ՈՒՇԱԳՐԱՎ ԱՅՑ
Շվեյցարիայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նոյեմբերի 15-ին հանդիպել է Շվեյցարիայի նախագահ, անվտանգության հանձնաժողովի նախագահ Ուլի Մաուրերի հետ եւ քննարկել երկկողմ հարաբերություններին, ԵՄ-ի հետ Հայաստանի գործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը, հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հիշեցնենք, որ օրերս Թուրքիան դիմել էր Շվեյցարիային` խնդրելով ստանձնել միջնորդի դեր Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում:
ՆՈՐ ԱԶԴԱԿ
ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դենիել Բեերը երեկ վերահաստատել է Միացյալ Նահանգների հաստատակամությունն ու նվիրվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին: «Բացի բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորումից՝ այլ ճանապարհ չկա: Ողջունում ենք նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի՝ հանդիպելու եւ հետագա քայլերը քննարկելու պատրաստակամությունը: Ժամանակն է խոսքից գործի անցնելու: Նախագահների հանդիպումը կարող է նոր ազդակ հաղորդել կարգավորմանը»,-հայտարարել է Բեերը:
ԱՌԱՆՑ ՊԱՇՏՊԱՆԻ
«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը հրաժարվել է հանրային պաշտպանից եւ այսուհետ ինքնուրույն կիրականացնի իր պաշտպանությունը: Այս մասին տեղեկացրել է փաստաբան Գարիկ Մալխասյանը, որը նշանակվել էր Հարությունյանի հանրային պաշտպան: Նա նաեւ հայտնել է, որ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն՝ պարզելու՝ արդյոք Շ. Հարությունյանի մոտ հոգեկան շեղումներ կան, թե ոչ:
ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ եւս երկու ամսով երկարաձգել է պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոց կալանքը: Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանի գնահատմամբ` իր պաշտպանյալի իրավունքները խախտվում են, քանի որ նրա մասնակցությամբ քննչական գործողություններ չեն կատարվում. «Նոր մեղադրանքն էլ նորից շինծու է, ինչպես առաջինը»:
ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՎԱՏ Է
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ մոսկվայաբնակ քաղաքագետ Արկադի Վարդանյանի փաստաբանը միջնորդել է իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը փոխել խափանման այլ միջոցով, քանի որ Արկադի Վարդանյանը վատառողջ է: «Առավոտ»-ի հաղորդմամբ` Վարդանյանը հայտնել է, որ ստամոքսից արյունահոսության հետ կապված՝ շաբաթներով սնունդ չի օգտագործում, քանի որ այն առաջացնում է աներեւակայելի ցավեր: Մեղադրող Ա. Ամիրզադյանը, սակայն, նշել է, թե բժշկական պատշաճ տեղեկանք չկա այն մասին, որ անհնարին է Վարդանյանին պահել անազատության մեջ կամ խոսել պայմանների մասին: «Առավոտ»-ը նշում է, որ դատական նիստերի ժամանակ ամբաստանյալը հաճախակի է խնդրում կարճ դադար կամ հենց տեղում օգտվում դեղահաբերից: