Անդրիաս Ղուկասյանի կնոջ` Անահիտ Թարխանյանի համար անընդունելի է դատարանի կողմից կայացրած կալանքի որոշումը: Այս մասին նա նշեց այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ես գտնում եմ, որ առանց որևէ գրավի նրան պետք է ազատ արձակեն` հաշվի առնելով իր պատշաճ անձ լինելը: Դժվար է պատկերացնել, որ նման մարդը կմասնակցի զանգվածային անկարգությունների»,- նկատեց նա:
Ասուլիսին ներկա էր նաև դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, ով պատմեց հուլիսի 29-ի դեպքի մանրամասները.
«Ոստիկանները մինչեւ ատամները զինված էին, եւ սպառազինության տեսակներ էին օգտագործում, որ, երևի թե, սահմանում պետք է գործածեին, ուստի մեղադրանքները կեղծ են, թխած են բոլորի համար՝ նույն բառերով, ուղղակի անուններն են փոխված»,- նկատեց նա:
Ղուկասյանի պաշտպան Լուսինե Հակոբյանը նշեց, որ հացադուլը դեռ շարունակվում է. «Անդրիաս Ղուկասյանը շարունակում է իր հացադուլը, նա շատ վճռական է այդ հարցում, շատ ուժեղ, ընկճված չէ, առողջական վիճակը վատ չէ, պայքարելու է մինչև վերջ և ցանկանում է օգտագործել իրավական բոլոր ճանապարհները, իսկ այսօր հացադուլի 23-րդ օրն է»,- ասաց նա: