ԳՈՐԾԱՐԱՐԸ ՄՐՑԱԿՑԵԼ Է ԻՆՔՆ ԻՐ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում կայացած նիստում մանկապարտեզներին, մանկատներին եւ ծերանոցներին մատակարարող 3 օրինախախտ ընկերություններ տուգանվեցին՝ յուրաքանչյուրը 15 մլն դրամով: Օրինախախտներն են՝ «Երեքնուկ»-ը, «Սեար գրուպ»-ը, «Ամարաս Յուս»-ը:
Նշված ընկերություններից «Սեար գրուպ»-ն ու «Երեքնուկ»-ն առաջին անգամը չէ, որ հայտնվում են հանձնաժողովի տեսադաշտում: Դեռ անցյալ տարի ընկերությունները թույլ էին տվել մրցակցային խախտումներ եւ 15 մլն դրամի չափով տուգանվել մանկապարտեզներում կազմակերպված մրցույթներում թույլ տված չարաշահումների համար:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը երեկ գրել էր, որ խախտում իրականացրած ընկերությունների հետեւում կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ ոչ միայն Հայաստանից, այլեւ Լեռնային Ղարաբաղից, որոնք ամեն կերպ փորձում են ջրից չոր դուրս գալ: Տեղեկություններ կան, որ թվարկված ընկերությունների իրական տերերն ամեն կերպ փորձել են խոչընդոտել ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունների ընթացքը, իսկ նրանցից ոչ մեկը երեկ չէր ներկայացել հանձնաժողովի նիստին:
Տեղեկացնենք, որ ՏՄՊՊՀ-ի կողմից ուսումնասիրվել են 88 հաստատություններ՝ ծերանոց, մանկատուն, գիշերօթիկ, մանկապարտեզ: Արդյունքում՝ արձանագրվել է, որ ընկերությունները պետգնումների մրցութային գործընթացների շրջանակներում վարել են համատեղ փոխհամաձայնեցված գնային քաղաքականություն եւ դիմել են խորամանկ քայլերի՝ շուկան բաժանելով իրար միջեւ եւ հաջորդաբար հաղթելով տարբեր մրցույթներում: Դրա հետեւանքով էլ մրցակցությունը սահմանափակվել է: Հանձնաժողովի կողմից արձանագրվել են դեպքեր, երբ միեւնույն կազմակերպությունը, հաղթող ճանաչվելով մի մրցույթում, պարտվել է մեկ ուրիշում՝ նույն ապրանքների գծով ներկայացնելով ավելի բարձր գնային առաջարկ, որպեսզի հաղթող ճանաչվի իր հետ փոխկապակցված ընկերությունը:
Օրինակ՝ «Ամարաս Յուս»-ը մի մրցույթում ճանաչվել է հաղթող եւ դարձել խտացրած կաթի մատակարար՝ 1 տուփը 450 դրամ գնով, իսկ մյուսում պարտվել է՝ նույն ապրանքի համար ներկայացնելով անհամեմատ բարձր՝ 1100 դրամ գին, ինչի արդյունքում վերջին մրցույթում հաղթող է ճանաչվել «Երեքնուկ»-ը եւ իրականացրել խտացրած կաթի մատակարարում՝ շուկայականից ակնհայտ բարձր՝ 1 տուփը 895 դրամ գնով: Մեկ այլ դեպքում «Ամարաս Յուս»-ը, թիվ 38 մանկապարտեզում հաղթելով, հրաժարվել է կատարել իր պարտավորությունները՝ տեղը զիջելով 2-րդ տեղը զբաղեցրած «Սեար գրուպ»-ին: Թթվասերի համար սկզբնապես ներկայացվել է 740 դրամին համարժեք գնային առաջարկ, սակայն արդյունքում մատակարարվել է 1500 դրամով: Իսկ խնձորի 1 կգ-ն 150 դրամի փոխարեն մատակարարվել է 400 դրամով:
«Ժողովուրդ»-ը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ «Երեքնուկ», «Սեար գրուպ», «Ամարաս Յուս» ընկերությունների հեռախոսահամարները գրեթե նույնն են՝ մեկ թվով տարբեր: Իսկ տնօրենը նույն մարդն է՝ Յուրա Ադյան, որն էլ, մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, արմատներով Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ղազարահող գյուղից է: Այնուամենայնիվ, կատարվածի համար դիմեցինք երեք ընկերություններին, սակայն երեքի աշխատակիցներն էլ, լսելով մեր հարցը, պատասխանեցին, որ Ադյանը տեղում չէ: Ու այդպես էլ մեզ չհաջողվեց կապ հաստատել Ադյանի հետ:
Եվ որպեսզի մեր ընթերցողն ավելի լավ պատկերացում կազմի այս ընկերությունների գործունեության մասին, ներկայացնենք մի օրինակ եւս «Ամարաս Յուս»-ի վերաբերյալ: Դեռեւս 2006թ. մարտի 27-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության (այս շրջանում նախարարը ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանն էր) պատվերով մրցույթ է հայտարարվել Երեւանի անօթեւանների կենտրոնի հիմնանորոգման աշխատանքներ կատարելու համար, մասնակցել է 7 կազմակերպություն: Դրանցից 6-ի ներկայացրած հայտերը մերժվել են փաստաթղթային անճշտությունների պատճառով: Իսկ երկրորդ փուլ անցել է միայն «Ամարաս Յուս» ՍՊԸ-ն, քանի որ նախարարության ձեւավորած հանձնաժողովն ընկերության հնարավորությունները ճանաչել է մրցույթով պահանջվող որակավորման չափանիշներին համապատասխան: Նույն օրը սոցապ նախարարության պատվերով գնումների գործակալությունն իրականացրել է մեկ այլ մրցույթ` Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատի հիմնանորոգման աշխատանքների իրականացում: Այս մրցույթին նույնպես մասնակցել է 7 կազմակերպություն, այդ թվում է նաեւ «Ամարաս Յուս»-ը: Կազմակերպություններից 6-ի ներկայացրած հայտերը կրկին մերժվել են փաստաթղթային անճշտությունների պատճառով, եւ երկրորդ փուլ է անցել միայն «Ամարաս Յուս» ՍՊԸ-ն: Աշխատանքների իրականացման պայմանագիրը դարձյալ նշված ընկերության հետ է կնքվել:
Տեղեկացնենք նաեւ, որ ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության արդյունքներն ուղարկվելու են ՀՀ ֆինանսների նախարարություն: Եվ համաձայն գործող օրենսդրության՝ ընկերությունները մեկ տարով զրկվելու են պետգնումների մրցույթներին մասնակցելու իրավունքից: Բնականաբար, Ադյանը պետբյուջեի փողերը թալանելու մեջ չէր կարող միայնակ գործել: Ամենայն հավանականությամբ, նրա թիկունքում կանգնած են ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդհուպ մինչեւ նախագահ: Սակայն գործող իշխանությունը բավարարվեց կեղծարարներին միայն 45 մլն դրամով տուգանելով եւ մեկ տարի ժամկետով զրկելով պետգնումների մրցույթին մասնակցելուց:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս