Երեւանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում օրերս մկրտվել է երգիչ Մհեր Մեսրոպյանը, ում երկրպագուներն ավելի շատ գիտեն պարզապես Մհեր: Կնունքի արարողությունն անցկացրել է տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը։
Այս իրադարձությունն ուշագրավ է այն պատճառով, որ երգչի անունը մի քանի անգամ շոշափվել է որպես աղանդավոր, մասնավորապես «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության անդամ։ Ստացվում է, որ երգիչը դարձի՞ է եկել։ Այս եւ այլ հարցերի շուրջ պարզաբանումների համար դիմեցինք երգիչ Մհերին։
-Ժամանակին խոստովանել էիք, որ առնչություն ունեցել եք «Կյանքի խոսք»-ի հետ` նշելով, որ այն Ձեզ պարբերաբար աջակցություն է ցուցաբերել` կապված համերգների ժամանակ անհրաժեշտ տեխնիկա հատկացնելու եւ այլ հարցերի հետ: Մինչդեռ հիմա, փաստորեն, մկրտվել եք Հայ առաքելական եկեղեցում: Ի՞նչը Ձեզ ստիպեց գնալ այդ քայլին:
-Այդ մասին բազմիցս խոսվել է, եւ դա արդեն անցյալում է: Ինչ վերաբերում է մկրտվելուն, ապա ես վաղուց էի ցանկանում մկրտվել, քանի որ զգում էի դրա պահանջը: Եվ այդ մասին մի քանի անգամ ասել էի մտերիմներիս, ընկերներիս: Քանի որ մկրտված չէի, ինձ մի տեսակ լիարժեք մարդ, լիարժեք հայ չէի զգում, ինչ-որ մի բան կարծես իմ կյանքում, իմ հոգու խորքում պակասում էր: Բայց խոսակցությունը մնում էր զուտ խոսակցություն, ցանկությունը` ցանկություն, որովհետեւ ես կոնկրետ քայլերի չէի դիմում ո՛չ կնքահոր, ո՛չ կոնկրետ ժամկետի հարցերում։ Վերջերս «Արմենիա» ստուդիայում ծրագիր պետք է նկարեինք, մի տեսակ անհանգիստ էի, նեղված, պրոդյուսերիս` Գեորգի Հարությունյանին, հասկացրի, որ ուզում եմ շատ լուրջ բան ասել, ապա, ճիշտն ասած, մի քիչ ամաչելով` ասացի. «Ես ուզում եմ, որ դու եւ Սոնյան կնքեք ինձ»։ Ես եւ Սոնյա Դիլանյանը երկար տարիներ ճանաչում ենք միմյանց, իմ լավ ընկերն է, իսկ Գեորգիի՝ լավ գործընկերը։ Գեորգին զարմացել էր իմ առաջարկից, բայց նաեւ ուրախացել, որովհետեւ, ինչպես հետո խոստովանեց, չէր սպասում, որ ես հենց իրեն կընտրեմ որպես կնքահայր: Հատկապես մեր ժամանակներում կնքահորը ընտրելիս սովորաբար հաշվի են առնում նրա հանրաճանաչ լինելը, ինչպես նաեւ ֆինանսական մեծ հնարավորությունները, իսկ իմ շրջապատում նման ընկերներ, ծանոթներ շատ կան։ Բայց ես ընտրեցի Գեորգիին եւ Սոնյային` իմ ամենամոտիկ մարդկանց, որոնք միշտ իմ կողքին են ցանկացած հարցում։ Ընդ որում, ես այդ քայլին չգնացի այն նպատակով, որպեսզի իմ` աղանդավոր լինելու մասին խոսակցությունները դադարեն։ Դրանք արդեն իսկ դադարել էին, ինչի մասին վկայում են աղանդավոր աստղերի վերաբերյալ վերջին հրապարակումները կայքերում։
-Ոմանք ասում են, որ ամուսնացել եք, ոմանք՝ որ շուտով ամուսնանալու եք։ Ո՞րն է իրականությունը:
-Դեռ չեմ ամուսնացել, բայց ունեմ ընկերուհի, ում հետ մտերիմ, նորմալ շփումներ ունեմ։
-Չե՞ք ասի՝ ով է նա:
-Չի կարելի, քանի որ դա մեր անձնական հարցն է, եւ մենք դեռ այնքան չենք լրջացրել մեր հարաբերությունները, որ խոսենք համատեղ կյանքի մասին, ավելին, հայտնենք նաեւ լրատվամիջոցներին։ Երբ կամուսնանանք, բոլորդ կիմանաք. հո դա գաղտնի չե՞նք անելու:
-Իսկ Ձեր ընկերուհին շոու բիզնեսի ներկայացուցի՞չ է։
-Այո՛։
-Դուք այլ՝ ավելի լուրջ ոճի երգիչ եք, սակայն չդիմացաք գայթակղությանն ու մտաք, այսպես կոչված, 6/8-ի դաշտ։ Դա ինչո՞վ էր պայմանավորված։
-6/8 ձեւաչափի մեջ ես մեկ կամ երկու երգ ունեմ, քանի որ հիմա բոլոր երգիչները մասնակցում են հարսանիքների, քեֆերի, ու մենք բոլորս սիրում, պարում ենք այդ ոճի երաժշտության տակ։ Եթե Արշակյան քույրերը «Եվրատեսիլ» գնացին այդ նույն ձեւաչափի երգով, ինչի՞ մասին է խոսքը։ Ցանկացած լավ երգիչ պետք է ունենա ուրախ, սիրուն երգ, որի հնչյունների ներքո կարելի է պարել։
-Հարսանիքներում, ռեստորաններում երգո՞ւմ եք։
-Այո՛, ես հանդես եմ գալիս ե՛ւ որպես հաղորդավար, ե՛ւ որպես երգիչ։ Ունեմ թեմատիկ երգեր, որոնք հարսանիքի հետ են կապված, բացի այդ՝ կարող եմ, օրինակ, Բաբաջանյան երգել հարսանիքների կամ այլ միջոցառումների ժամանակ։
-Իսկ դա անում եք հոգով-սրտո՞վ, թե՞, այսպես ասած, ոչ լավ կյանքից։
-Չի կարելի ասել՝ ոչ լավ կյանքից է, ուղղակի դա գումար վաստակելու միջոց է։ Օրինակ՝ հեռուստատեսությամբ տեսահոլովակ ներկայացնելով կամ, ասենք, արտասահմանյան համերգով գումար գրեթե չենք վաստակում, մինչդեռ երգչի ծախսերը, պահանջները շատ են. պետք է տեսահոլովակ նկարի, համերգներին, ելույթներին լինի ներկայանալի զգեստով…
«ՄԿՐՏՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԼԻԱՐԺԵՔ ՄԱՐԴ ԵՄ ԴԱՐՁԵԼ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ