ԿՍՏՈՒԳԵՆ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ որոշում է ստորագրել պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2014թ. ծրագիրը հաստատելու մասին: Վարչապետը դրանով սահմանել է ժամանակացույցը, որի համաձայն՝ պետք է ոլորտ առ ոլորտ ստուգվի բյուջեի կատարումը: Նշենք, որ այս ցանկում առաջինը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն է. առաջին կիսամյակի ընթացքում պետք է ստուգվեն 2011-2013թթ., ինչպես նանեւ 2014թ. հաշվետու ժամանակաշրջանում այդ նախարարության` պետական բյուջեից արված ծախսերը, երկրորդ տեղում առողջապահության, երրորդում արդարադատության նախարարությունն է:
ՄԵԿՈՒՍԱՆՈՒՄ Է
Հայաստանի Հանրապետության թիվ մեկ ֆինանսական փաստաթղթի քննարկումն ու քվեարկությունն այդպես էլ չհետաքրքրեցին ՀՀ Ազգային ժողովի մեծությամբ երկրորդ խմբակցության ղեկավարին: ՀՀ ընտրողներին բարգավաճ Հայաստան կառուցելու խոստում տված կուսակցության ղեկավարը, որն ԱԺ պատգամավորի մանդատ է ստացել նաեւ խորհրդարանում գործունեություն ծավալելու համար, զլանում է կատարել իր պարտականությունները: Ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունը վաղուց դադարել է հետաքրքրել: Նա իր կուսակիցների կողքին երեւում է միայն ընտրությունից ընտրություն (վերջինն Արարատն էր), ապա կրկին անհետանում՝ ինչպես Փոքր Մհերը, որը փակվեց իր մենաստանում, մինչեւ գարին դառնա ընկույզի չափ: Հետաքրքիր է, ումի՞ց է խուսափում Ծառուկյանը եւ ինչո՞ւ:
ՊԵՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն ուսուցչի օրվա առթիվ հոկտեմբերին կազմակերպված միջոցառումների համար ահռելի գումարներ է ծախսել` մոտ 8 մլն 300 հազար դրամ կամ 20 հազար ԱՄՆ դոլար: Ի դեպ, այս գումարի մեջ չի մտնում լավագույն ուսուցչին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից հանձնված նվերի` 2013թ. արտադրության «Շեւրոլետ Ավեո» ավտոմեքենայի գումարը (12 մլն դրամ): «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ 8.3 մլն դրամը նախատեսված է եղել ծախսելու ոչ միայն հաղորդավարների, երաժշտական խմբերի, պարային համույթների ելույթների վրա, այլեւ նստատեղերի վրա դրված են եղել օրագրի դիզայնով գնահատման թերթիկներ, որտեղ ուսուցիչներն պետք է իրենց գնահատականը նշանակեին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին միջոցառման կազմակերպման համար եւ դրանք թողնեին մուտքի մոտ տեղադրված արկղում:
ԱՆՀՈՒՅՍ ԲՈՂՈՔ
Նոյեմբերի 21-ին ՀՀ վերաքննիչ դատարանում տեղի կունենա Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատապարտյալներ էպոսագետ Վարդան Սեդրակյանի, Սամվել Հարությունյանի եւ Խաչատուր Պողոսյանի վերաքննիչ բողոքի առաջին դատական նիստը: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց Խաչատուրի կինը` Նոնան. «Ես ոչ մի հույս չունեմ, որ մենք, վերաքննիչ բողոք ներկայացնելով, անգամ մի բանի կհասնենք: Ուղղակի Խաչատուրը դեռ հույսեր ունի, թե բողոքի դեպքում մի արդյունքի կհասնի, ու ես չեմ ուզում նրան կոտրել»: