«Սասնա ծռերի» վիրավոր անդամներին պատշաճ օգնություն չի ցուցաբերվում. ինչու է դադարեցվել 24 ժամյա բուժօգնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբանների կողմից օրեր շարունակ  բարձրաձայնվում է խնդիրը, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների  հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբավորման վիրավոր անդամներին անհրաժեշտ բուժօգնություն չի տրամադրվում:

Մասնավորապես, խոսքը խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանի մասին է, ում փաստաբան Արա Ղարագյոզյանի պնդմամբ` նա, ցավերին չդիամանլով, իրեր է նետել դռան ուղղությամբ, որպեսզի ինչ-որ մեկը լսի և պատշաճ օգնություն ցուցաբերի հիվանդին:

Պավել Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանն էլ նշում է, որ նոր վիրահատված Պավել Մանուկյանը ևս ունի բժշկական օգնության կարիք, սակայն «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկների կողմից իրականացվող 24 ժամյա հսկողությունը վերացվել է:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից այս առնչությամբ նշել էին, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվելու առաջին օրվանից խմբավորման անդամների բուժումն ու խնամքը գերազանցապես կատարվել է քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի կողմից. «Ինչ վերաբերում է «Էրեբունի» ԲԿ-ի 1 բուժակի` քրեակատարողական հիմնարկում չգտնվելուն, հայտնենք, որ այդ անհրաժեշտությունը պայմանավորված էր կալանավորված անձանց` այդ բժշկական կենտրոնում վիրահատվելուց հետո 1-ին շրջանի հետվիրահատական հնարավոր խնդիրների բացառմամբ: Այսօր այդ անհրաժեշտությունն այլևս չկա, և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում առկա են բոլոր պայմանները վերոնշյալ անձանց բուժումն ու խնամքը քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի կողմից շուրջօրյա ռեժիմով ապահովելու համար»:

Այս պատասխանն այնուամենայնիվ փաստաբաններից շատերին չի գոհացրել և ինչպես նրանք, այնպես էլ այլ քաղաքացիներ այսօր ՄԻՊ գրասենյակի մոտից  երթով կշարժվեն դեպի Արդարադատության նախարարություն, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց»՝ բարձրաձայնելու վիրավորված «Սասնա ծռերին» պատշաճ բուժօգնություն և բուժման պայմաններ տրամադրելու խնդրի մասին։

Նշենք նաև, որ ՄԻՊ գրասենյակը «Դատապարտյալների հիվանդանոց» կատարած այցից հետո պարզաբանումներ է պահանջել արդարադատության և առողջապահության նախարարություններից վիրավորներին ոչ պատշաճ օգնություն ցուցաբերելու խնդրով:




Լրահոս