: Սակայն այս անգամ ես եմ ասել, որ կուսակցությունը պետք է երիտասարդացնել, ու երկրորդ անգամ դիմեցի կոմկուսին՝ խնդրելով հարգել կենտկոմի առաջին քարտուղարի պարտականությունից հեռանալու իմ խնդրանքը: -Վերջին տարիներին ՀԿԿ-ն առանձնապես աչքի չի ընկել իր գործունեությամբ: Եթե կուսակցությունը ղեկավարի երիտասարդ կոմունիստ, ի՞նչ կփոխվի դրանից: -Ես այդ կարծիքին չեմ, որ կուսակցությունն աչքի չի ընկնում իր գործունեությամբ, կուսակցությունը շատ զգոն է ու արձագանքում է բոլոր խնդիրներին: Իսկ այդ ո՞ր կուսակցությունն է այդպես գործունեություն ծավալել, որ մեր կուսակցությունը ոչինչ չի անում: Մենք աշխատում ենք համաչափ, ժողովրդի հետ, նրա հոգսերի, նրա ապագայի համար: -Այսօրվա թիվ մեկ խնդիրն արտագաղթն է: ՀԿԿ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկում այն կանխելու համար: -Իսկ ի՞նչ պետք է անի կուսակցությունն արտագաղթը դանդաղեցնելու կամ վերացնելու համար, երբ այդ հարցը որոշվում է բոլորովին այլ օղակներում: -Օրինակ՝ ՀՅԴ-ն արտագաղթի տեմպերը նվազեցնելու ծրագիր է մշակել: -Երկիրը դատարկվելուց հետո կասեն, որ տեմպերը դանդաղել են, քանի որ երկրում էլ մարդ չի մնա: Ու կորոշեն, որ դա իրենց ծրագրի արգասիքն է: Թող «Դաշնակցություն»-ը ստեղծի այնպիսի մթնոլորտ, որ արտագաղթ չլինի, թե չէ թղթի վրա ինչ էլ ասես, կարելի է գրել: -Իսկ Դուք վերջնականապե՞ս եք հեռանում քաղաքական դաշտից: -Ես հիմնովին դուրս եմ գալու քաղաքականությունից: -Նեղացա՞ծ եք ինչ-որ մեկից: -Ո՛չ, ինչի՞ց պետք է նեղանամ: -Թեկուզեւ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանից, նրա իշխանությունից, գործունեությունից: -Ինչո՞ւ պետք է ես Սերժ Սարգսյանից նեղանամ, Ս. Սարգսյանը տանում է իր հստակ ներքին եւ արտաքին քաղաքականությունը: Հետո ի՞նչ, որ գաղափարական հարցերով մենք հիմնովին տարբեր դիրքերում ենք: Սա իմ վերջին քաղաքական հարցազրույցն է: Ես ոչնչից նեղացած չեմ: Ամբողջ կյանքում ես նվիրված եմ եղել այս կուսակցությանը եւ մնալու եմ այս կուսակցության անդամ: Հետեւաբար ես հպարտ եմ ու համոզված, որ իմ թոռները եւս հպարտանալու են ինձանով: Այնպես որ, տարիքն իրենը զգացնել է տալիս: Բայց մի բան էլ նշեմ՝ իմ առողջության մասին ով քննարկում է, ամենահիվանդը ինքն է եւ լուրջ բուժման կարիք է զգում: Ես չգիտեմ՝ ինչ բան է հիվանդանալը: