Նոյեմբերի 17-ը ողջ աշխարհը նշում է որպես Ուսանողության միջազգային օր: Տոնը կարծես թե եւս մեկ անգամ շեշտում է ուսանողության երիտասարդ լինելու եւ իրենց ներուժն առավել արդյունավետ օգտագործելու կարեւորությունը: Հիշեցնենք, որ 1941թ. եվրոպական տարբեր երկրների ուսանողներ Լոնդոնի ուսանողական միջազգային խորհրդում որոշել են նոյեմբերի 17-ը նշել որպես Ուսանողության միջազգային օր՝ հիմքում ունենալով ֆաշիզմի դեմ պայքարը։
Իսկ ինչո՞վ են հիշարժան ուսանողական տարիները հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների համար։ Ճանաչված եւ սիրված երգչուհի Քրիստինե Պեպելյանն ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը։ Երգչուհու կարծիքով՝ ընդհանրապես ուսանողական կյանքը ինքն իրենով ենթադրում է մարդու կյանքի ամենավառ, ամենալուսավոր տարիները. «Ես, համենայնդեպս, այդպես եմ պատկերացնում։ Բայց ստացվել է այնպես, որ միշտ իմ ուսանողական տարիները համատեղվել են աշխատանքի հետ։ Այսինքն՝ ուսանողական տարիներին ես նաեւ միշտ աշխատել եմ, համերգների եմ մասնակցել, ճամփորդել եմ, որովհետեւ արդեն երգում էի, իմ ստեղծագործական ճանապարհին էի։ Եվ միգուցե հենց այդ պատճառով չեմ եղել այն ամենափայլուն ուսանողը, որը կուզեի լինել։ Իմ բացթողումները, բացակայությունները շատ են եղել, ու ես շատ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր զիջել են, ընդառաջել, հասկացել ու կարողացել են հանդուրժել իմ բացակայությունները»։ Երգչուհու խոսքով` կուրսեցիների հետ երբեմն-երբեմն հանդիպումներ լինում են, օրինակ՝ համերգներ կան, որտեղ միասին աշխատում են։ Կան նաեւ այդ նույն տարիներին Կոնսերվատորիայում սովորած երգիչներ, ում հետ մասնակցում են նույն համերգներին։
Քրիստինե Պեպելյանը համոզված է, որ տեղեկացվածության առումով այսօրվա ուսանողներն ավելի մեծ հնարավորություններ ունեն եւ հաճախ օգտվում են դրանցից. «Համենայնդեպս, իմ տպավորությունն այդպիսին է։ Իսկ դա ավելի շատ իմանալու, ճանաչելու հնարավորություն է ընձեռում, ինչը տարեցտարի ավելի զգալի է դառնում։ Կարծում եմ՝ դա շատ ողջունելի, շատ ուրախալի փաստ է, որը վերաբերվում է նաեւ ապագա ուսանողներին»։
«ՉԵՄ ԵՂԵԼ ԱՄԵՆԱՓԱՅԼՈՒՆ ՈՒՍԱՆՈՂԸ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ