Երեկ հայտնի դարձավ, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել է Սագուրամ գյուղի մոտակայքում Ռուսաստանից Հայաստան բնական գազ մատակարարող գազամուղի պայթեցման փորձը: Ահաբեկչական գործողության նախապատրաստման մեղադրանքով ձերբակալվել են Վրաստանի հինգ քաղաքացիներ՝ Բեկա Բ.-ն, Վլադիմիր Ռ.-ն, Մինդիա Ռ.-ն, Ջաբա Մ.-ն, Նուրի Չ.-ն: Բացի այդ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստով ձերբակալված է պարեկային ոստիկանության գործող աշխատակից Լեւան Մ.-ն, իսկ հանցագործության մասին տեղեկություններ ունենալու եւ չիրազեկելու համար՝ քաղաքացի Իրակլի Բ.-ն:
Թե ինչպիսի դրդապատճառներ կարող էին լինել գազամուղի պայթեցման համար, եւ տարածաշրջանային որ խաղացողների ձեռագիրը կարող է լինել դրանում, «Ժողովուրդ»ը փորձեց պարզել Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանից եւ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանից:
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյան
-Պարո՛ն Պետրոսյան, երեկ Վրաստանի հատուկ ծառայությունները հայտնեցին, որ կանխել են Ռուսաստանից Հայաստան գազ մատակարարող խողովակաշարի պայթեցումը: Ի՞նչ հավելյալ մանրամասներ են Ձեզ հայտնի, եւ Ձեր կարծիքով՝ ովքե՞ր կարող էին լինել նման ահաբեկչության պատվիրատուները:
-Ուզեցել են տեռոր կազմակերպել` գազամուղի հետ կապված, որը անցնում է Սագուրամ գյուղով, օպերատիվ տվյալներով չեն հասցրել իրագործել իրենց ոճրագործությունը, այս պահին ձերբակալված են 7 հոգի: Քննությունը գնում է: Նշեմ, որ իրավապահ մարմինները բավականին մեծ աշխատանք կատարել են, որ իրենք չհասցրեցին իրագործել այդ հանցագործությունը: Երկու ամիս աշխատել են այդ ուղղությամբ, որ կարողացան հայտնաբերել ու ձերբակալել այդ հանցագործներին:
-Իսկ ի՞նչ կասեք հնարավոր պատվիրատուների մասով, ո՞ւմ էր պետք այս փուլում նման գործողությունը: Արդյո՞ք դա կապ ունի Հայաստանում վերջին իրադարձությունների կամ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարվածության հետ:
-Երեւի թե չէ, չեմ կարող ասել: Ով ոնց է մտածում, ինչ է մտածում, ինչն է պատճառը, չեմ կարող ասել, կարող է պատահել, որ երրորդ պետությունը պատվեր է տվել, հազար ու մի բան կարելի է այստեղ մտածել:
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյան
-Պարո՛ն Թորոսյան, Ձեր կարծիքով՝ ինչո՞վ կարող էր պայմանավորված լինել Վրաստանում գազատարի պայթեցման փորձը, դա ո՞ւմ կարող էր այս պահին ձեռնտու լինել:
-Շատ վտանգավոր երեւույթ է դա, հիշեցնեմ, որ այդպիսի երեւույթներ տեղի են ունեցել Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1980-ականների վերջից մինչեւ պատերազմի ավարտը` 1994 թվականը: Սա կարծես թե պատերազմից հետո առաջին փորձն էր: Տեղեկատվության մեջ նշված է, որ Վրաստանի քաղաքացիներ են, իմ կարծիքով, եթե քաղաքական ենթատեքստ ունենա, ապա միանշանակ կարող է կազմակերպված լինել ադրբեջանական կողմից եւ Վրաստանի՝ ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիները կարող են լինել: Հնարավոր է այդպիսի բան, քանի որ գազամուղ պայթեցնելը ողջ էությամբ քաղաքական գործընթաց է, եւ, բնականաբար, դա ձեռնտու է որոշակի ուժերի, որոշակի պետությունների, ովքեր Վրաստանում բավականին լուրջ ներկայություն եւ ազդեցություն ունեն: Բայց կարծում եմ՝ կարելի է առաջ չընկնել իրադարձություններից եւ սպասել քննության ընթացքին:
-Այսինքն՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ այս փորձը կապ ունի ղարաբաղյան հակամարտության հետ:
-Կարելի է կապ տեսնել ղարաբաղյան հակամարտության` այս պահին առկա իրավիճակի հետ, բայց եթե պարզվի, որ ադրբեջանցիներ են, թեկուզ Վրաստանի քաղաքացիություն ունեցող:
Արփինե Թովմասյան