Այս փաստաթուղթը պետք է գուրգուրել և աղոթել Աստծուն, որ իշխանություններից պրծնենք. Արամ Մանուկյանը` Անկախության հռչակագրի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

26 տարի առա այս օրն է Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունել «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով դրվել է Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը։ Հռչակագրի ընդունումից անմիջապես հետո` օգոստոսի 24-ին, հիմնվելով «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի վրա, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող տասներկուերորդ գումարման Գերագույն խորհուրդը համարել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ:

Հռչակագրում նշված է. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»:

ՀՀ անկախության մասին հռչակագիրը  բաղկացած է 12 կետից:

Հռչակագրի ընդունումից շուրջ 1 տարի անց՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին, Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե… Արդյունքում մենք ունենք անկախ Հայաստան՝ Հայաստանի Երրորդ Հանրապետություն:

Ինչպես հայտնի է` հռչակագիրն ընթերցել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Այսօր լրագրողների հետ զրույցում Արամ Մանուկյանը, խոսելով հռչակագրի մասին, ասաց. «Սա մի փաստաթուղթ է, որը ոչ ոք դեռևս չի քննադատել: Այս փաստաթուղթը հարկավոր է գուրգուրել. սա պատմական փաստաթուղթ է` իր դրույթներով հանդերձ: Անկախությունը շատ բարդ համակարգ է, նրան պետք է պահել ու պահպանել: Աղոթենք Աստծուն, որ այս իշխանություններից պրծնենք ու նորից սկսենք: Մենք կորստի փուլում ենք, տարեց տարի հետ ենք գնում»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս